ՓՆՏՐԻՐ ԿՆՈՋԸ

Սեր` նաև ամուսնալուծությունից հետո


Նապոլեոն Բոնապարտին անդրադառնալիս սովորաբար հիշում ու մեծարում են նրա ռազմական տաղանդը, դատապարտում կայսերական հավակնությունները: Բայց երբեք չի ասվում, որ նրա ճակատագրի ուղեցույց աստղը կյանքի ընկերուհին` Ժոզեֆինան է եղել:

Նապոլեոնին մեծարել են ամենուր, առասպելներ հյուսել նրա մասին. նույնիսկ այն երկրներում, որոնց դեմ պայքարել է մեծն կորսիկացին: Բայց նրա` գերմարդ լինելու առասպելները հօդս են ցնդում` Մարի-Ռոզ դը Բոգարնեի հետ անակնկալ ամուսնությունից: Մարի-Ռոզին Ժոզեֆինա «կնքել» է Նապոլեոնը` կնոջ Ռոզեֆ եղբոր անվան նմանությամբ: Պատճառը կնոջ եզակի ըմբռնողականությունն էր. մինչ այդ` Բոնապարտի համար այդքան փոխըմբռնողականություն կար միայն Ժոզեֆի հետ:

Մահապատժի ենթարկված գեներալի այրի այս արիստոկրատուհին հետհեղափոխական տարիներին ոչ մի կերպ չէր հաշտվում իշխող կուսակցության հետ, որի զոհն էր եղել գեներալ ամուսինը: Նապոլեոնին ավելի ձեռնտու էր «ժողովրդի միջից» հարսնացու ընտրել, սակայն նա կամ շատ ուղղամիտ ռոմանտիկ էր, կամ առաջնորդվում էր կրքերով: Ու թե մինչ այդ բոլորը համոզված էին, թե Նապոլեոնն իր մոր` Լետիցիայի թելադրանքներով է ապրում, Մարի-Ռոզի հետ ամուսնությունը ցրեց և այդ ասեկոսեները. մայրը թույլ չէր տա այդ ընտրությունը, որովհետև կտրականապես դեմ էր երկու երեխաների մայր «տարեց կնոջ» հետ որդու միությանը:

Այդ միությանը, սակայն, նախ նախախնամության «մատն» էր խառը: Դեռևս մանուկ Մարի-Ռոզին գնչուհին թագ էր գուշակել: Իհարկե, Բոնապարտի հետ ամուսնութ յունը չի կարելի շահախնդիր հաշվարկ անվանել, որովհետև 1796 թ. ոչ մեկը չէր կարող ենթադրել, որ այդ թուլակազմ եկվորը (որը բարբառով էր խոսում և տիկին դը Բոգարնեից մեկ գլուխ ցածրահասակ էր) ապագա թագակիր է: Ժոզեֆինային էլ, երևի, կիրքն էր առաջնորդում, և շատ շուտով նա կայսրուհի դարձավ` բնակվելով նախկինում Բուրբոնների դինաստիային պատկանող պալատում: Ավաղ, նրան վիճակված չէր նոր դինաստիայի նախամայր դառնալ. որքան էլ արտաքնապես նա երիտասարդ էր, բայց տարիքը թույլ չտվեց իր կայսեր համար ժառանգորդ ծնել:

Խանդը կրծում էր Ժոզեֆինային, երբ ամուսինը դավաճանում էր: Բայց ամուսինն էլ ուզում էր ապացուցել, որ ամուլ չէ և կարող է ժառանգ ունենալ: Ու այդ ապացույցը ստացավ կոմսուհի Մարիա Վալևսկայից` լեհական արշավի ժամանակ: Իսկ դա նշանակում էր, որ պետական շահերը պահանջում են ուրիշ կին, ուրիշ կայսրուհի ընտրել` ավելի երիտասարդ, ավելի առողջ...

Ժոզեֆինայի ու Նապոլեոնի բաժանումն էլ նման չէր մյուս ամուսնալուծություններին. պաշտոնական արարողության ժամանակ նրանք երկուսն էլ արտասվում էին: Դրանից հետո էլ զույգը շարունակեց ջերմ բարեկամությունը: Նրանք միասին սկսեցին փնտրել նոր թեկնածու. նամակներ էին գրում եվրոպական պալատներին, ուսումնասիրում էին հարսնացուների նկարներն ու հաշվարկում ամենահավանական թեկնածու Հաբսբուրգի հետ Բոնապարտի միության առավելույուններն ու թերությունները: Ժոզեֆինան նույնիսկ ուրախ էր, որ Մարիա-Լուիզան, թեև երիտասարդ, բայց իր չափ գեղեցիկ չէր:

Դառնալով նախկին կին, Ժոզեֆինան շարունակեց բարեկամական հարաբերությունները Բոնապարտի հետ` ընդհուպ մինչև նրա` Էլբա աքսորվելը...

Ի ԴԵՊ. Նապոլեոնն ու Ժոզեֆինան վախճանվել են միմյանցից հեռու. կինը` շատ ավելի վաղ, Փարիզում, նախկին ամուսինը` հեռավոր աքսորավայրում: Մինչ մահկանացուն կնքելը, Բոնապարտը հասցրել էր հուշեր գրել, որոնցում հենց Ժոզեֆինային էր անվանել իր գերագույն ու միակ սերը ողջ կյանքում:

Փաստորեն, եթե չլիներ իշխանության բեռը, չլիներ «թագն ամրապնդելու» անհրաժեշտությունը, այս զույգը կապրեր երկար, երջանիկ ու միմյանցից անբաժան: Կայսրը շատ է սիրել նաև Ժոզեֆինայի առաջին ամուսնությունից ծնված երկու զավակներին` Էժենին ու Հորտեզիային, որոնց երեխաների համար հրաշալի պապիկ կլիներ: Բայց անկառավարելի ճակատագիրը Նապոլեոնի համար փառք ու պատիվ էր սահմանել, այլ ոչ` անձնական երջանկություն: