ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՐԱՆՔ


Վերջին օրերի հայտնի իրադարձությունները վկայում են, որ արմատականների վերաթարմացրած հեղափոխական կոչերն ընդամենը հանրահավաքային մարդաշատությունն ապահովելուն էին միտված, և ընդդիմությունը հերթական ընտրությունների է պատրաստվում: Այս առումով ինքնաբերաբար կողք-կողքի հայտնված ՀԱԿ¬ն ու «Ժառանգություն»¬ը առաջիկայում գուցե համագործակցության փորձեր անեն, բայց ամենայն հավանականությամբ չեն միավորվի: Այնպես ստացվեց, որ «Ժառանգության» պատգամավորների և ոստիկանության բախմամբ սկիզբ առած քաղաքական գարունը բավական հետաքրքիր զարգացում ներով է արդեն հասցրել նշանավորվել: Տեղի ունեցածը որքան էլ Կոնգրեսի ձեռագրին նմանվեր ու վերջինիս սրտով լիներ, այնուամենայնիվ, քաղաքական խանդի բռնկումն անհնար եղավ թաքցնել: Հավաստի տեղեկություններով` դեպքի երեկոյան ՀԱԿ¬ի մի խումբ երևելիները առանց նախնական պայմանավորվածության, հայտնվել են Րաֆֆի Հովհաննիսյանի գրասենյակում ու... բավական սառը ընդունելության արժանացել: Թեև արմատականների պատվիրակության կազմում Լ. Տեր¬Պետրոսյանը չի եղել, սակայն նրա կողմից վերջին հանրահավաքի օրը «Ժառանգության» հացադուլավոր առաջնորդին «անտեսելու» զարմացնող փաստը թերևս այդպես էլ չկայացած հանդիպման անուղղակի պատասխանն ու արձագանքը կարելի է համարել: Ընդհանուր առմամբ, նշված քաղուժերը երբեք էլ միմյանց հանդեպ տածած անանց նվիրվածությամբ չեն փայլել, բայց տպավորությունն այնպիսին է, թե նրանք պարտադրաբար են երբեմն¬երբեմն համագործակցության փորձեր անում... Եթե հավատանք պնդումներին, ապա երկու կողմն էլ ձգտում է չզրկվել Արևմուտքից հոսող ֆինանսներից: Այսինքն, անկախ նրանից, թե համագործակցության փորձը կողմերից ո՞րն է դրսևորում, միևնույն է, երբեմն միասնաբար ներկայանալու տեսարանները երկու կողմի համար էլ սցենարային են: Վերջին հանրահավաքում նույնպես անհաղթահարելի հեռավորությունն ու սառնությունը չկոտրեց անգամ նույն` «Ազատության» հրապարակում մեկտեղվելու փաստը: Հակառակ պարագայում էլ, իհարկե, ակնհայտ է, որ ընտրություններում հաղթելու բանալին առաջին նախագահի կամ առավել ևս «Ժառանգության» գրպանում չի հայտնվելու: Նրանց խնդիրը, ոնց որ թե` ամիսը մեկ¬երկու հանրահավաք կազմակերպելու և ընդհանուր առմամբ թեթևակիորեն լարված ֆոն ապահովելու շնորհիվ համապատասխան շրջանակներին հավատացնելն է, որ ընդդիմության պայքարը (անհրաժեշտ ֆինանսական ծախսերով հանդերձ) ոչ մի րոպե չի դադարում: