ՀԱՅԱՍՏԱՆ
Քո բախտն էն գլխից խաթարվել, խեղվել
Ու անիծված է եղել աշխարհում,
Հողդ քո որդոց արյամբ է հեղվել
Անցյալիդ բոլոր-բոլոր դարերում:
Կեղեքել են քեզ սելջուկ, թուրք, պարսիկ`
Մոնղոլ-թաթարի, հիբրիդ-մնացուկ.
Քանդել շեն տունդ, խոշտանգել սաստիկ,
Օջախդ դարձրել ավեր ու անձուկ:
Օրհաս ես ապրել, բայց կրկին հառնել
Մոխրակույտերի անթեղի տակից,
Անօգ ձեռքերդ երկինք կարկառել,
Զի չես ունեցել անշահ աջակից:
Ոմանք փորձել են, այն էլ` ձևական,
Ակնկալիքի համար ու շահի...
Քո գոյությունը մեծ փուշ է, ասես,
Խրված կոկորդը անգութ աշխարհի:
Բայց դիմացել ես ու գոյատևել`
Ետևում թողած ցավ ու տխրություն,
Աշխարհի խղճի նժարին դրված
Չդատափետված եղեռներգություն:
Քո հույսը միայն դո´ւ ես, իմացի´ր,
Այլք հաստի դիմաց բարակ են մանում,
Իրենց շահամետ օգուտի համար
Նույնիսկ վերքե´րդ են աճուրդի հանում:
Արդ վաստակել ես ազատությունդ,
Գիտցի´ր, ուժեղն Է լինում միշտ արդար,
Արյամբ նվաճած անկախությունդ
Պահպանի´ր հավերժ, ընդմիշտ, դարեդար...