ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԻՇԵԼ


 

Հայ մեծագույն բեմադրիչ, 20-րդ դարի համաշխարհային թատրոնի նշանավոր դեմքերից մեկի` Վարդան Աճեմյանի մասին է խոսքը: Մտահոգությունը հուշեց բեմադրիչի թոռը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Աճեմյանը: 1990 թվականին Գյումրու Ասք. Մռավյանի անվան թատրոնը անվանափոխվեց, թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի առաջարկով այն կոչվեց իր ստեղծողներից մեկի անունով, ով տասը տարի ղեկավարեց մշակութային այս օջախը, մոտ 30 տարի ստեղծագործական ջերմ հարաբերություններ պահպանեց կոլեկտիվի հետ, ստեղծեց իր դարակազմիկ բեմադրությունները` 1966-1970 թվականներին նաև հանդիսանալով թատրոնի գեղարվեստական խորհրդատուն: Վարդան Աճեմյանը Գյումրիում ձևավորեց դերասանական հրաշալի սերունդ, որի շատ ներկայացուցիչներ հետագայում հանդես եկան Սունդուկյանի անվան թատրոնի բեմում: Ուրեմն, միանգամայն արդարացված էր թատրոնին Աճեմյանի անվան շնորհումը: Բայց այսօր այս թատրոնին մոտեցող որևէ մեկը չի կարող իմանալ, որ այն կրում է Վարդան Աճեմյանի անունը, քանզի Գյումրու թատրոնը միակն է ողջ հանրապետությունում, որը չունի ցուցանակ: Այսինքն` չկա մի գրություն հրապարակային ցուցադրման համար, որը հուշի, թե սա թատրոն է և կրում է Վարդան Աճեմյանի անունը: Այս բացթողման հետ համակերպվելով` անհնար է համակերպվել այն փաստի հետ, որ չկա նաև Վարդան Աճեմյանի արձանը կամ կիսանդրին: Լավ է գոնե, որ Թատերական հրապարակում տեղադրված են Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի արձանները: Անշուշտ ազգային մեծությունները, ովքեր նաև գյումրեցիներ են, միայն խորին հարգանքի են արժանի: Մանավանդ որ Իսահակյանի արձանը ստեղծվել է Նիկողայոս Նիկողոսյանի և Ջիմ Թորոսյանի կողմից` ժամանակին արժանանալով ԽՍՀՄ պետական մրցանակի: Սակայն Վարդան Աճեմյանի հանդեպ այս անտարբերությունը պարզապես անհանդուրժելի է:

Արդեն մի քանի տարի է` ստեղծվել է կիսանդրու նախագիծը, Գյումրու քաղաքապետը, ով շատ է սիրում քաղաքում արձաններ տեղադրել, խոստացել է լուծել այս հարցը: Սակայն տարիների հետ ամեն ինչ մոռացության է մատնվում` այսպես նաև չգոյացնելով Աճեմյանի հիշատակը, նրա անունը: Մեծ բեմադրիչի թոռը ցավով հիշեց նաև, որ թատրոնի ճեմասրահում կախված է «չոր վրձնով» արված մի դիմանկար, որը ցուցադրելն իսկ ամոթ է, որովհետև դա որևէ աղերս չունի Աճեմյանի և արվեստի հետ: Նա խոստացավ թատրոնին նվիրել Վարդան Աճեմյանի արժեքավոր դիմանկարներից մեկը, եթե, իհարկե, թատրոնը բարի կամք դրսևորի և ցանկություն հայտնի ունենալ նման դիմանկար:

Հիշատակի հավերժացման այլ մեթոդների դեպքում ևս Աճեմյանը մոռացվել է: Ճիշտ է, նրա անունով Գյումրիում փողոց կա, սակայն չկա հուշատախտակ այն տան պատին, որտեղ ապրել է Վարդան Աճեմյանը: Ապրել է հայ դրամատիկական արվեստում առաջինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչման արժանացած Արուս Ասրյանի հետ, ով նույնպես ահռելի վաստակ ունի այս քաղաքի թատերական կյանքում: Գուցե տեղին չէ այս մասին հիշեցնելը, սակայն տպավորությունն այնպիսին է, թե հուշատախտակների հարցում դրսևորվում է տեղային «հայրենասիրության» գավառական մոտեցում. մոռացվում են բոլոր նրանք, ովքեր ծնունդով գյումրեցիներ չեն:

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ