Հետևողական են հրեաները


Սերունդները չեն ներում նախնյաց սպանդը: Ու որքան էլ հրեաների դահիճ Հիտլերի հետնորդները արդարամիտ գտնվեցին և դատապարտեցին ֆյուրերի հանցանքը, միևնույն է, անմեղ զոհերի հարազատները մյուս մեղսակիցներից էլ պահանջ ունեն: Նրանցից երեքը դատի են տվել Ֆրանսիայի երկաթուղուն, որով հրեաները համակենտ րոնացման ճամբարներ են տարվել:

Ընդդեմ Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերության (SNCF) ներկայացրած հայցով Հոլոքոստի զոհերի ժառանգները բողոքում են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կալանվածների բռնի տեղափոխության, ինչպես նաև նրանց ունեցվածքը բռնագրավելու մեջ մեղսակցության համար (տեղեկացրել է YΖhoo News-ը` վկայակոչելով AFP-ին):

Հայցը Ամերիկայի Չիկագոյի դատարան է ներկայացվել անցյալ շաբաթավերջին` Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը: Հայցվորները` ամերիկյան մի քաղաքացուհի և Ֆրանսիայի 2 քաղաքացիներ, ընկերությանը մեղավոր են համարում միջազգային իրավունքը խախտելու, մարդկության դեմ հանցագործություն կատարելու, ապօրինի հարստանալու և շահույթ կորզելու նպատակով ուրիշի սեփականությունը յուրացնելու համար (հաղորդել է ChicΖgo Tribune-ը):

Ֆրանսիական ընկերությունը գումարներ է ստացել` բռնի արտաքսումն իրականացնելու համար: Իսկ դատապարտվածներին եղջերավոր անասունների համար նախատեսված վագոններում տեղավորելուց առաջ ստիպողաբար վերցրել են նրանց ունեցած կանխիկ գումարները, արժեթղթերը, արծաթը, ոսկին, ոսկյա զարդերը, արվեստի գործերը, երաժշտական գործիքները և հագուստները: Հետագայում այդ բոլորը վաճառել են:

Ի դեպ, 1941-1944 թթ. ընթացքում Ֆրանսիայից համակենտրոնացման ճամբարներ են քշել 75 հազար հրեաների, որոնց թվում` 12 հազար երեխաներ: Ու գրեթե բոլորն էլ զոհվել են:

Իսկ SNCF-ը, որպես «մարդկության դեմ կատարված հանցագործության մասնակից», առաջին անգամ մեղավոր է ճանաչվել 2006 թ.: Այդ հայցը` 62 հազար եվրո փոխհատուցման պահանջով, ներկայացրել էր «Կանաչների» կուսակցությունից եվրոպատգամավոր Ալեն Լիպիցը, ում հայրն ու հորեղբայրն էին տուժել գերմանացիներից: