ՇՌՆԴԱԼԻՑ ԱՊՏԱԿ


Հայտնի գերմանացի գրող Արմին Թ. Վեգները 1915-1917 թթ. ծառայելիս է եղել Իրաքում, Ֆոն դեր Գոլց փաշայի բանակում, որպես գերմանական թերթերի թղթակից և սանիտարական սպա: Նա ականատես է եղել Մեծ եղեռնին, տեսել է հայ տարագիրների քարավանները` անդարձ ճանապարհ կտրելիս և նկարահանել մոտ 2000 «տեսարան»: 1918 թվականին նա զորացրվել է և վերադարձել Բեռլին: 1919 թվականի հունվարին նա գրում և առանձին գրքույկով հրատարակում է իր Բաց նամակը ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին: Այդ նամակը շուտով լույս է տեսնում «Berliner TΖgeblΖtt» օրաթերթում, որից ամբողջությամբ կամ հատվածաբար արտատպում են բոլոր գերմանական ու շվեյցարական թերթերը, ապա այն թարգմանվում է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, հոլանդերեն, հայերեն և այլ լեզուներով:

1919 թվականի գարնանը Արմին Վեգները Բեռլինի «Ուրանիա» թատրոնում պետք է դասախոսություն կարդար` «Հայ ժողովրդի տարագրումը Միջագետքի անապատները» թեմայով և ցուցադրեր իր կողմից լուսանկարված Մեծ եղեռնի քստմնելի ու զարհուրելի տեսարաններն ու պատկերները:

Թուրքիայի դեսպանատունը Բեռլինում, իմանալով Արմին Վեգների կազմակերպելիք դասախոսության մասին, նախապես հրահանգում է թուրք երիտասարդներին խանգարելու այն: Վերջիններիս և նրանց գերմանացի բարեկամներին հաջողվում է ձեռք բերել մուտքի հարյուր տոմս: Ծայրից-ծայր լցված թատրոնում հնչում է Արմին Վեգների ելույթը, և նա հավաստիացնում է ունկնդիրներին, թե պատմելու է միայն այն, ինչ տեսել է, տեսածն էլ վավերացնելու է ցուցադրվող լուսանկարներով, որոնք ինքն անձամբ է նկարել: Այս նախաբանից հետո, նա ցուցադրում է օսմանյան տերության քարտեզը, որի վրա ընդգծված էին այն վայրերը, որտեղից արտաքսել էին հայ բնակիչներին` ճանապարհին շատերին կոտորելով ու առևանգելով, իսկ մնացածին տարագրել Միջագետքի անապատները` ի սով և ի մահ... Իրար հետևից լուսապաստառի վրա ցուցադր վում էին Եղեռնի զարհուրելի տեսարանները, բազմաթիվ նկարներ` մեկը մյուսից քստմնելի, մահասարսուռ...

Հանկարծ ահռելի աղմուկ բարձրացավ թատրոնում. թուրքերն ու թուրքասերները հայհոյում էին ու վարկաբեկում Վեգներին` անվանելով ստախոս, հայերի կողմից կաշառված, գերմանա-թուրքական բարեկամության թշնամի ու դավաճան: Հայերն ու մնացած գերմանացիներն աշխատում էին հակադրվել դրանց ու պաշտպան կանգնել հումանիստ քաղաքացուն և տաղանդավոր գրողին: Կրքերը խիստ բորբոքվել էին, հայհոյանքը վերջ չուներ, աղմկարարները չէին հանգստանում... Մանավանդ ակտիվ էր իր ճիչ ու աղաղակներով պրոֆ. Յ. Մարկվարտի օթյակում բազմած մի թուրք երիտասարդ, որն անընդհատ հայհոյում էր թե´ Արմին Վեգներին և թե´ «դավաճան» հայերին, իսկ ցուցադրված նկարները համարում էր հայերի կողմից կոտորված թուրք խաղաղ բնակչության դիակներ:

Մեկ էլ թատրոնում լսվեց աշխարհահռչակ գերմանացի արևելագետ, հայագետ պրոֆեսոր Յոզեֆ Մարկվարտի սաստող ձայնը, որին հետևեց մի շռնդալից ապտակ: Ապտակողը պրոֆեսորն էր: Այդ ապտակն ասես մի ազդանշան էր. թատրոնում սկսվեց մի կատարյալ տուրուդմբոց... Վրա հասավ ոստիկանությունը` կարգ հաստատելու: Շտապեցի հուզված պրոֆեսորիս օթյակ: Մի երկու րոպե անց թուրք երիտասարդի ուղեկցությամբ օթյակը մտավ ոստիկանության լեյտենանտը:

- Ես թուրք դեսպանի որդին եմ, ձերբակալեցե´ք այս գռեհիկ հային,-ասաց երիտասարդը` ակնարկելով պրոֆեսորին:

- Ես Բեռլինի համալսարանի օրդինար պրոֆեսոր Յոզեֆ Մարկվարտն եմ. կալանավորեցե´ք այս խուլիգանին:

 - Հետևեցե´ք ինձ, պարոն,-հրամայեց լեյտենանտը թուրք երիտասարդին: Հասարակության պահանջով խանգարիչները վտարվեցին թատրոնից, և դասախոսությունը շարունակվեց: Հետևյալ օրը հաշվետվություններ լույս տեսան օրաթերթերում այդ ուշագրավ դասախության մասին:

- Այժմ հասկանալի է, թե ի´նչ սոսկալի պայմաններում էին ապրում հայերը Թուրքիայում, երբ անգամ Բեռլինում թուրքերը ահաբեկում են նրանց,-գրում էր թղթակից ներից մեկը:

1919 թվականի կեսերին պրոֆ. Մարկվարտին այցելում է միջին տարիքի թխադեմ մի արևելցի. բարևում է գերմաներեն ու պրոֆեսորի հրավերով տեղ գրավում: Մարկվարտն, ըստ իր սովորության, մի քանի վայրկյանում սեղանին դարսում է իր հայագիտական ուսումնասիրությունները: Նա ոգևորված պատմում է այցելուին, թե ինչ է գրել և ինչ է գրում, բայց շուտով նկատում է, որ գերմանախոս «հայը» շատ անտարբեր է իր պատմածների նկատմամբ: Մտածում է` թերևս «հայը» կարևոր գործ ունի հետը... Քիչ անց այցելուն ասում է, որ ինքը մի քանի ձեռագիր է ուզում վաճառել, բայց գրադարանի վարչությունը ձեռագրերն ուղարկել է պրոֆ. Մարկվարտին` ի գնահատություն: Այս խոսքերի վրա մեկնում է պրոֆեսորին հասցեագրված գրադարանի վարչության գրությունը: Մարկվարտը խնդրում է ցույց տալ ձեռագրերը: Այցելուն սեղանին է դնում 4 թե 5 ձեռագիր, որոնց մեջ կային հրաշալի մանրանկարներով զարդարված երկու մագաղաթյա մատյաններ:

- Ինչո՞ւ եք վաճառում. բա ափսոս չէ՞, դրանք ձեր պապերից մնացած սրբություններ են, ո՞վ գիտե, քանի՞ հարյուր տարի սերնդից-սերունդ են անցել, մինչև հասել են ձեր ձեռքը: Խորհուրդ եմ տալիս չվաճառել, տարեք տուն, դուք էլ կկտակեք ձեր որդիներին, թո´ղ պապական սեփականությունը ձեր տոհմից դուրս չգա:

- Պրոֆեսո´ր, ես հայ չեմ. ես թուրք սպա եմ:

- Ապա որտեղի՞ց են ձեր ձեոքն ընկել այս ձեռագրերը,- հանկարծակիի գալով հարցնում է նա:

- Գիտե՞ք, պրոֆեսոր, երբ մենք գերմանական մի վաշտի հետ հարձակվեցինք Վանի մոտերքում մի գյուղաքաղաքի վրա և այնտեղից դուրս քշեցինք ռուսներին ու հայերին, զինվորները մտան տեղի վանքը և սկսեցին կողոպտել ու ոչնչացնել այն, ինչ չէին կարող իրենց հետ տանել: Ես նկատեցի գետնին թափթփած բազմաթիվ գրքեր, մի 10 գիրք վերցրի, դրանց մեծ մասն այսպես նկարազարդ էին... Սրանք բերել եմ Բեոլին, ուզում եմ վաճառել և ընտանիքիս համար գնումներ կատարել:

- Ուրեմն դուք կողոպտի՞չ եք,- ընդհատում է նրան պրոֆեսորը զայրացած,- հայերի հուշարձաններն եք կողոպտել, գողացել և ուզում եք վաճառել ու հայերի դժբախտության վրա ձեզ համար վայելուչ ու բախտավոր կյանք ստեղծե՞լ: Դուրս կորեք իմ տնից, ավազակ... Դո´ւրս, անմիջապես հեռացե´ք...

Թուրք սպան ձեռքը մեկնում է, որ ձեոագրերը վերցնի, բայց պրոֆեսորը թույլ չի տալիս, զայրացած կանչում է տնտեսուհուն, որ ոստիկաններ հրավիրի: Թուրքը տեսնելով, որ միջադեպը խորանում է և զայրացած պրոֆեսորից չի կարող վերցնել ձեռագրերը, ընկրկում է և փախչում նրա բնակարանից... Ձեռագրերը մնում են Մարկվարտի մոտ: Մի երեք շաբաթ անց նա ձեռագրերն ուղարկում է Վիեննա` Մխիթարյանների գրադարան:

Ի դեպ, հինավուրց մշակույթի տեր հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու բարյացկամությունն ընդգծելու համար Մարկվարտը հայերեն է թարգմանել իր անուն-ազ գանունը և երբեմն ստորագրել «Հովսեփ Բդեշխյան»:

Ակադեմիկոս Կ. ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

«ԹԵՐԹԻԿՆԵՐ ԻՄ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆԻՑ»

«ԷՋՄԻԱԾԻՆ» ամսագիր, ապրիլ, 1965 թ.