Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀՀ ՊՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԼՍԱՐԱՆԻ Բ


22 մայիսի, 2007թ. Հարգարժան պարոն դեսպան, Հարգելի հյուրեր, զինվորականներ Այսօր ուրախալի օր է մեզ համար. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդասիրական ականազերծման կենտրոնում Բրիտանական Խորհրդի Խաղաղապահ Անգլերենի ծրագրի աջակցությամբ և հովանավորությամբ կսկսի գործել անգլերեն լեզվի ուսուցման լսարան: Մենք ականատես ենք եղել խաղաղապահ անգլերենի նմանատիպ լսարանների բացմանը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, խաղաղապահ գումարտակում, ավագ սպայական դասընթացներում: Հատկանշական է, որ այդ լսարաններում անգլերեն լեզվի պատրաստություն են անցել հարյուրավոր սպաներ, որոնք այժմ հաջողությամբ հանդես են գալիս բազմազգ միջավայ րում և իրենց ներդրումն ունեն միջազգային խաղաղապահ գործընթացներում: Անգլերեն լեզվի ուսուցումը հանդիսանում է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների իրականացման գլխավոր նախապայմաններից և միջոցներից մեկը, այդ իսկ պատճառով մենք բարձր ենք գնահատում անգլերեն լեզվի լսարանների դերը ՀՀ զինված ուժերում: Սա հայ-բրիտանական արդյունավետ համագործակցության փայլուն օրինակ է: Վերջում կցանկանայի իմ շնորհակալական խոսքը հղել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Էնթոնի Քենթորին և Բրիտանական Խորհրդի Խաղաղապահ Անգլերենի ծրագրի ամբողջ անձնակազմին` հանձինս Հայաստանում Խաղաղապահ Անգլերենի ծրագրի համակարգող, պարոն Թոնի Քրոքերի: Համոզված եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Բրիտանական Խորհրդի միջև համագործակցությունը առաջիկայում էþլ ավելի կընդլայնվի և կզարգանա: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում լսարանին: Պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի դեսպանին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժիբրայիլ Բուտրոս Ժաարային: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Միքայել Հարությունյանին Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա համառոտ ներկայաց րեց Լիբանանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` Ժիբրայիլ Բուտրոս Ժաարայը նշեց, որ թեև այսօր հայ-լիբանանյան կապերը դինամիկ զարգանում են, սակայն կան չօգտագործված հնարավորություններ: Նա ընդգծեց, որ երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում էական է շփումների ակտիվացումը բոլոր մակարդակներում: Անդրադառնալով ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառում երկու երկրների փոխհարաբերությունների ներկա վիճակին` նախարար Միքայել Հարությունյանը նշեց, որ հայկական կողմը միշտ պատրաստ է խորացնելու համագործակցությունն այս ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: ՀՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էնթոնի Ջոն Ջեյմս Քենթորին: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Կողմերը փաստեցին, որ ռազմական ոլորտում վերջին տարիների ընթացքում ամրապնդվել են համագործակցության կապերը, գրանցվել է առաջընթաց: Փաստելով Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը` Էնթոնի Ջոն Ջեյմը վստահություն հայտնեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կգրանցվեն նորանոր հաջողություններ: Անդրադառնալով ՀՀ զինված ուժերի փոխգործակցությանը խաղաղարար առաքելություններում` նախարարը կարևորեց սպայական կազմի լեզվի ուսուցումը և կադրերի պատրաստումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև ականազերծման կենտրոնում` անգլերեն լեզվի ուսուցման դասարանի բացմանը, խոսեցին ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների, ԱԳԳԾ շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերի մասին: ԳՆԴԱՊԵՏ Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ ՊՆ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Ոստանիկ ԱԴՈՅԱՆԸ մասնակցել է Նոյեմբերյանի, Գորիսի, Խնձորեսկի, Գուլիբերդի, Լաչինի մարտական գործողություն ներին, պարգևատրվել է «Արիության», «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյանի» «Անդրանիկ Օզանյանի» մեդալներով, ԵԿՄ-ի «Սպարապետ Վ. Սարգսյան» շքանշանով և անձնական զենքով: - Ձեր կենսագրությանը ծանոթանալիս տեղեկացա, որ մի քանի դպրոց եք փոխել, սովորել եք Երևանում, Արթիկում, Լենինգրադում և տասնամյան ավարտել եք Գերմանիայում: - Հայրս` Վասիլ Ադոյանը, կադրային սպա էր, խորհրդային բանակի զինվորական: Երբ հայրս նոր նշանակում էր ստանում, մեր ընտանիքը հետևում էր նրան, այսինքն` փոխում էր բնակության վայրը: Մենք հաճախ հայտնվում էինք նոր քաղաքում, օտար միջավայրում, և մայրս, որ ամենից շատ էր զբաղվում իր երեք երեխաների դաստիարակությամբ, հետևողականորեն հսկում էր մեզ, ամեն ինչ անում էր, որ զերծ պահի խորթ բարքերից ու արատավոր ազդեցություններից: Չնայած իր խիստ, այսպես կոչված, ուժային մասնագիտությանը` հայրս փափուկ մարդ էր: Նա բարեսիրտ էր, ազնիվ, օգնող, շատ կարգապահ էր ու պատասխանատու: Հայրս քիչ էր լինում տանը, ու մենք միշտ կարոտում էինք նրան: Լավ աշխատող էր, մեծ հեղինակություն ուներ ու վայելում էր շրջապատի հարգանքը: Նա բազմաթիվ պատվոգրեր ու մեդալներ էր ստացել, Գերմանիայում անբասիր ծառայության համար ավտոմեքենա նվեր ստացավ: Ես շատ էի հպարտանում իմ հորով: Չեմ կարող չհիշատակել հորս հայրենասիրությունը: Նա հազվադեպ էր զրուցում ինձ հետ, բայց առիթը բաց չէր թողնում խոսելու հայրենիքի մասին, հատկապես արտասահմանում հայրս մեծ սիրով, կարոտով էր հիշում Հայաստանը: Նա ինձ սովորեցնում էր հպարտանալ հատկապես ծագումով ու հայրենիքով: Մայրս շատ ակտիվ, գործունյա, արդարամիտ կին էր, շատ համառ էր ու սկզբունքային: Նա ծագումով արևմտահայ էր ու մեզ պատմում էր հայոց անցյալի, Եղեռնի ու ինքնապաշտպանական հերոսամարտերի մասին: Մայրս խիստ կին էր, անհանդուրժող էր թերությունների հանդեպ, պատահում էր` ֆիզիկական պատիժների էր ենթարկում մեզ չարություն անելու և իր խրատները չլսելու համար: Մանկության և պատանեկության տարիներին իմ շփումները հիմնականում եղել են զինվորական խավի ու նրանց ընտանիքների հետ: Ես մեծացել եմ մի մթնոլորտում, ուր ազնվությունը, պարտաճանաչությունը, քաղաքացիական պարտքը, կարեկցանքը, նվիրումը եղել են գերակա արժեքներ: Հիշում եմ, թե ինչպես մեզ դիմավորեցին Գերմանիայում: Զինվորական ավանում ապրող տարբեր ազգերի զինվորականները իրենց ընտանիքներով հավաքվեցին, օգնեցին մեզ, կահավորեցին բնակարանը: Մենք ապրել ենք օտար միջավայրում, բայց երբեք մեզ մենակ չենք զգացել: Միշտ հարևաններով հավաքվում էինք, հյուրընկալություններ ու քեֆեր էինք կազմակերպում, զվարճանում էինք: - Ինչպիսի՞ն էիք Դուք մանկության և պատանեկության տարիներին: - Ես եղել եմ աշխույժ, եռանդուն ու աչքաբաց երեխա: Դպրոցում լավ եմ սովորել, միևնույն ժամանակ սիրել եմ դրսի կյանքը, խաղերը, շատ ընկերներ եմ ունեցել, պատահել է` հետաքրքրասիրությունս փորձանքի մեջ է գցել ինձ: Մի անգամ չգիտեմ որտեղից գտած փամփուշտը պայթեց ձեռքերիս մեջ: Զենք էի սիրում, առիթը բաց չէի թողնում զենքի հետ շփվելու: Զանազան մոռացված աղբակույտեր էի փորփրում, որ զենք գտնեմ: Մի անգամ նույնիսկ պատժվեցի զինվորական մասի հրամանատարության կողմից: - Ե՞րբ ծնվեց զինվորական դառնալու միտքը: - Ես երբեք չեմ ցանկացել զինվորական դառնալ, քանի որ մանկուց տեսել եմ, թե որքան դժվար է զինվորականի աշխատանքը: Ընտանիքս, ծնողներիս Գերմանիայում թողած մեն-մենակ եկա Մոսկվա, որ ընդունվեմ իրավաբանական ֆակուլտետ: Սակայն իրավաբան դառնալու երազանքս չիրականացավ, ու ես ճարահատյալ դիմեցի Մոսկվայի քաղպաշտպանության ուսումնարան, որը պատրաստում էր ինժեներներ, կապի և այլ զինվորական մասնագետներ: - Ի՞նչ տվեց Ձեզ զինվորական կրթությունը: - Նախ տվեց մասնագիտական գիտելիքներ, այնուհետև որոշակիորեն փոխեց իմ աշխարհընկալումը, մտածելակերպը, հղկեց բնավորությունս, արժեհամակարգս, ինձ դարձրեց ավելի շրջահայաց, պատասխանատու, սկզբունքային: Այդ ընթացքում ես ապրեցի լիարյուն կյանքով, պարբերաբար այցելեցի համերգներ, կենտրոններ, թանգարաններ: Ուսումնարանում մեզ սովորեցնում էին ամեն ինչ, սկսած տարրական շփումներից, բարեկրթության նորմերից մինչև արվեստի ընկալում, փիլիսոփայություն ու հոգեբանություն: Մի օրինակ բերեմ. ուսումնարանում կազմակերպում էին երեկոներ, հրավիրում էին քաղաքացիական բուհերի ուսանողուհիներին, որպեսզի մենք կարողանանք ճիշտ հարաբերվել աղջիկների հետ, լինենք կնամեծար, քաղաքավարի: - Խոսենք Ձեր զինվորական կենսագրությունից : - Ուսումնարանը ավարտեցի կարմիր դիպլոմով, և ինձ ուղարկեցին ծառայության Մոսկվայում: Սակայն ես հրաժարվեցի և եկա Հայաստան: Ծառայության անցա Լուսակերտի զորամասում, զինվորական կենսագրությունս սկսեցի դասակի հրամանատարից և հասա քաղվարչության պետի տեղակալի պաշտոնի և փոխգնդապետի կոչման: - Ի՞նչն է ամենակարևորը հրամանատարի աշխատանքում: - Աշխատելու ցանկությունը: Ես երեք տարի դասակի հրամանատար եմ եղել և երեք տարի շարունակ իմ դասակը գերազանց արդյունքներ է արձանագրել: Պետք չէ զինվորականի ծառայական հաջողությունները կապել առանձնակի օժտվածության հետ, անհրաժեշտ է նվիրում, աշխատասիրություն և հարգանք շրջապատի ու ենթակաների հանդեպ: Հրամանատարը պետք է այնպես անի, որ զինվորին ձեռնտու լինի լավ ծառայելը, պետք է գտնի խրախուսման մեթոդներ: Հրամանատարը պիտի առաջին հերթին ինքը հավատա այն արժեքներին ու գաղափարներին, որ քարոզում է: - Դուք ի՞նչ գաղափարներ էիք քարոզում շարքային զինվորին: - Առաջին հերթին հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն, գիտակցված հայրենասիրություն, հարգանք ծնողների, ավագների վաստակի հանդեպ, ազնվություն, գթասրտություն: Ծառայելու տարիներին ես ցանկանում էի ընդունվել զինվորական ակադեմիա, սակայն խորհրդային բանակի հրամանատարությունը նպատակահարմար չգտավ գործուղել ինձ, բայց հնարավորություն ընձեռեց ընդունվել ցանկացած քաղաքացիական բուհ: Ես ավարտեցի Բրյուսովի անվան ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: - Ե՞րբ եք ամուսնացել, քանի՞ երեխա ունեք: - Կինս` Սուսաննան, մեր ինստիտուտից էր, սակայն իրար հանդիպեցինք բոլորովին այլ միջավայրում: Ես գործուղման էի գնում Վրաստան, ապագա կինս մեկնում էր Թիֆլիս` ծնողների մոտ: Նույն վագոնում էինք: Մինչ լուսաբաց զրուցեցինք: Ինձ հիացրեց նրա բարեկրթությունը, պահվածքը, ինտելեկտը, գեղեցկությունը: Ես մեկ աղջիկ ունեմ, Ռուզաննան մորն է նման և° արտաքինով, և° բնավորությամբ, ու ես շատ ուրախ եմ դրա համար: - Ե՞րբ եք եկել Ազգային բանակ: - Հայկական բանակի կազմավորման առաջին օրվանից: Մինչ այդ աշխատել եմ Մաշտոցի, Շենգավիթի քաղպաշտպանության շտաբի պետ, այնուհետև եղել հանրապետության քաղպաշտպանության շտաբի պետի տեղակալը: Ազգային բանակում ծառայությունս սկսել եմ որպես սպա, հետո նշանակվել եմ քաղպաշտպանության զորամասի հրամանատարի տեղակալ, ղեկավարել եմ պաշտպանության նախարարության ավտոծառայությունը, 1995-ին նշանակվել եմ սպառազինության շտաբի պետի տեղակալ, իսկ 1999-ից ղեկավարում եմ ինժեներական զորքերի վարչությունը: - Ի՞նչ կարևոր խնդիրներ է լուծել ինժեներական զորքերի վարչությունը վերջին տարիներին: - Իրականացրել ենք պաշտպանական գոտու ամրաշինական աշխատանքներ, դիրքերում ծառայող զինվորների համար կառուցել ենք երկաթբետոնե կացարաններ` հողաշեն բլինդաժների փոխարեն, ճաշարաններ, կատարել ենք ականապատման ու ականազերծման աշխատանքներ և այլն: Այսօր պատրաստ ենք լուծել մեզ առաջադրվող բոլոր խնդիրները և դիմակայել ցանկացած ոտնձգության: Առաջիկա ծրագրերում կարևոր են զորքերը նոր տիպի ինժեներական տեխնիկայով ապահովելու աշխատանքները, պետք է հնարավորինս արագ ավարտենք բոլոր ամրաշինական կառույցները, հրատապ է նաև զորքերը մասնագիhտական կրթությամբ համալրելու հարցը: - Ինչո՞վ եք զբաղվում ծառայությունից դուրս, ի՞նչ հետաքրքրություններ ունեք: - Տղա թոռիկ ունեմ` Արտյոմս, չորսուկես տարեկան է: Շատ լավ թոռնիկ ունեմ, շատ հասկացող, խելացի տղա է, ուժեղ բնավորությամբ: Արդեն ընկերներ ունի, ասում է` իմ ախպերությունը: Ընկերուհիներ ունի, որոնց նվերներ է տալիս: Ասում է` զինվոր եմ դառնալու, զենք է սիրում: Կինս ու թոռս իմ ամենամոտ ընկերներն են: Սիրում եմ ժամանակ անցկացնել հատկապես թոռնիկիս հետ, կարուսել նստել, գնալ մանկական սրճարան: Ինձ դուր է գալիս, որ թոռս իսկական տղամարդ է մեծանում, ուժեղ տղա է, առատաձեռն, սիրում է մարդկանց` հարազատներին, ընկերներին, բարի է: Թոռնիկս իմ երկրորդ կյանքն է: Ինչ վերաբերում է նախասիրություններին, սիրում եմ թատրոն հաճախել, երաժշտություն լսել: Ժամանակին ջութակ նվագել եմ սովորել: Ի դեպ, կինս նույնպես ջութակի է գնացել: Նրա սերը երաժշտության հանդեպ անսահման է: Հատկապես խորհրդային տարիներին ոչ մի դասական համերգ բաց չէր թողնում, նույնիսկ կարող էր թռչել Մոսկվա, որ ունկնդրի որևէ հռչակավոր երաժշտի: Մի խոսքով, իմ ընտանիքում, իմ շուրջը նրբաճաշակ, գեղեցիկ զգացմունքներով ու նրբանկատ մարդիկ են, ում հետ ինձ երջանիկ եմ զգում: Ես շատ ընկերներ ունեմ, սիրում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ: Ընդհանրապես, ես զրուցասեր եմ, եթե զրուցակիցս բանիմաց է ու զարգացած:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ