ԵՐԳԻԾԱՆՔ

ԶԱՎԵՇՏԱՄՈԼԸ


 

Անցան զավեշտալի քսան տարիներ: Ի˜նչ տվեցին ինձ այդ տարիները… Կյանքը թալանվեց, փոխվեց: Ապրուստ էր պետք հոգալ… Մասնագիտություն էր պետք փոխել… Շատերը փորձեցին գտնել այն դրսում: Իսկ ներսում այդքան աշխատանք չկար… Եթե չես աշխատում, ուրեմն մի բանով գոնե պետք է զբաղվես, որ չլրացնես կամրջամոլների շարքերը… Չէի սիրում նարդին ու բլոթը… Բայց պետք էր անպայման մի բանով զբաղվել, «գրագետ դիվան քշել»: Աստված կա երկնքում… Ինձ ուղղորդեցին… Եվ աչքիս ընկան զավեշտները մեր քաղաքական կյանքի, հեռուստատեսություններում շատացող արհեստածին, արհեստավարժ արհեստածիծաղները… Կարծես, թե սրտիս մոտ էին… Սկսեցի գրել… Երգիծա˜նք…

Պարզվեց, որ թեմաները լիքը- լիքն են, գետակի նման հոսում են… Արդեն վերածվել է գետակը գետի… Առանց քթածակի էլ կարող ես հավաքել թեմաներ, վերնագրեր… Տարբեր թերթեր խնդրում են առանց հոնորարի տպագրել… Տպագրվիր ինչքան սիրտդ ուզո˜ւմ է: Այսպես ձեռք բերեցի «մասնագիտություն», կայացա որպես երգիծաբան… Զբաղվի˜ր որքան ուզում ես. օրական 24 ժամն էլ է քիչ: Երկրում (քաղաքներ, գյուղեր, սարեր, ձորեր…) ծով-զավեշտ է: Հսկայական պահանջարկ կա երգիծաբանների. մենք էլ կդառնանք «ձկներ» այդ ծովում, կլողանք որքա˜ն ուզենք…

Այ, հիմա են ծնվում նոր պարոնյաններն ու օտյանները… Կներեք, այս երկրին այդ անունները խորթ են… Իսկ մի ժամանակ գնում էին Լեննական` լիցքավորվելու: Այժմ է´լ իմաստ չունի այդքան հեռու գնալ: Տանը նստած էլ կարող ես լիցքավորվել… Աստված շնորհք է պարգևում, ծով-զավեշտն էլ մուսա` ոգևորություն է տալիս… Չե˜ք հավատա, բայց իմ արյան մեջ նոր էլեմենտ են հայտնաբերել` զավեշտ…

Արդեն վարժվել եմ այս կյանքին, առանց զավեշտ չեմ կարող ապրել, աղի նման անհրաժեշտություն է զավեշտն ինձ համար: Զավեշտի հետ քնում եմ, զավեշտի հետ զարթնում, զավեշտի հետ սեղան նստում, զավեշտի հետ քայլում եմ… Զավեշտն իմ ուղն ու ծուծն է: Եթե հանկարծ վերանա` ես կմեռնե˜մ…

Եվ որպեսզի չզրկվեմ իմ նոր «մասնագիտությունից», չդառնամ էս երկրի վերջին երգիծաբանը, այսուհետև միշտ պետք է գնամ ընտրությունների: Եվ ձայնս կտամ ծով-զավեշտածին կուսակցությանը… Չէ՞ որ նա է ինձ սնում… Չէ՞ որ ժողովրդական խոսքն ասում է` «Մի´ պղտորիր այն աղբյուրը, որտեղից ջուր ես խմում»:

Կարո ՍՏԱՆՈՍ