ԱՅՍՏԵՂ ԿՈՄԻՏԱՍՆ Է ԱՐԱՐԵԼ


Երևանի կենտրոնից 35կմ հեռավորության վրա, մոտ 365 քմ տարածք զբաղեցնող եռահարկ կառույցը յուրովի է մերվում պատմամշակութային գանձերով հարուստ տեղանքին: Հայաստանյան ամենախոշոր` «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի անձնական նախաձեռնությամբ, միջոցներով և ընկերական կապերով օրերս իրականանալի դարձավ «Բյուրական» արվեստի ակադեմիայի մուտքը հայաստանյան մշակութային դաշտ:

- Ես ցանկացա ինձ համար փոքր տուն գնել,- անկեղծացավ Ստեփան Ռոստոմյանը:- Քառամյա ջանքերիս շնորհիվ այժմ երբեմնի փոքրիկ հյուղակը բացվեց որպես արվեստի ակադեմիա: Չորս տարիների իմ լավագույն սիմֆոնիան է այս ակադեմիան, որը ծառայելու է մեր ժողովրդին: Երազանքս իրականություն է դառնում: Մի նոր մշակութային օջախի հիմնադիրը եղա: Օջախ, որն արվեստի սիրտ է, բաբախման տեղ է, որտեղ ոչ միայն երիտասարդները, այլ աշխարհի երաժիշտները կգտնեն իրենց տեղը: Տարաչափ սրահներում շուտով կկազմակերպվեն համերգներ, դասախոսություններ, վարպետության դասեր, մեծարման երեկոներ: Սա մի վայր է, որտեղ բաբախում է արվեստի սիրտը, հարստություն, որը պատկանում է ողջ հայությանը: Այստեղ ապրել ու աշխատել են Ալիխանյան եղբայրները, Պարիս Հերունին: Մարտիրոս Սարյանի կտավների մեծ մասը նկարվել է այստեղ: Նաև Խրիմյան Հայրիկի տունն է գտնվում հարևանությամբ: Քիչ հեռու Գևորգ 4-րդ կաթողիկոսի նստավայրն է եղել... Մի խոսքով` վայրի ընտրությունը պատահական չէ: Արվեստների կենտրոնատեղի է Բյուրականը, սրբավայր: Ամենակարևորը չմոռանամ` մեծն Կոմիտասը նույնպես ստեղծագործել է այստեղ:

Միջազգային մեծ բեմերում ծրագրված համերգաշարում «Երևանյան հեռանկարների» ներգրաված շնորհաշատ պատանի երաժիշտների կատարումներով գունեղացած բացման հանդիսանքն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գաղտնիք չէ, որ նրա բարձր հովանու ներքո են 15 տարի անընդմեջ կյանքի կոչվում Ռոստոմյանի թանկարժեք ու բարձրարվեստ երաժշտական նախագծերը: Ստեփան Ռոստոմյանը, հանդիսավոր պայմաններում ՀՀ նախագահին հանձնելով փառատոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված ոսկե մեդալը, հավատընծա դարձրեց նորաստեղծ ակադեմիայի անդամակցությունը աշխարհում գործող 10 հայտնի ակադեմիաների համադաշնությանը: Հանգամանալից ծանոթանալով փառատոնի ակադեմիայի որդեգրած մշակութային մարտավարությանը` Սերժ Սարգսյանը միանգամայն իրատեսական համարեց նորակառույց ակադեմիայի հարևանությամբ գտնվող մշակույթի տան վերափոխումը 800 մարդու համար նախատեսված համերգաս րահի:

«Բյուրական» արվեստի ակադեմիայի հիմնարկեքի իրադարձային նշանակությունը խորացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հրաշալի մենահամերգով: «Երևանյան հեռանկարների» 16-րդ մեկնարկն ազդարարեց աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, ով իր վերջին համերգի ողջ հասույթը տրամադրել էր` «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ ակադեմիայի համար բարձրակարգ ռոյալ ձեռք բերելուն:

- Ցանկանում եմ, որ այս օրինակը վարակիչ լինի,- ասաց հայ ժողովրդի մեծ բարեկամը,- քանի որ մասնավոր նախաձեռնությամբ ստեղծված ակադեմիան ավելի արժեքավոր է: Ակադեմիայի կազմակերպման հարցերով գրեթե չեմ զբաղվել, բայց վստահ եմ, որ ցանկացած մտահղացում կայացնելու համար մեծ խանդավառություն և համախոհների թիմ է պետք ձևավորել:

Բյուրականի ակադեմիայում կայացած առաջին խոշոր միջոցառումը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ համատեղ «Փառատոնային ընթերցումներ» խորագրով ապրիլյան եռօրյա դասընթացն էր: Հայ արդի մշակույթի ճանաչված գործիչների հետ անմիջական զրույցի հնարքով «Փառատոնային ընթերցումների» գլխավոր խոսնակ, Եվրոպական փառատոնային ասոցիացիայի նախկին գործադիր քարտուղար, BRUGGE 2002` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք նախագծի գլխավոր մենեջեր Հուգո Դե Գրիֆը փորձում էր ճշգրտել փառատոնային բովանդակության մասին մեր ունեցած պատկերացումները: Նրա հավաստմամբ, հեղինակավոր երաժշտական փառատոներին կից ակադեմիաների հիմնումը նորություն չէ, այլ ամբողջ աշխարհում ընդունված երևույթ: Նման ակադեմիաներ սովորաբար հիմնվում են մայրաքաղաքից դուրս` ապահովելու համար քաղաքի եռուզեռից հեռու ստեղծագործական պայմաններ: Հայտնի են Վերբիեում, Էդինբուրգում, Քրոնբերգում, Բրյուսելում և այլուր գործող ակադեմիաները, որոնց բոլորին միավորում է երիտասարդ սերնդի երաժիշտ-կատարողներին բարձրակարգ երաժշտական մասնագիտական հմտությունների փոխանցման գաղափարը` հատուկ միջավայրում: Բյուրականն էլ ունի բոլոր նպաստավոր նախադրյալներն արվեստների ակադեմիայի հիմնավայր ընտրվելու համար: Ակադեմիական այս բնակավայրում դեռևս 1947-ից է գործում աշխարհում հայտնի աստղադիտարանը: Այստեղ են գտնվում պատմության հոգևոր մի շարք արժեքավոր կոթողներ` Սբ. Հովհաննես բազիլիկ եկեղեցին, Դղերի վանքը, Կաթողիկոսական նստավայրը, Արտավազիկ եկեղեցին: Շատ հեռու չեն Ամբերդը, Ֆիզիկայի ինստիտուտը, այլ կարևոր գիտակրթական հաստատություններ:

Նելե Հերթլինգի (Գերմանիա, Բեռլինի արվեստի ակադեմիայի փոխնախագահ), Փոլ Շեֆֆերի (Հոլանդիա, Ամստերդամի և Թիլբուրգի համալսարանների եվրոպագի տության պրոֆեսոր) և Փեթեր Ինկեինի (Հունգարիա, Բուդաշետի աստղադիտարանի տնօրեն) փորձագիտական ելույթները մեջընդմիջվում էին հայաստանյան կայացած ու նորահայտ երաժշտախմբերի, անհատ կատարողների կատարումներով: Միջմշակութային այս նորաձև երկխոսության մտերմիկ մթնոլորտում հայաստանյան տասնյակ թատերական փառատոների տնօրեններ խելամիտ համարեցին այլազգի մասնագետների առաջարկը` ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար յուրացնել փոխշփման միջազգային լեզուն, սեփական փորձը հարստացնելու համար մշտապես շրջագայել աշխարհի փառատոներով և համախմբվել մեկ դրոշի ներքո: Հաջողության նախապայմանը ոչ թե մրցակցելն է, այլ միմյանց անշահախնդիր սատարելը` հանուն հասարակության բարեկրթման, հոգևոր-մշակութային ընդհանուր, համամարդկային վերելքի: Գարնանային արևով ողողված զբոսանքը, ակնահաճո համատարած ծաղկունքը խանդավառել էր գրականության, թատրոնի, կինոյի գործիչներից շատերին: Հրավիրված երաժիշտներից ոմանք խելամիտ էին գտնում բազմատասնյակ փառատոների փոխհամաձայնեցված գործունեությունը: Ենթադրում էին, որ այդպիսով միայն կարելի կլինի հաղթահարել մշակութային լայնամասշտաբ նախագծերի կղզիացած գոյատևումը: Կասկածից վեր է, որ միասնական մարտավարության մշակմամբ և կենսագործ մամբ անհամեմատ արդյունավետ կլինի բոլոր փառատոների գլխավոր առաքելության` հասարակության համընդհանուր բարեկրթման կենսագործումը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ