Ցեղասպանությունների թուրքական արմատը

Հայրենազրկվածին մեկ փոխհատուցում կա` նրա հայրենիքը

Թուրքիան ու իր ժողովուրդը նման են այն դատապարտյալին, ում ազատազրկման ժամկետի օրենքով սահմանված մասը թեպետ լրացել է, սակայն պատժի հետագա կրումից օրենքը նրան պայմանական վաղաժամկետ չի ազատում, քանի դեռ չի ընդունում կատարած արարքը և անկեղծորեն չի զղջում դրա համար:

Մինչդեռ թուրք-ազերիների կողմից հայերի ցեղասպանությունը շարունակվում է` Հրանտ Դինքի, թուրքական բանակի հայ զինվորի, Եվրոպայի սրտում քնած վիճակում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սահմռկեցուցիչ, տմարդի սպանությունների, Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների կողմից 16 տարեկան անմեղ պատանու դաժան սպանության, Սումգայիթի զազրելի օրինակներով:

Ապրիլի 24: Այս օրը լռակյաց ենք, փոխարենը խորհում ենք շատ: Մարդկության դեմ ոճիր է կատարվել, ոճրագործը հայտնի է, միայն թե չկա պատիժը. ցավալիորեն այն ուշանում է:

Ի՞նչ իմանար մորթվող հայը, որ 100 տարի հետո էլ վերածնված իր հայրենիքը թարմ ծաղիկներ է դնում ուխատեղի դարձած իր հուշակոթողին:

Ամեն մորթվողի հետ սպանվում էր մի Հայաստան: Մորթվողը արյան թավալում մեռնող հայերն էին. նրանք մեռնում էին երկրային բոլոր տեսակի մահերով:

Թե իմանային Հայաստան երկրի վերածնունդը, արյան շաղախի մեջ ըմբոստ կմեռնեին:

Ավաղ, նրանք չէին կարող գուշակել ապագա հզոր հայրենիքի գոյությունը` Հայաստան-Արցախ:

Անցյալ դարի 50-60-ական թվականներին, այսինքն` իմ սերնդակցիների մանկության տարիներին, Արցախում մեր պապերը, հայրերը, տարեցները, դպրոցում նաև մեր ուսուցիչները թաքուն, զգուշությամբ, շշուկներով, վախվորած պատմում, հասկացնում էին մեզ 1915-ին թուրքերի կողմից երեք միլիոն հայ կոտորելու, Արևմտյան Հայաստանը հայերից դատարկելու, երկրին տիրանալու մասին:

Այսօր խոսվում է միայն մեկուկես միլիոնի մասին, բայց իրո՞ք այդքան է մեր զոհերի թիվը: Տեսնես քանի՞ միլիոն կլինեինք հիմա...

Թուրքը սեփական պատմության նկատմամբ վախ չունի: Թուրքիան վաղուց է առերեսվել սեփական պատմության հետ և հպարտանում է դրանով:

Ժառանգ երիտթուրքերը հպարտանում են իրենց պապերով, նախնիներով, ինչպես չհպարտանան, հայերի պատմական երկիրը կրկնապատկեց Թուրքիայի տարածքը:

1988-ին սումգայիթյան խաժամուժը արցունքն աչքերին գոռում էր` վեր կաց Թալեաթ փաշա, հայերը կրկին գլուխ են բարձրացրել...

Հիտլերը հրեաներին իրենց հայրենիքում չէր կոտորում. տարբեր երկրներում հավաքագրում էր ու ոչնչացնում: Հիտլերի գերնպատակը հրեաների ոչնչացումն էր:

Հայերին ցեղասպան էին անում հայրենազրկման ճանապարհով:

Հայերին բնաջինջ էին անում պատմական հայրենիքում, իրենց բնօրրանում: Թուրքի գերնպատակը հայերին բնաջնջելու ճանապարհով Արևմտյան Հայաստանի տարածքին տիրանալն էր: Այդ իսկ պատճառով իրատեսական չէ, որ Թուրքիան երբևէ կընդունի ցեղասպանությունը և հայ ժողովրդից ներողություն կխնդրի: Կամ, ասենք, թուրք ժողովրդի մեջ կձևավորվի այնպիսի հասարակական կարծիք, որ կստիպի սեփական պետությանը գնալ այդ քայլին: Եվ դա այն պարզ պատճառով, որ պետությունը և ժողովուրդը մեկը մյուսով կաշկանդված են:

Որպես վերջաբան մեր քուրդ բարեկամներին կարելի է այսպես կոչել, ասենք` հույսեր մի փայփայեք` թրքական պետությունից քրդական ինքնավարություն ստանալու: Նրանք ձեզ խաբեցին 1915-ին` մեղսակից դարձնելով հայերի կոտորածներին: Եվ եթե հնում հայերին ու քրդերին էին խաբում, ապա այսօր աշխարհին են փորձում խաբել` գլխիվայր շրջելով Հայոց ցեղասպանության եղերական պատկերը:

Հայկական տարածքներում համատարած քրդերով բնակեցնելը ևս թուրքական խորամանկ ծրագրերից էր. ես համոզված եմ, որ այդ տարածքները վաղ թե ուշ իրենց օրինական տիրոջն են վերադարձվելու:

Հայոց դամբարանադաշտերի, գերեզմանների, բյուրավոր եկեղեցիների ու վանքերի, ավերված, բզկտված քաղաքների ու շեների վրա հիմնազուրկ է օտարի բույնը:

Արտակ ԴԱՎԻԴՅԱՆ

Իրավաբան,

ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Արցախ» հայրենակցական միության անդամ