Այնուամենայնիվ նախապատրաստվում են


 

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քննարկմանն ուղարկված` 2013 թ. ռազմական ծախսերի մասին օրինագիծը նախատեսում է Իրանի դեմ պատերազմի նախապատրաստություն:

Այսպիսի նախազգուշացում է հնչեցրել Օհայո նահանգից դեմոկրատ-կոնգրեսական Դենիս Կուսինիչը: Որպես ամենամարտական լիբերալ ճանաչված այս գործիչը վճռականորեն դեմ է ուրիշ երկրների ԱՄՆ-ի ռազմական գործողություններին: Հենց նա էլ ժամանակին պնդել էր անվստահություն հայտնել Ջորջ Բուշ-կրտսերին:

- Ռազմական ծախսերի մասին օրենքի նախագիծը նախատեսում է Իրանի հետ պատերազմի նախապատրաստում: Դրանում շարադրված է քաղաքական հռչակագիր, որը ներառում է ռազմական գործողություններ:

Կոնգրեսականի հավաստմամբ` փաստաթուղթը բովանդակում է Իրանի դեմ օդից և ջրից գործողությունների համար ավիացիայի, ռազմամթերքի ու վառելիքի տեղափոխման պլանը:

Կոնգրեսականի մտահոգությունն իր իսկ երկրի համար է, և նա գտնում է, որ «Իրանի հետ պատերազմն աղետալի հետևանքներ կունենա ԱՄՆ-ի հետաքրքրությունների համար»:

Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատի` զինված ուժերի գործերով Կոմիտեի հավանությանն արժանացած օրինագծին, ապա երկրի պաշտպանական ծախսերի համար այն նախատեսում է 642 միլիարդ դոլար: Դա 1,5 միլիարդով ավելի է ընթացիկ տարվա համար հատկացումներից և 3,6 միլիարդով ավելի է` Օբամայի վարչակարգի պահանջած գումարից:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան խոստովանել էր, որ Միացյալ Նահանգներն արդեն Իրանին հրթիռային հարված հասցնելու պատրաստի ծրագիր ունի, և այդ գրոհը «հաջող է լինելու»:

Այսօր նշանակված է «վեցյակի» հերթական հանդիպումը, որը քննարկելու է իրանական միջուկային ծրագիրը: Այդ ընթացքում կողմերը պետք է փորձեն հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Ինչպես հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Ամերիկան «ավելի շուտ լավատեսորեն» է տրամադրված: Բանակցությունների արդյունքում Իրանն էլ հույս է կապում տնտեսական պատժամիջոցների մեղմացման հետ:

Պատերազմական գործողությունների հավանականությունը, փաստորեն ավելի առարկայական է դառնում: Նահանգներում նախագահի նոր ընտրություններ են, և եթե գործող նախագահը տանուլ չտա այդ պատերազմում` նրա վարկանիշը կտրուկ աճ կարձանագրի` չնայած տնտեսական դժվարությունները բնակչության դժգոհությունն են հատուցում: Դե, իսկ եթե տանուլ տա` միևնույն է` Օբամայի արարքի համար ընտրվելիք նոր նախագահը պատասխանատվություն չի կրի: