Բիզնես ¬ շորթումը` ամեն ինչից վեր


ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ավելի առարկայական պատճառներ ունի` պաշտոնը չկորցնելու համար մյուսներից ավելի շատ ջանքեր գործադրելու: Այնպես է ստացվել, որ նրա ծխախոտային և քաղցրավենիքային բիզնեսներն անմիջականորեն կախվածություն են ձեռք բերել ՊԵԿ ղեկավարի` դեռևս պահպանվող աթոռից: Բիզնեսի, քաղաքականության, պետական պաշտոնի ու քրեական պատմությունների միասնական շաղախը նախընտրած Գ. Խաչատրյանը, դեռևս ՊԵԿ շենքի աստիճաններով առաջին անգամ վեր ելնելիս, ինքն իր համար հավանաբար այդ քառամիասնության անսասանության վերաբերյալ որոշում է կայացրել ու նոր միայն գործի անցել… Քրեական պատմություններից, իհարկե, նրան մեծամասամբ հաջողվեց խուսափել` իր անձը կարևորելով ու ներկայացնելով, թե իբր ինքը շատերին է խանգարում ու այդ պատճառով է բավական հաճախ անիրավների թիրախում հայտնվում: Քաղաքականությունը ՊԵԿ ղեկավարի տարերքը չէ, բայց հարկադրաբար, թե ձև անելով` իշխանություններին իր նվիրվածությունը ցույց տալու համար արդեն քանի տարի` նա քաղաքական անցուդարձին հեռակա ու աննկատ մասնակցություն է ցուցաբերում: Դե իսկ եթե բիզնեսի ու պետական պաշտոնի մասին խոսենք, ապա դժվար է որոշակիորեն սահմանել, թե հարկայինի պետը ՊԵԿ նշվածներից հատկապես ո՞րն է նախընտրում: Իսկապես սա այն դեպքն է, երբ առաջինը լրացնում է երկրորդին (կամ` հակառակը): Նրա ունեցվածքի և կարողությունների թեման չքննարկենք. միևնույն է, անհնար է թվարկել, թե «բիզնես» կոչվածի շրջանակներում Գ. Խաչատրյանն ինչե˜ր ունի: Տարբեր ժամանակներում մեկ էլ պարզվել է, որ այս կամ այն եկամտաբեր գործի գլխին նույնպես այս պաշտոնյան է կանգնած: Այլ հարց է, որ կարողությունների անչափելի ծավալներին հակառակ` երկրի գլխավոր հարկահավաքը երբեք էլ չի փայլել հարկերը վճարելիս: Այս առումով նրա կառույցների` պետությանը կատարած վճարումները խորհրդանշականներից կարելի է համարել: Թե իշխանության նորերս ձեռնարկած բարեփոխումներն ինչ արդյունքի կհանգեցնեն, առաջիկայում կերևա: Այդուհանդերձ, սույն գործարար¬պաշտոնյայի անունը պաշտոնանկությունների շարքում պատահականորեն չի շրջանառվում: Նա, իհարկե, բիզնեսն է «նախընտրելու», քանի որ տարիների կանոնավոր շահույթը որևէ մեկը չի պատրաստվում նվազեցնել: Դիցուք, որքան էլ գլխավոր հարկահավաքը, և նույն ապրանքների արտադրությամբ զբաղվող Վարդանյանները մեղմորեն հերքեն առայժմ քողարկված, բայց առաջիկայում միգուցե պայթելիք հակամարտությունը, միևնույն է, պարզ է, որ որքան գնողունակության անկումը շարունակվի, այնքան գործարար աշխարհում սրվելու են հակասությունները: Օրինակ, նախկինում «Մենք մեր արտադրանքը չենք թանկացնելու» կարգախոսով հանդես եկող «Գրանդ Հոլդինգն» առաջինը կուլ գնաց գնաճային, ինչու չէ, նաև` Գ. Խաչատրյանի ճնշումներին և ժամանակին իրոք անփոփոխ թողած գները միանգամից բարձրացրեց: Իհարկե, Վարդանյաններն էլ չեն ցանկանում ավելորդ «կոպեկից» հրաժարվել` հանուն, ասենք, ժողովրդահաճո հայտարարությունների: Եվ ստացվում է (իսկ խոսքը միայն ծխախոտային ու քաղցրավենիքի շուկաների մասին չէ), որ առայժմ սեփական եկամուտը ցանկացած գործարարի համար ամենաանփոխարինելին է, ինչն էլ դրանց տերերին մղում է ավելի ագահաբար խժռելու շարքային քաղաքացիների վերջին գրոշները: