ԱՐԴՅՈ՞Ք ՎՐԻՊԱԿ


 

Ռուսաստանյան հեղինակավոր «Զոլոտայա մասկա» թատերական փառատոնի կայքում տեղադրված հաղորդագրությունն ուղղակի զարմանք էր հարուցում: Կայքը տեղեկացնում է, որ փառատոնի շրջանակներում մարտի 22-ին Մոսկվայի երիտասարդական ակադեմիական թատրոնի բեմում հանդես է գալու Երևանի երիտասարդական «Գոյ» թատրոնը, որը ներկայացնելու է «Մեղր կամ յոթ ուղերձ նահանգապետին» ստեղծագործության բեմադրությունը:

Մենք, իհարկե, արդեն տևական ժամանակ չենք ուզում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Տոնմինո Գուերայի «յոթ ուղերձը» ոչ թե նահանգապետին, այլ` քաղաքապետին է ուղղված` համարելով, որ թարգմանիչը երևի սխալ է թույլ տվել: Բայց խնդիրը քաղաքապետ-նահանգապետ բառերին չի աղերսվում: Այն առավել խորքային է և կարևոր: Բանն այն է, որ «Գոյ» երիտասարդական թատրոն Հայաստանում գոյություն չունի, քանի որ թատրոնի մուտքի մոտ մեծ-մեծ տառերով գրված է ««Գոյ» բեմարվեստի ազգային կենտրոն»: Կարծում ենք, որ կենտրոնն ու թատրոնը տարբեր բաներ են: Բայց սա էլ գլխավորը չէ: Կա շատ ավելի ցնցող մի հանգամանք, որը խոսում է կեղծիքի մասին: Հիշյալ բեմադրությունը հանդիսանում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկային ստեղծագործություն, այն բեմադրվել է պետական պատվերով, Սունդուկյանի անվան թատրոնի դերասանների ուժերով: Զանգվածային տեսարաններում միայն համագործակցել են «Գոյի» մի խումբ դերասան-դերասանուհիների հետ: Ուրեմն, «Զոլոտայա մասկա» փառատոնի «հավելվածին» մասնակցելու համար բեմադրության հեղինակ Արմեն Մազմանյանը դիմել է կեղծիքի, ակադեմիական թատրոնի բեմադրությունը ներկայացրել որպես իր գլխավորած «Գոյի» աշխատանք և ստացել փառատոնին մասնակցելու հրավեր:

Տեղյակ էինք, որ ժամանակ առաջ Արմեն Մազմանյանը «բոցաշունչ» ելույթ էր ունեցել Մոսկվայում, խոսել Հայաստանի թատերական գործիչների միության «անգործության» մասին: Նրա «ելույթն» ընդհատել էր ազգությամբ ազերի բեմադրիչ Ազեր Փաշա Նեյմաթովը` նշելով, որ իրենք շատ բարձր են գնահատում ՀԹԳՄ գործունեությունը: Եվ հենց այդ ժամանակ էլ Մազմանյանը կարողացել էր «հաջողացնել» իր բեմադրության ընդգրկումը փառատոնային հայտագրում: Եվ, քանի որ փառատոնի այդ հայտագրում երիտասարդական բեմադրություններ են, նա էլ դիմել է կեղծիքի և ակադեմիական թատրոնի բեմադրությունը հռչակել որպես իր թատրոնի բեմադրություն:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ մշակույթի նախարարության կայքում որևէ հիշատակում չկա այս բեմադրության մոսկովյան ցուցադրության մասին: Հավանաբար, նախարարությունն էլ համակարծիք չէ Մազմանյանի հետ: Ավելին, այնտեղ էլ լավ գիտեն, որ «Մեղրն» իր գեղարվեստական-ռեժիսորական լուծումների անկատարությամբ չի կարող հանդիսանալ հայ ժամանակակից թատրոնի այն ձեռքբերումներից, որի մասնակցությունը նման փառատոնին համարվեր արդարացված: Մենք միշտ զերծ ենք մնացել այս բեմադրության մասին հրապարակավ կարծիք հայտնելուց, որովհետև դրանում կա ուշագրավ մտահղացում, որն այդպես էլ ռեժիսորական-թատերային լուծում չի ստացել: Ինչ-որ չափով ընկալելով Գուերայի գեղագիտության առանձնահատկությունները, բեմադրիչն, այնուհանդերձ, չափազանց հեռացել է նրանից` չունենալով նաև գլխավոր կերպարներից մեկի գոնե միջակին մոտ դերակատար:

Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է արձագանքելու թատերական Մոսկվան այս բեմադրությանը, ինչպե՞ս է վերաբերելու այն փաստին, որ իրեն հրամցվելու է կեղծիք...

 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ