Հայաստանն այսօր և վաղը


 

Մենք շեղվել ենք 88-ին ունեցած մեր երազանքներից, և այսօրվա Հայաստանի հասարակությունն ապրում է մի համակարգում, որն իրեն սպառել է ողջ աշխարհում: Այսպիսին է ներկա իրողությունների մասին 88-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներկայում քաղաքական գործիչ Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ կարծիքը: Այդ համակարգի, դրա ծնած խնդիրների և դրանք հաղթահարելու մասին է զրույցը նրա հետ:

-Երբ շեղվում ես և սկսում գնալ սխալ ճանապարհով, ոտքդ անընդհատ կպչելու է քարին, մինչև չզգաս, որ ճանապարհդ է սխալ, պետք է փոխել: Հայաստանն առայժմ ճիշտ ճանապարհ գտնելու հարցի պատասխանի փնտրտուքի մեջ է: Կեղծ երկու պատասխաններ կան. մեկը` այս մարդիկ սխալ են, կգան ճիշտ մարդիկ և ամեն ինչ նորմալ կլինի: Երկրորդ կեղծիքը` այս համակարգը, որը մենք ընդունել ենք, Ամերիկայում լավ է գործում. ուղղակի մենք չենք կարողանում կատարյալ սարքել: Իրականում այս համակարգն Ամերիկայում արդեն մեռնում է, այս համակարգն ամբողջ աշխարհով մեկ արդեն ավարտել է իր քայլքը: Իսկ մենք փորձում ենք այդ մեռնողը ստեղծել, այդ պատճառով էլ կրկնակի անհեթեթ վիճակում ենք հայտնվել: Մեր առաջիկա խնդիրն այս երկու կեղծիքների հաղթահարումն է:

-Դուք իրո՞ք չեք հավատում, որ առաջիկա ընտրություններն արդար կլինեն, և այդպիսով Հայաստանում ինչ-որ բան կարող է փոխվել:

-Հավատի խնդիր է առաջացել: Աշխարհն առաջ շատ ավելի պարզ էր. Կար կայսրը և նրան պատկանող փողը: Նաև կար Աստվածը և կար հոգին, որը պատկանում էր Աստծուն: Ասվում էր. կայսրինը` կայսրին, Աստծունը` Աստծուն: Հիմա, դրանք նույնացել են. Աստվածը փող է, կայսրը փող է, կայսրին տրվելիքը փող է, հոգին փող է, այսինքն` ամեն ինչը փող է: Այս վիճակում տարակուսանք է առաջանում` չես կարող ասել` ինչը` ում: Այդ իմաստով, ստացվում է, որ պետք է հավատանք փողին, ծառայենք փողին: Հիմա ինչ վերաբերում է այն բանին, ինչը մենք անվանում ենք ընտրություն, սրա մեջ ընտրություն գոյություն չունի: Ասվում է` համակարգը թողնենք նույնը, ուղղակի դեկորները փոխենք, և ինչ-որ բան կփոխվի: Ոչինչ չի փոխվելու. պետք է հասկանանք: Շատ մեծ է լինելու այսպես կոչված ընտրության մեջ` արտաքին աշխարհի դերը: Այնքան անհեթեթ և կախյալ է այսօր Հայաստանի կուսակցական ներկապնակը, այնքան են ստիպված եղել գործարքների մեջ մտել: ...Երբ հենարան չես փնտրում քո ժողովրդի մեջ, դառնում ես խաղալիք դրսի ձեռքում, քանի որ փողը և փողի իրավունքը դրսից է գալիս: Ե´վ փող տպող սարքն է այնտեղ, և´ այդ փողը «վաստակելու» իրավունքը: Մարդիկ իրավունք են ստանալու սեփական ժողովրդին մասամբ թալանել, որովհետև թալանի մեծ մասով պետք է թալանի համաշխարհային թալանի համակարգը: Ընտրություն կոչվածի վեճը սրա մեջ է` ո՞վ կստանա այդ` թալանելու իրավունքը:

-Արդյո՞ք կարելի է ասել, որ այսօրվա քաղաքացիական նախաձեռնությունները Ձեր նշած` նոր, քաղաքացիական հասարակարգի սաղմերն են, և ինչո՞ւ են քաղաքական շրջանակները պնդում, թե այդ քաղաքացիական նախաձեռնությունները հովանավորվում են դրսի ուժերի կողմից:

-Ես կարծում եմ` իսկապես դրսի, բայց ոչ մեր մոլորակի, այլ այլմոլորակային ուժերի կողմից: Որովհետև մեր մոլորակի դրսի ուժերը նույնպես քիչ թե շատ փողի ուժեր են: Եթե ավելի լուրջ` ցանկացած գործի մեջ երկու, երեք «շպիոն» կա: Բոլորն աշխատում են իրենց շպիոններն ունենալ: Բայց մենք գործ ունենք հասարակական հոսանքի հետ, որտեղ 100-ավոր ազնիվ մարդիկ ինչ-որ գործ են անում: Ես առաջարկեցի կուսակցապետերին, որ փորձեն շիզոֆրենիայի շրջանակից դուրս գալ, ընտրացուցակները շպրտել ու մարտնչող երիտասարդներից մի ցուցակ կազմել, և ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի, որովհետև կհասկանան` կյանքն իսկապես ուզում են փոխել: Չհամաձայնվեցին. ո˜նց կլիներ, բա իրանց փա՞յը:

-Խնդրում եմ` ներողամիտ լինեք հարցիս համար, բայց 94-ի սկզբներին Ձեր և Վանո Սիրադեղյանի միջև ծագած բանավեճում վերջինս Ձեզ մեղադրեց Ռուսաստանի քաղաքականությունը մեզանում քարոզելու մեջ: Այսօր էլ քաղաքական շրջանակները կարծում են, որ Աշոտ Մանուչարյանը դարձյալ դրսի ուժերի քարոզիչն է: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է դրա առիթը:

-Երբ սկսում ես քարոզել աշխարհում իշխողից այլ փիլիսոփայություն` այս համակարգի բոլոր պահապանները ձգտում են չեզոքացնել քեզ: Դրա տարբեր ձևեր կան. մեկի մասին մի լուր են տարածում, մյուսի մասին մեկ ուրիշ լուր են տարածում:

-Մեր դասականները` Թումանյանը և մյուսները, մեր ապագան և զարգացումը կապում էին Արևելքի հետ: Այսօր մենք ասում ենք` կեցցե եվրաինտեգրումը: Սա նույնպե՞ս շեղում է:

-Անկասկած: Մեր ժողովուրդն ուղենիշերը կորցրել է: Եվրոպան այսօր բացարձակ շիզոֆրենիայի մեջ է. եվրոպական քաղաքակրթության հետ այսօրվա Եվրոպան կապ չունի:

-Մենք լուծում ենք համաշխարհային ընթացքից Հայաստանի հետ չմնալու խնդիրը:

-Եթե համաշխարհային ընթացքն այն է, որ մենք պետք է գնանք Աֆղանստան, Իրաք, Լիբիա և սպանենք երեխաներին, ապա կարծում եմ` ընդհանուր ոչինչ չպետք է ունենանք այդ համաշխարհային ընթացքի հետ:

-Կարո՞ղ ենք, ուժներս կհերիքի՞:

-Ամբողջ աշխարհում այս ընդվզումը կա. Նույն բանն ասում են նաև Ամերիկայում, Բեռլինում, Ֆրանսիայում: Մենք ժողովուրդների հետ խնդիր չունենք, բոլորն այս նույն խնդիրներով տառապում են: Ժողովուրդները պետք է իրար հետ խոսեն, հասկանան: Ես խոսեցի պետական գործիչների մասին: Դա առավել այլասերված մասն է: Ժողովուրդների հետ մենք պետք է հաստատենք ուղղակի հարաբերություններ` մեր և նրանց մաքուր շրջանակներով:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ