ՄԵՐ ՌԵԺԻՍՈՒՐԱՅԻ ԱՊՐՈՂ ԴԱՍԱԿԱՆԸ


 

- Ես երբեք կռվազան չեմ եղել, ստեղծագործական վեճերի մեջ չեմ մտել այս կամ այն ռեժիսորի հետ: Բայց ինձ շատ են նեղացրել: Չեմ ուզում անուններ տալ, որովհետև չեմ ուզում դավաճանել իմ էությանը... Ես ինձ լավ եմ զգում, որովհետև միշտ պահպանել եմ իմ ստեղծագործական անհատականությունը, չեմ փոխվել` նրանց հաղթելու կամ չհաղթելու համար: Կյանքս այդ իմաստով խաղաղ է անցել: Եթե ինչ-որ անհամաձայնություններ ու վեճեր էլ եղել են, դրանք վերաբերել են հստակ արտահայտված ստեղծագործական գործընթացին, թատերախմբի ստեղծագործական հնարավորություններին: Շատ են փորձել ինձ խեղճացնել, մղել հետին պլան: Երբ նայում եմ հետ, ինձ թվում է` իմ հոգեկան հանգստությունը սկզբնական շրջանում ավելի նորմալ էր, ավելի ճիշտ էր: Այդ տարիներին խաղաղ ստեղծագործական ընթացք ունեի: Նաև Գյումրու հանդիսատեսն էր շատ լավը, նրանց ծափահարություններով կարելի էր դատել ներկայացման հաջողության մասին: Բայց տարիների հետ ամեն բան ավելի սրվեց, Երևանում աշխատելու ժամանակ դրսից հարվածները շատ էին: Եվ հարվածողների դեմ պետք էր պայքարել: Մեկը չէր, երկուսը չէր, շատ էր դժվար: Ստեղծագործական խնդիրներ եմ ունեցել Սունդուկյան թատրոնում: Բայց ես էլի կարողացա հավատարիմ մնալ ինքս ինձ, կռվազան չդարձա` թեև պատերազմ տեսած, Հայրենական պատերազմում կռված մարդ եմ (ի դեպ, վերջերս` հաղթանակի տոնի առթիվ, Բաղրամյանի անվան մեդալի արժանացա): Այնուամենայնիվ, ինձ երջանիկ եմ համարում, որ տասնամյակներ շարունակ աշխատել եմ թատրոնում ու հիմա էլ ծառայում եմ թատրոնին` կրթելով մասնագետներ թատրոնի և կինոյի համար: Թատրոնը շատ լավ տեղ է, բայց պետք է արժևորվի նրա դերն ու նշանակությունը և´ քաղաքի, և´ թատերական կյանքի պատմության մեջ,-այսպես է մի առիթով արտահայտվել իր մասին մեր ժամանակների մեծագույն հայ բեմադրիչներից մեկը` Գրիգոր ՄԿՐՏՉՅԱՆԸ:

1960-ին ստանալով ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչումը` այդուհետև նա երբեք չի գնահատվել, չի արժանացել կոչումների ու պարգևների: Մինչդեռ հատկապես 1980-ականների սկզբներին նա համարվեց նորարարական շարժումների ոգեշնչողը, առաջիններից մեկը, ով դիմեց շեքսպիրյան բեմադրությունների մեթոդաբանական սկզբունքների վերանայմանը:  Գրիգոր Մկրտչյանի ծննդավայրը Թիֆլիսն է, որտեղ էլ ստացել է իր կրթությունը, մասնակցել Երկրորդ աշխարհամարտին: Ի սկզբանե որոշել էր բեմադրիչ դառնալ, մինչդեռ պատերազմը խառնշտեց նրա հաշիվները, պարտադրեց քայլել ռազմաճակատային «թատերաբեմում»: Պատերազմից հետո եկավ Երևան ու ընդունվեց թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին: Արվեստանոցի ղեկավարը նշանավոր պրոֆեսոր, Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադիր Լևոն Քալանթարն էր. ականավոր անհատականություն, ով եղել էր Նիկողայոս Մառի արշավախմբում, Թիֆլիսում հիմնել առաջին հայկական փորձարարական` «Որոնումների» թատրոնը: Արվեստանոց ընդունվածների թիվը մեծ չէր. Հենրիկ Մալյան, Ղազար Նազարյան, Երվանդ Մանարյան, Մերի Օհանյան, Գրիգոր Մկրտչյան… Բարեբախտաբար, այսօր շատերն ապրում են` իրենց ներկայությամբ իսկ դառնալով ժամանակների ինքնատիպ տարեգիրները: Իր ավարտական ներկայացումը Գրիգոր Մկրտչյանը կյանքի կոչեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում: Այստեղ մի կարճ շրջան աշխատելուց հետո տեղափոխվեց Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան թատրոն (այժմ` Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն), իսկ գլխավոր բեմադրիչ Արտաշես Հովսեփյանի հեռանալուց հետո ստանձնեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնը` այս շրջանում ստեղծելով մի շարք բեմադրություններ, որոնք իրենց գեղարվեստական նշանակությամբ դուրս եկան այս թատրոնի սահմաններից և դարձան երևույթներ:

Սունդուկյանի անվան թատրոնից Գրիգոր Մկրտչյանը հեռացավ` ընդամենը մեկ բեմադրություն իրականացնելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Նրա բեմադրած Դ. Պսաֆաասի «Պահանջվում է ստախոս» ներկայացումը մոտ երեսուն տարի պահպանվեց թատրոնի խաղացանկում` զարդարելով հայ մեծանուն կատակերգակ Կարպ Խաչվանքյանի դերացանկը, նոր դափնիներ բերելով նրան: Մոտ տասը բեմադրություններ անելով դրամատիկական թատրոններում և աշխատելով միայն Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` Գրիգոր Մկրտչյանը ունեցավ հրաշալի ուսանողներ: Շատերն էին զարմանում, որ նա կարողանում էր մնալ ինստիտուտի պատերի ներսում, բեմադրություններ անել ուսանողների հետ` չմղվելով դեպի մեծ բեմ: Սակայն ի վերջո  թատրոնը հաղթեց: 1977-ին նրան խնդրեցին նորից վերադառնալ Գյումրի և ղեկավարել այն թատրոնը, որն իր ստեղծագործական կենսագրության անկապտելի մասն էր դարձել: Չորս տարի աշխատեց Գյումրու թատրոնում, բեմադրեց մնայուն շատ գործեր:

1982-ին  Գրիգոր Մկրտչյանը ձեռնամուխ եղավ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի բեմադրությանը, սակայն նորից նրան խանգարեցին կուսակցական աստիճանավորները, նորից չարության ու նախանձի պատերը սկսեցին նեղել նրան: Թողեց ու հեռացավ` այլևս առմիշտ չկամենալով հանդիպել նրանց, ովքեր միշտ խանգարել են իրեն: Երևանում հիմնադրեց հեռուստաթատրոնը` որպես սեփական դերասանախումբ ունեցող կառույց: Իսկ հետո, խանդավառված Հենրիկ Իգիթյանի առաջարկությամբ, հիմնադրեց «Մետրո» թատրոնն ու… հեռացավ թատերական ինստիտուտ…  

- Հրաշալի ուսանողներ ունեմ: Տասներկու հոգի են: Բոլորին անչափ սիրում եմ, նրանք շատ կարևոր տեղ են զբաղեցնում իմ կյանքում: Մեկ-երկուսը չափազանց տաղանդավոր են:

Հասկանո՞ւմ եք, ուսանողներն իրենք պիտի իրենց ստեղծեն: Ինստիտուտը միայն կարող է օգնել, բայց չի կարող ռեժիսոր պատրաստել, եթե ինքը` ուսանողը, ոչ միայն տվյալներ չունի, այլև չի ուզում սովորել: Իսկ հայ թատրոնի զարգացումների մասին խոսելը դժվար է, որովհետև հիմա խառը վիճակ է: Ոմանք ասում են, թե թատրոնը մեռնում է: Թատրոնը երբեք չի կարող մեռնել, որովհետև թատրոնի արտահայտչամիջոցը մարդն է, մարդ-դերասանը: Քանի դեռ մարդ-դերասանը կա, թատրոնը չի մեռնի: Թատրոնը մարդու հետ ծնվել է, մարդու հետ էլ կմահանա: Բայց դժբախտությունն այն է, որ հիմա թատրոնով կապիտալ են դիզում: Ոչ թե քաղաքական, սոցիալական, բարոյական խնդիրներ են բարձրացնում, այլ ընկել են փողի հետևից: Ու դերասաններին էլ ընտրում են ոչ թե ըստ տաղանդի, այլ ըստ ֆիզիկական տվյալների, հատկապես կանանց դեպքում: Այս պատճառով էլ թատրոնը կորցնում է իր հասարակական նշանակությունը,- իր վերջին արվեստանոցի մասին ասում է Գրիգոր Մկրտչյանը: 

Հայ թատրոնի ապրող դասականը նշում է իր ծննդյան 90-ամյակը` առանց աղմուկի, առանց հանդիսավոր միջոցառումների…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ