Ֆրանսաբնակ հայուհին


Դիմանկարի փորձ

Հանգամանքների բերումով, թե՞ ճակատագրի հեգնանքով մայր հողից պոկված ու օտար ափերում հանգրվածներից մեկը: Ճակատագրի հեգնանքով, որովհետև ամեն կեղծի ու անարդարի դեմ իր անհանդուրժողականությամբ ու ըմբոստ ոգով նա ու իր նմանները թերևս շատ չարիքների առաջը կառնեին...96-ին ստիպված էր լքել անկախության փշոտ ճանապարհին կանգնած Հայաստանը: Ֆրանսիան տանիք տվեց, ու թվում էր`պատերազմի մութը, ցուրտն ու սովը ճաշակած Երևանից հետո եվրոպական կենցաղն է´լ ավելի գրավիչ ու ամեն դժվարություն մոռացության մատնող պետք է լիներ: Բայց`

- Առաջին օրվանից մեկ իղձ ունեի` չմիանալ, չմտնել գետոյի մեջ, և դրա միակ կերպը ֆրանսերեն սովորելն էր,- այսօր արդեն վարժ ֆրանսերեն խոսող Լիլիթ Սիմոնյանը հիշում է, որ գրեթե մեկ տարի պահանջվեց լեզուն սովորելու համար:

Մասնագիտությամբ բեմադրիչ ու դերասանուհի` նա իր տեղը գտավ թատրոնում: Ասում են` արվեստի մարդիկ յուրահատուկ են. տպավորվող ու հուզական:

- Չեխովի «Բալենու այգին» թատերգության հերոսներից մեկի կերպարն իր վիճակով հոգեհարազատ էր. Շարլոտը անձնագիր չուներ, ես էլ չունեի, ինչը կարելի է երկու կերպ հասկանալ` անհայրենիք, որը մեծ ողբերգություն է, կամ աշխարհաքաղաքացի...

Դերն ու իրականն ինչ-որ առումով նման էին, ու այդ նմանությունը մշտական ուղեկից դարձավ, երբևէ չլքեց: Ավելին` որոշիչ ազդեցություն ունեցավ Լիլիթի հետագա ընթացքի վրա: Թատրոնից բացի ուրիշ գրավող, ձգող մի բան էլ կար` հասարակական անցուդարձը: Ինչպես է լինում, որ մարդու մեջ համատեղվում են կողքինների համար հաճախ անհամատեղելին` արվեստագետն ու հրապարակախոսը: Հավանաբար Լիլիթի պարագայում դեր ու նշանակություն ունեցավ հայրենիքից հեռու գտնվելը: Հազարավոր կիլոմետրեր հեռու, սակայն արվեստագետին հատուկ խորաթափանցությամբ նա զգում ու կարողանում էր անսխալ վերլուծել մարդկանց հոգու խորքերում թաքնվածը, հասարակության ներսում կատարվող ալեբախումները:

- Քաղաքականությամբ հետաքրքրվել եմ միշտ, բայց գործնականում դրա մեջ մտել եմ Ֆրանսիայում` 2012-13 թվականներից, երբ թեկնածությունս առաջադրեցի,- ասում է ֆրանսաբնակ հայուհին:

Այսօր նա Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքապետարանի ավագանու անդամ է: Ալֆորվիլը Փարիզին ամենամոտ արվարձանն է, ինչպես Լիլիթն է ասում` Փարիզում փողոցը անցնում ես` արդեն այլ քաղաք է:

Թվում է` լինելով ավագանի` այլևս ուրիշ խնդիրներ պետք է զբաղեցնեն ժամանակդ, այլ հետաքրքրություններ պետք է առաջանան` հետին պլան մղելով հայրենիքդ ու նրան առնչվող հարցերը: Եվ այստեղ դատապարտելի ոչինչ չկա. երկրին, որը նեղ պահին ձեռք է մեկնել, տանիք է դարձել քեզ համար, պարտավոր ես արժանին հատուցել: Ճակատագրի բերումով հայերը հաստատվել են աշխարհի տարբեր ծագերում ու ամենուր հաջողել են` կարողացել են պահանջված լինել: Բայց Ալֆորվիլի խնդիրներին զուգահեռ արդեն քաղաքի ավագանու անդամ Լիլիթին մտահոգում է տեղի հայությունն իր կարգավիճակով:

Ֆրանսիան քաղաքակիրթ երկիր է, բոլոր ժամանակներում բարեկամաբար է վերաբերվել հայերին, ու ես կարծում եմ` հայն այդ երկրում իրեն պետք է վատ չզգա` պահպանելով իր լեզուն, գիրը, մշակույթը… Լիլիթն էլ խոսում է շատ երևանաբնակներից լավ, գրական հայերենով: Բայց հայ համայնքի մասին հարցիս պատասխանն ապշեցնում է ինձ. հայ համայնք, որպես այդպիսին, այստեղ չկա:

- Համայնքն այն է, երբ որոշակի էթնիկ խումբ հավաքվում է իր ազգային եկեղեցու, իր ազգային դպրոցի, լեզվի, մշակույթի շուրջ և պահպանում է իր տեսակը: Որպես այդպիսին` ֆրանսահայություն գոյություն չունի... Ցեղասպանությունից մազապուրծ ժողովրդի արդեն չորրորդ սերունդն է, որն արդեն ձուլվել ու դարձել է ֆրանսիացի...

Փորձում եմ «սփոփել» նրան. ասում եմ` հայերը շուտ մերվող, շուտ ձուլվող ժողովուրդ են:

- Սա մերվելու հետ կապ չունի,- ինձ ընդհատում է զրուցակցուհիս:- Շատ հաճախ այս ձուլված հայերի մեջ կան այնպիսիները, որ ցեղասպանվածի բարդույթը չունենալով` ազատ մտածող մարդիկ են, շատ ավելի առողջ են դատում, նույնիսկ օգնում Հայաստանին: Երբ հող ունես, նաև այն պահպանելու խնդիր ունես: Ոչ թե որպես աշխարհագրական հատված, այլ նաև` որպես հոգեբանական հենարան:

Սա Լիլիթի ապրելակերպն է, կյանքի, ապրելու նրա ձևակերպումը:

- Բայց ամեն տարի այդ ձուլված հայությունը Ապրիլի 24-ին գնում է թուրքական դեսպանատան առջև, 2 ժամ բղավում են` «Թուրքիա, մարդասպան»: Հետո վերադառնում են տուն և որևէ խնդիր իրենց առջև չեն դնում, թե` լավ, հիմա գործնական ինչ քայլեր ենք անում, ինչ ենք ուզում. ծրագիր չկա:

Ինքը` Լիլիթը, դժվարանում է հասկանալ` այդ ամենը լա՞վ, թե՞ վատ զգալու հետևանք է: 18 տարի Ֆրանսիայում ապրելով, ինքը նույնիսկ մեկ անգամ դրան մասնակից չի եղել.

- Իմ խնդիրը միայն պատմական արդարությունը վերականգնելը չէ, իմ խնդիրը ոչ թե սոսկ հայկականությունը պահպանելն է, այլ հայապահպանությունը ամրապնդելն է,-շեշտադրում է նա:

Շեշտադրում է ցավով ու ինչ-որ տեղ նաև զայրանում է, որ հայկականության խնդիրը ոմանք «լու-ծում» են դոլմա ուտելով, մշակույթը պահպանելու նպատակով պետությունից ստացվող մեծ-մեծ վարկերը նպատակին չծառայեցնելով: Գոյություն ունեն ազգային կառույցներ, որոնց խնդիրը պետք է լինի լրջորեն հայկական դպրոցներ բանալը, լրջորեն հայոց լեզու, հայ գրականություն ու հայոց պատմություն ուսուցանելը և լրջորեն Հայ Դատի խնդիրներով զբաղվելը:

- Իսկ այսօր «մենք չունենք գրականություն, չունենք հրատարակչություն, որովհետև բոլոր հրատարակչատները փակվեցին ժամանակին: Փակվեցին խոշոր` Մուրադ Ռաֆայելյան և այլ դպրոցները... Մի սանտիմ չգտնվեց այդ դպրոցի պահպանման համար, բայց Ալֆորվիլի խղճուկ հայկական մշակույթի տան համար 287 հազար եվրո գտնվեց... Ակամա մտածում եմ` ազգային ավանդական համարվող ՀՅԴ կուսակցությունը, որի ոլորտում է հայ մշակույթը, արդյո՞ք իսկապես մտահոգված է ազգային հարցով:

Սկայպ կոչվող սարքի միջոցով ենք հաղորդակցվում, և անգամ համակարգչի անշունչ էկրանից է զգացվում, որ Լիլիթը մտահոգված է ու զայրացած: Սփյուռքը ոչ միայն Թուրքիային կարող էր փոխհատուցման պահանջ ներկայացնել, այլև կարող էր Հայաստանի առջև խնդիր դնել և պահանջել ու օգնել, որ Հայաստանը վերջնականապես ազատագրվի: Բայց`

- Սփյուռքը հետաքրքրված է, որ Հայաստանը մնա Ռուսաստանի գաղութ, որովհետև ինքն այդ դեպքում կարող է տարաբնույթ վարկեր ստանալով, իր գոյությունը շարունակել: Անկախ, ազատ երկիր ունենալ, նշանակում է աշխատել: Իսկ ավելի հեշտ չի՞ ամեն տարի ապրլի 24-ին գնալ և գոռալ` «Թուրքիա, մարդասպան» և հետո հանգիստ ապրել ու ոչինչ չանելու համար վճարվել:

Լիլիթը չի կարողանում զսպել Հրեական համայնքի նկատմամբ տածած հարգանքը: Նրանք, ի տարբերություն մեզ, չեն խոսում իրենց լեզվով, բայց «ամեն ուրբաթ գիշեր տանը երգում են իրենց հրեական երգերը իրենց ազգային լեզվով», և ամենակարևորը` տեսնում ենք` երկիր ունեն և իրենց երկրի շահն են պաշտպանում:

Լ. Սիմոնյանը երկու որդի ունի: Ավագը` Կարենը, սովորում է երկու տարբեր բուհում` տարբեր մասնագիտություններով. տնտեսագիտություն և համաշխարհային կոմերցիա: Այդ բուհերը ուսանողներին պատրաստում են հետագայում դիվանագիտական աշխատանքի համար: Կարենը կարծես մորից ժառանգել է նրա գործնականությունը: Նա այսօրվանից մտածում է Ֆրանսիայում կարևոր հարթությունների վրա լինել և աշխատել հօգուտ Հայաստանի: Լիլիթը երջանիկ մայր է` վստահ, որ որդիները ճիշտ ուղի կընտրեն.

- Ես այդպես եմ տեսնում իմ երկու որդիների ճանապարհը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ