Հա՞ որ....


ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երբեմնի պետ Հովիկ Թամամյանը կարող է դառնալ այն բացառիկ նախկին պաշտոնյան, ով հանրապետությունը լքելուց հետո, ինչպես ոստիկանական տերմինաբանությամբ է հնչում, «բերման է ենթարկվել»: Նախորդ շաբաթ լուրեր տարածվեցին, թե չարաշահում ներ թույլ տված, պատասխանատվության ենթարկվելուց խուսափող` նախորդ տարիների մեծ ու փոքր չինովնիկների նման Թամամն էլ է ճողոպրել հանրապետությունից: Առավել զարմանալի էր, որ շատ չանցած` մեր հերոսը վերստին հայտնվեց մայրաքաղաքում` «մեկնաբանելով», թե. «ես էլ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»: Կարելի է կարծել, թե մեկնելուց առաջ Թամամի մտքովն անգամ չի անցել, թե մի քանի օր հետո ինքը ելման կետին է վերադառնալու, և մարդը հիմա էլ զարմանքից իր տեղը չի գտնում` այդպես էլ չկարողանալով հաշտվել նախորդող շաբաթների իրադարձությունների հետ: Մյուս կողմից էլ ստացվում է, որ եթե հանրապետության Նախագահն անձամբ ու հրապարակավ չմիջամտի հայրենի պաշտոնյաների մութ գործերին, ապա նրանք իրենց սև գործն ավարտելով` միշտ էլ կարող են լքել հանրապետությունը` խուսափելով պատասխանատվությունից և վայելելով զարտուղի ճանապարհներով ձեռք բերված միլիոնները: Բայց` Չարի համար թե´ վաղ, թե´ ուշ...