Նոյան տապանն Արարատի արգելված գոտում է
Աստվածաշնչյան տապանը կարող է հանգրվանած լինել Մեծ և Փոքր Արարատների միջև եղած ձորակում` կարծում է ռուս նշանավոր ալպինիստ Վլադիմիր Շատաևը, ով 11 տարի հրապուրված է խորհրդավոր նավի որոնումներով:
Ինչպես նշել է svodkΖ.net-ը` ալպինիզմի 74-ամյա վաստակավոր մարզիչն Արարատի բարձունքը հաղթահարել է բոլոր երթուղիներով: Նա հաճախ որոնումներն իրականացրել է 3800 և 4200 մետր բարձրությամբ Ախոռիի կիրճում (սարի արևելյան լանջին), որտեղ, գրավոր շատ աղբյուրների հավաստմամբ պետք է գտնվելիս լինեին հավերժական սառույցով պատված նավի բեկորները:
Անցյալ տարի օգոստոսին նա 13-րդ անգամ հասել է Արարատի գագաթ: Եվ վերելքի ընթացքում նրան ուղեկցող տեղացի քրդերը տեղեկացրել են, որ ամերիկացի մի սիրող-հնէաբան ԱՄՆ-ի կառավարությունից ու գիտական երկու ինստիտուտներից դրամաշնորհ ստանալով` Տապանը որոնում է Համբարձման գագաթին: Մասիսի գագաթներից մեկն այդպես են անվանել ռուս կազակները` երբ սարը գտնվել է Ռուսաստանի կայսրության սահմաններում:
Շատաևը, սակայն համոզված է, որ ամերիկացի որոնողը սխալ ուղու վրա է և հեգնել է.
- Ինձ թվում է, որ նրանք լավագույն դեպքում կգտնեն գերանակտորներն այն սահնակների, որոնցով կազակները սահել են Համբարձման գագաթից:
Տապանի գոյությունը հետզհետե է´լ ավելի հավատընծա է դառնում և մեծանում է այն որոնելու գայթակղությունը: XIX-XX դարերում Արարատի լանջերում բազմաթիվ արշավախմբեր են որոնումներ կատարել: Ու թեև որևէ մեկին չի հաջողվել գեթ մեկ մասունք գտնել մարդկությանը նոր ծնունդ տված Տապանի բեկորներից, այնուամենայնիվ` հետազոտողները համոզված են, որ այն կա´ և հանգրվանել է հենց Մասիսի գագաթին (կամ` լանջերին): Նրանցից շատերն էլ հավաստիացրել են, թե նշմարել են դրա մնացորդները:
Շատաևի ենթադրությունն, այնուամենայնիվ, տրամաբանական է:
Գուցե ովևէ մեկին հաջողվի ներթափանցել նրա նշած արգելված գոտին: Եվ երկու Արարատներն իրար կապող լանջն արդյո՞ք հենց այնպես է արգելված գոտի հայտարարվել:
«Մանրուք» է,
բայց հաճելի
Ֆրանսիո նորընտիր նախագահը շարունակում է հաճելիորեն զարմացնել մարդկանց` իր պահվածքով, շարքային մահկանացուին վայել կենցաղը վերնախավային շքեղություններով չփոխարինելու հաստատակամությամբ:
Ֆրանսուա Օլանդի ելակետային որոշումներից մեկն էլ անձամբ իր և ձևավորված նոր կառավարության անդամների աշխատավարձերը նվազեցնելն է: Այսուհետ Հինգերորդ հանրապետության առաջնորդն իր նախորդի 21,3 հազարի փոխարեն կստանա 14,9 հազար եվրո:
Այս որոշումը կտրուկ հակադրվում է Նիկոլա Սարկոզիի գործողություններին: 2007-ին Ելիսեյան պալատ տեղափոխվելով, Սարկոզին իսկույն բարձրացրել էր իր աշխատավարձը:
Ի դեպ, Սարկոզիի կողմնակիցներն արդեն հայտարարել են, որ ներկա կառավարությունում 14 նախարար ավելի են, քան 5 տարի առաջ իրենց կառավարությունում: Այս հայտարարությունը գուցե և ճիշտ է, բայց նախարարների քանակն անշեղորեն աճել է հենց էքս-նախագահի օրոք: BBC-ն տեղեկացրել է, որ Օլանդի նախարարական կաբինետը բաղկացած է 34 մարդուց: Ընդ որում` 3 նախարարով պակաս, քան նախագահական ընտրություններից առաջ էր:
Հետաքրքիր մի մանրամասն ևս. առաջին անգամ Ֆրանսիայի կառավարությունում կանանց ու տղամարդկանց քանակը հավասար է: