Ներքաղաքական տեղապտույտներ


ՀՀ վարչապետի փոփոխությունը պայմանավորված էր որոշ չափով ներքաղաքական, իսկ առավել շատ` արտաքին քաղաքականության դրդապատճառներով: Արդեն իսկ չափից ավելի ծեծված և չարչրկված թեմային անդրադառնալու փոխարեն, ավելի ճիշտ կլինի փորձել կանխատեսել, թե մոտ ապագայում ինչ է սպասվում մեր երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքում: Իհարկե, վարչապետափոխության «լույսի» ներքո:

Շատերին զարմացրեց այն հանգամանքը, որ Հ. Աբրահամյանի նշանակումից հետո էլ ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիայի մաս կազմել: Ավելին` կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալով, փաստորեն ՀՀԿ-ն մնաց մենակ և կառավարության գործունեության ամբողջ պատասխանատվությունը ընկավ իշխող կուսակցության ուսերին:

Սկզբում փորձենք հասկանալ ԲՀԿ կեցվածքը, հետո անդրադառնանք ՕԵԿ-ին ու մյուսներին:

Գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ Հ. Աբրահամյանը լրացնում է Գ. Ծառուկյան, Ռ. Քոչարյան, Վ. Պուտին «շղթան»: Զուտ մակերեսային դիտարկման դեպքում կարելի է հետևություն անել, որ ՀՀ նախագահի հետ քննարկումների և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հ. Աբրահամյանը համաձայնել է դուրս գալ վերոնշյալ օղակից: Սակայն կա ոչ պակաս հավանական տարբերակ ևս: ՀՀ նախա-գահը այդ օղակի գոյատևմանը սկզբունքորեն դեմ չի եղել, պայմանով, որ Գ. Ծառուկյանը կարևորագույն հարցերում աջակից լինի ՀՀԿ-ին: Այս պարագայում ԲՀԿ-ի կոալիցիայի մեջ չմտնելը պարզապես շախմատային հետագա քայլերի տրամաբանությունը ընդդիմադիրներին հասու չդարձնելու նպատակ է հետապնդում: Սա թերևս իշխանությունների կողմից շատ ավելի խորքային և նուրբ մարտավարության արգասիք կարելի է համարել: Ահա թե ինչու: ԲՀԿ-ն չի կորցնում հասարակության մեջ ունեցած վարկանիշը, ինչն անհամեմատ բարձր է քառյակի մյուս երեք քաղաքական ուժերի վարկանիշից: Իսկ կոալիցիայի մեջ մտնելով այն կարող էր նվազել: Իսկ դա շատ կարևոր է հասարակական տրամադրությունների վրա արդյունավետ ազդելու տեսանկյունից: Ինչու չէ, նաև քառյակին վերջնականապես «մատ» հայտարարելու առումով:

Ներկայացված երկու սցենարներից ո՞րն է ճշմարիտը` շատ-շուտով ի հայտ կգա: Հիմա ՕԵԿ-ի «մասով»:

Այս կուսակցության քաղաքական կենսագրությանը քիչ թե շատ ծանոթ որևէ մեկին Արթուր Բաղդասարյանի կայացրած որոշումը անակնկալ չի կարող թվալ: Ընդհակառակը` կատարվածը իսկ և իսկ ՕԵԿ-ի ձեռագիրն է: Կոալիցիայից դուրս գալու մասին ՕԵԿ տարածած հայտարարության մեջ դեմագոգիայից բացի, ոչ մի ուրիշ բան գտնել հնարավոր չէ: Անհամոզիչ, չհիմնավորված փաստարկների մի ամբողջ կույտ: Ուրեմն այսքան տարի այս «խեղճ» կուսակցությունը չէր կարողացել հասկանալ, որ կոալիցիոն կառավարման ձևը արդյունավետ չէ, քանզի իրենք կազմելով փոքրամասնություն` ՀՀԿ-ի որոշումների վրա ազդելու ոչ մի լծակ չունեին: Ա˜յ քեզ բան, էստեղ են ասում. «Պոզդնի՞» եք: Իսկ ոնց եղավ, որ նոր վարչապետի նշանակումից հետո իմաստնության խնձորը ընկավ ՕԵԿ-ի գլխին, ինչից էլ սթափվելով, միանգամից «հասկացան» կոալիցիայում իրենց գործունեության անարդյունավետությունը: Հանրությանը այսքան դեմագոգիկ և պարզունակ կեղծիքներ հրամցնելու փոխարեն ավելի լավ չէ՞ր լինի միանգամից ասեին այն ճշմարտությունը, ի՞նչն հասանելի է յուրաքանչյուր շարքային քաղաքացուն: Այն է, Արթուր Բաղդասարյանը խռովել է, որ իրեն վարչապետ չեն նշանակել: Բա իրեն անտեսե՞ն: Հիմա վրեժ է հանում` երևի կարծելով, թե առանց ՕԵԿ-ի ՀՀԿ-ի թթվածինը այնքան է պակասելու, որ «ուշագնաց» լինի: ՕԵԿ ղեկավարի ամբիցիոզությունը վաղուց և բոլորին հայտնի է: Նրա բյուրեղապակյա երազանքը ոչ միայն վարչապետի աթոռին բազմելն է: Դա նրա համար ընդամենը թռիչքահարթակ է, ապագա ընտրություններում նախագահի պաշտոն ձեռք գցելու համար: Տասը տարուց ավելի է, ինչ ՕԵԿ-ն իր անկրկնելի ամբոխահաճությամբ փորձում է մոլորեցնել ժողովրդի միամիտ հատվածին` ԱԺ-ում իր մշտական գոյությունը ապահովելով: Քաղաքական առուծախի մեջ ճկուն և հմուտ ՕԵԿ ղեկավարը, կոալիցիայից հերթական անգամ դուրս գալով, հույս ունի մտնել ընդդիմադիր դաշտ` օգտագործելով նույն զինանոցը` դեմագոգիան և պոպուլիզմը և 2018-ին հերթական անհավանական ցատկը կատարելու` ուղիղ դեպի նախագահական աթոռ: Դե ինչ, թող փորձի, միայն թե միամիտների քանակն է խիստ նվազել:

Մի քանի խոսք էլ ՀՅԴ մասին: Այս կուսակցությունը մշտապես փորձում է այնպիսի ուղի գտնել, որ «և´ հաճույք ստանա, և´ կույս մնա»: Կուսակցության առաջին դեմքերից մեկը` Վահան Հովհաննիսյանը, արդեն իսկ զբաղեցնում է պետական պաշտոն. դեսպան է արտերկրում: Սա էլ բավական է, որ կասկածի տակ դրվի ՀՅԴ ընդդիմադիր կեցվածքը:

Այսօրվա դրությամբ ՀՅԴ-ն ծանր երկունքից հետո որոշում կայացրեց մի որոշ ժամանակ էլ հրաժարվել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց, մինչև իշխանությունները ընդունեն յոթ կետանոց իրենց պահանջների «փաթեթը»: Բնավ էլ չի բացառվում, որ կառավարության կազմի ձևավորման գործընթացում իրենց առաջարկվող պորտֆելների քանակը բավարար համարելով, կրկին մտնեն իշխանության մեջ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին և «Ժառանգությանը», ապա էն գլխից էլ պարզ է, որ ապրիլի 28-ի ակցիան դատապարտված է ձախողման: Այնպես որ, հերթական անպտուղ ներկայացման բեմադրությունը ժողովրդի մեջ մի աննշան մասի թամաշայի առարկա կդառնա: Ինչպես միշտ` հենց այսպես էլ ապրում ենք...

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ