Հավերժին ի պահ


Կյանքից հեռացավ հայ ժողովրդի արժանավոր դուստր, մեծանուն երգչուհի, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանը: Եվ կորուստն այդ մեծ վիշտ պատճառեց ոչ միայն նրան ծնած հայ ժողովրդին, այլև նրա երգարվեստի բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհում: Նրա անցած կյանքի ուղին շատ է հիշեցնում հայ ժողովրդի արևմտահայ հատվածի ճակատագիրը: Նա ծնվել է 1924 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` բանկային պաշտոնյա Միքայել Խաչատրյանի ընտանիքում, որը` չնայած իր համեստ հնարավորություններին, կարողացավ ապագա տաղանդաշատ երգչուհուն լավ կրթություն տալ: Նրան բախտ վիճակվեց ուսանելու վոկալ արվեստի այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք էին էլիզ Ֆելդմանը և Վինչենցո Կարրոն, որոնց օտար ափեր էին բերել Իտալիայի ֆաշիստական վարչակարգի հալածանքները: Անտարակույս, արդեն 20 տարեկանում Գոհար Գասպարյանը միանգամայն ձևավորված երգչուհի էր, որը, սակայն, սրտում մի մեծ իղձ ուներ` գալ Մայր Հայրենիք և ծառայել նրան: Եվ պետք է ասել, որ շնորհաշատ երգչուհուն նրա կատարողական արվեստը հիրավի մեծ հռչակ բերեց Հայաստանի Հանրապետությունում: Նա դարձավ մի տեսակ առասպել, վոկալ կատարողական արվեստի մի արտակարգ հրաշք: Հենց այդպիսին նա միանգամից ընդունվեց հայ երաժշտասերների կողմից իր առաջին իսկ ելույթից: Մեծ է եղել երգչուհու երգացանկը. Անուշի, Օլիմպիայի, Շուշանի, Կարինեի, Ռոզինայի, Նորինայի, Ջուլիետի, Մարգարիտի և այլ դերակատարումները նրան պարզապես դարձրեցին ժողովրդի սիրո և երկրպագության առարկա: Ժողովուրդը սիրեց նրա երգարվեստը: Ոչ պակաս ընդունելություն գտան երգչուհու կամերային բազում ստեղծագործությունները: Գոհար Գասպարյանի երգարվեստը ոչ միայն մեծ ճանաչում բերեց նրան ամբողջ աշխարհում, այլև բարձրացրեց նրան ծնած ժողովրդի վարկանիշը և համաշխարհային հանրության շրջանում: Հիրավի կարելի է ասել, որ նրա մեծ արվեստի շնորհիվ բազմահազար օտարազգիներ իրենց համար հայտնագործեցին թե մեր հեռավոր փոքր Հայրենիքը և թե հայ տաղանդաշատ ու աշխարհով մեկ սփռված ժողովրդին: Ավելորդ է ասել, որ երգչուհին համեստության տիպար էր և` չնայած նա երբեք չձգտեց փառքի ու մեծարանքի, սակայն կարծես թե առատաբերության եղջյուրից նրա վրա էին թափվում զանազան պարգևներն ու դափնիները, որոնք նրա հիասքանչ երգարվեստի գնահատման լավագույն արտահայտությունն էին: Այսօր մենք դեպի հավերժություն ենք ճանապարհում մեր սիրելի երգչուհուն, խոնարհվում նրա վաստակի, ծառայությունների ու հիշատակի առաջ, մի մարդու, որի երգարվեստը վաղուց արդեն իր պատվավոր տեղն է զբաղեցնում հայ մշակույթի գանձարանում, իսկ նրա անունն արդեն իսկ ոսկե տառերով գրվել է հայոց մշակույթի մեծ տարեգրության մեջ: Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս