Ռուսաստանը գնում է «վա-բանկ»...


Իհարկե, միշտ էլ աշխարհաքաղաքական զարգացումները իրենց ազդեցությունն ու հետևանքներն են ունեցել Հայաստանի վրա: Բայց անկախացումից հետո երբեք չի ստեղծվել այսչափ վտանգավոր, անկանխատեսելի և ճակատագրական հետևանքներով հղի իրավիճակ:

Հիշենք, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ Հայաստանի առաջին հանրապետության իշխանությունները իրենց հռչակեցին «Անտանտի» դաշնակից: Թվում էր` բախտներս բերեց: «Անտանտը» հաղթեց, ստորագրվեց Սևրի պայմանագիրը: Անչափելի ծանր կորուստներից հետո, ի վերջո պետք է վերադարձվեին մեր պատմական հողերի մեծ մասը, և Արևմուտքի հովանու ներքո կունենայինք ուժեղ, անկախ ու ապահով պետություն: Սակայն ի՞նչ ստացվեց վերջնարդյունքում... Այսօր մենք ոչ միայն Ռուսաստանի «շարքային» ռազմավարական դաշնակիցն ենք, այլև Մաքսային Միություն մտնելով` հայտնվել ենք նույն գնացքում: Նույնիսկ կարելի է ասել` նույն վագոնախցում: Դեռ մինչև անցյալ սեպտեմբերը, «վթարային» իրավիճակ ստեղծվելու պարագայում «գնացքից թռչելու» ժամանակ ու հնարավորություն ունեինք, սակայն ներկայումս հավասարապես վտանգավոր է թե´ գնացքից թռչելը` «գլուխը կոտրելու» հեռանկարով, թե´ գնացքում մնալը` կրկին նույն հեռանկարով: Թվում է, թե մի տարբերակ է մնում, ապավինել ճակատագրի բարեհաճությանը:

Այն քաղաքագետները, ովքեր շարունակում են պնդել, թե դեռ հնարավորություն ունենք Մաքսային Միությունից դուրս գալու, խիստ թերագնահատում են Ռուսաստանի այն բազում լծակները, որոնք գործի դնելու դեպքում անդառնալի կորուստներ կարող ենք ունենալ: Երևի թե նրանք ռիսկի գործոնը տեսնում են միայն ԼՂՀ հիմնախնդրում: Անտեսվում են թե´ երկու միլիոնանոց սփյուռքի առկայությունը ՌԴ-ում, թե´ տնտեսական այն փակուղին, որի հիմքերը մենք մեր ձեռքով ենք ստեղծել: Անտեսում ենք` կարևոր, առանցքային ենթակառուցվածքները և ներդրումային բազան հանձնում հյուսիսային հարևանին: Հիմա արդեն ուշ է: Եթե աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունը ընթանա մեզ համար ոչ բարենպաստ հունով և Ռուսաստանն իր կայսերապաշտական նկրտումներով հայտնվի տնտեսական, քաղաքական կրախի առջև, պետք է մտածել միայն մեր կորուստները հնարավորինս նվազագույնի հասցնելու մասին, ինչը չափազանց դժվար է լինելու:

Իհարկե, վատատեսական տարբերակների կողքին կա նաև լավատեսականը: Այն է. Ռուսաստանը հերթական անգամ ջրից չոր է դուրս գալիս և Արևմուտքին ստիպում է հաշտվել նոր իրողությունների հետ: Սկսված «սառը պատերազմը» ոչ թե խորանում է, այլ աստիճանաբար մարում: Ի դեպ, Ղրիմը Ռուսաստանին միացնելու անընդու նելիության թեման Արևմուտքում այլևս շատ չեն թմբկահարում: Եվ դրա պատճառն այն է, որ ՌԴ-ն ամբողջ աշխարհին կանգնեցրեց է´լ ավելի գլոբալ խնդիրների առջև: Այն է` Ուկրաինայի մասնատումը` հարավային և արևելյան Ուկրաինան Ռուսաստանին միաց-նելու հեռանկարի վերածելով: Այս պարագայում ինքնաբերաբար Ղրիմի հարցը հետին պլան է մղվում ու առաջնային է դառնում Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի կանխումը և այդ երկիրը մասնատելու ՌԴ ծրագրի ձախողումը:

Թեև Արևմուտքը թևքերը քշտած հիմա միայն այդ ուղղությամբ է մտածում, Ուկրաինան պարտադրված գնում է զիջումների` թույլ տալով ռուսամետ տրամադրված տարածքներում հանրաքվե անցկացնել: Շախմատային լեզվով ասած, առանց «ֆիգուր» զոհաբերելու` այս երկրորդ պարտիայում նույնպես ռուսները ստանում են «դիրքային» մեծ առավելություն: Եվ թվում է, հաղթանակն ընդամենը «տեխնիկայի» հարց է: Սակայն ի տարբերություն Ղրիմի, ՌԴ այս նոր հաղթանակը Արևմուտքը ոչ մի կերպ մարսել չի կարող: Ուստի տնտեսական պատժամիջոցներից բացի, քաղաքական խիստ սանկցիաների կիրառումը կդառնա անխուսափելի: Ինչը նշանակում է Ռուսաստանի մեկուսացում ամբողջ աշխարհից:

Կդիմանա՞ արդյոք այդ մարտահրավերներին ՌԴ-ն, դժվար է ասել: Եթե չդիմանա և հայտնվի տնտեսական ու քաղաքական կրախի առջև, նույն չափով դրա դառը պտուղները բաժին է ընկնելու նաև Հայաստանին: Այս իմաստով դժվար է հասկանալ լիբերալ արժեքների նվիրյալ քաղաքագիտական-վերլուծական կազմակերպությունների հրճվանքը` Ռուսաստանի հնարավոր ֆիասկոյի առիթով: Եթե կշեռքի նժարին է հայտնվել հայրենիքիդ ճակատագիրը` անհեթեթ է խոսել Ռուսաստանի կայսերապաշտական նկրտում ների, ավտորիտար ռեժիմի, ժողովրդավարական հետընթացի և այլ «հակաիրավական» քայլերի մասին: Անհեթեթ է անսքող կողմնակալությամբ ցանկանալ, որ Արևմուտքին հաջողվի պայթեցնել արագ ընթացող ռուսական գնացքը` մոռանալով, որ նույն գնացքի մեջ է գտնվում նաև Հայաստանը: Գոնե այս պահին, ելնելով հայրենիքի շահերից, պետք է մի կողմ դրվի ռուսատյացությունը, թեկուզ դա ունենա օբյեկտիվ հենք:

Համակրենք ռուսներին, թե ոչ, ընդունելի համարենք նրա ագրեսիվ քաղաքականությունը, թե մերժելի` պետք է հիշել, որ Ռուսաստանի հզորացումից է կախված Հայաստանի ճակատագիրը:

Ա. ՀԱԿՈԲՅԱն