«ԲԻԼԱՅՆԸ» ԹԱՆԿԱՑՆՈՒՄ Է


 

«ԱրմենՏել» ընկերությունը թեև չի շտապում բաժանորդներին ուղղված համապատասխան ծանուցում տարածել, սակայն նախատեսում է առաջիկայում թանկացնել գործող սակագները: Ինտերնետի մասին առայժմ ոչինչ չի նշվում, բայց բջջային կապի որոշ փաթեթների արժեքները մոտ ժամանակներում վերանայվելու են: Այստեղ նաև հետևյալ խորամանկությունն է կիրառվելու. գնաճի վերաբերյալ ուղղակիորեն ոչինչ չի ասվելու: Պարզապես բազմաթիվ սակագնային փաթեթներ արդեն ոչ թե ըստ վայրկյանների, այլ տասներորդական վայրկյանի չափով են հաշվարկվելու: Այսինքն, եթե զանգի տևողությունը կազմի 31 վայրկյան, ապա բաժանորդից գանձվելու է 40 վայրկյանի համար սահմանված գումարը: Հավելագրումներն էլ, որոնք ի սկզբանե «Բիլայն»-ից անպակաս են, գնաճից հետո նույնպես հազիվ թե վերանան:

Ի դեպ, առանց այն էլ սահմանափակ քանակությամբ մնացած բաժանորդների համբերության բաժակը բջջային կապի այս օպերատորն այնքան է լցրել, որ նույնիսկ սոցիալական ցանցերում են մեր հայրենակիցներն սկսել «ԱրմենՏելի» մասին գրել այն, ինչ մտածում են:

Ինչպես հայտնի է, ուրբաթ օրը այս ընկերության կապը դարձյալ չէր գործում, ու չնայած, բացի հայհոյանքից, սոցցանցերում մարդիկ «Բիլայնի» մասին ամեն ինչ գրեցին, այսուհանդերձ, ընկերությունը բավարարվեց միայն նման դեպքերի համար պատրաստված ու արդեն ծանոթ տեքստը տարածելով` վստահեցնելով նաև, թե պատճառված վնասն ինչ-որ կերպ փոխհատուցելու է: Բնականաբար, նման խոստումներին որևէ մեկն այլևս չի հավատում: