100 միլիոն ԱՄՆ դոլարի, Ճապոնիայի աղետի և Ռուսաստանի մասին


ՏԱՐԵԿԱՆ 5 մլն, առաջիկա 20 տարվա ընթացքում` 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում էներգետիկ ոլորտում: Այս մասին տեղեկացրեց վերջերս Մոսկվայում գտնվող` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Այն, որ Էրդողանն այս հայտարարությունը կատարեց Ռուսաստանի մայրաքաղաքում, թույլ է տալիս ենթադրել, որ Էրդողանն այդպիսով ռուսաստանյան ընկերություններին առաջարկում է օգտվել գումար աշխատելու լավ հնարավորությունից` իր երկրից էներգետիկ շինարարության պատվեր ստանալով: Իհարկե, նման շահավետ առաջարկները, սովորաբար, առանց արտաքին հարաբերություններում լուրջ քաղաքական ակնկալիքների չեն արվում: Եվ այս դեպքում նույնպես Մոսկվայում Թուրքիայի վարչապետի առաջարկն ի հավաստումն ռուս-թուրքական անկաշառ եղբայրության արտահայտություն չէր ամենևին: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասում վերջին շրջանում ամենաակտիվ ու ամենաազդեցիկ խաղացողն է, և տարածաշրջանում իր ակտիվացմանը լրջորեն խոչընդոտելու իրական հնարավորություն ունեցող երկիրն է: Ինչպես տեղեկացնում են մոսկովյան լրատվամիջոցները, Մեդվեդև- Էրդողան առանձնազրույցը պլանավորվածից երկու ժամ ավել է տևել: Սակայն Ռուսաստանի նախագահին չի հաջողվել Էրդողանին համոզել, որ Սև ծովի հատակում Թուրքիան իր շահերի տարածք համարվող հատվածում կատարի «Հարավային հոսք» գազատարի տեղադրման աշխատանքները: Եվ այժմ ռուսները դրա համար համեմատաբար էժան ձևեր են մտմտում: Մասնավորապես, չի բացառվում, որ Սև ծովի ափին կառուցվի գազը հեղուկացնող գործարան և այդ վիճակով կատարվի տեղափոխումը: Եվ, մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, այս անհամաձայնությունը ստվերել է ռուս-թուրքական բարեկամության 90-ամյակի տոնականությունը: Թերևս տեղին է հիշատակել, թե ինչպես էր Թուրքիան շահագրգռված` իր տարածքով «Նաբուկո» գազատարի անցկացման հեռանկարով: Դա հնարավորություն կստեղծեր, որպեսզի էներգիա սպառողից այդ երկիրը վերածվեր էներգափոխադրումների կարևոր հանգույցի, ինչն էլ իր հերթին աշխարհաքաղաքականության մեջ առավել կկարևորեր Անկարայի դերակատարությունը: Բայց դա Թուրքիայի չիրագործված երազանքների շարքից է: Դա հակասում էր և այժմ էլ հակասում է Ռուսաստանի շահերին: Այնուամենայնիվ, գուցե հիշյալ չիրականացած հեռանկարի ուրվականն էր պատճառը, որ Էրդողանը չանսաց Սև ծոցի հատակում «Հարավային հոսքի» խողովակների տեղադրումը սկսելու մասին Մեդվեդևի հորդորներին: Այժմ հայտնի չէ, թե Ռուսաստանն ինչպես է արձագանքել Էրդողանի առաջարկին: Սակայն հասկանալի է, որ բոլոր դեպքերում նրա և Թուրքիայի միջև «տորգը» հաջողությամբ կայանալու դեպքում կարող է մեր` հայերիս շահերի հաշվին լինել: Դժվար է ասել` 20 տարվա ընթացքում 100 միլիոն դոլարը մե՞ծ փող է, թե՞ չէ, բայց երբ խոսքը հայ ազգային շահերին է վերաբերում, ապա գումարային բոլոր խոսակցությունները մղվում են երկրորդ պլան: Իհարկե` նույնը չես ասի ռուսների, առավել ևս թուրքերի պարագայում: Նրանց դեպքում առաջնայինը սեփական երկրի շահն է, ինչը բնական է: Այդպես էր նաև 20 - ականներին, երբ Լենին - Աթաթուրք համաձայնութ յունը կայացավ հայկական տարածքների հաշվին, ինչի «քաղցրությունը» ճաշակում ենք նաև մեր օրերում: Էներգետիկ ոլորտում 100 մլն դոլարի ներդրում կատարելու մասին Էրդողանի հայտարարության հարուցած խնդիրն այն է, որ Թուրքիան, մեր անմիջական հարևանը լինելով, մեր արտադրած էլեկտրաէներգիայի իրացման ամենամեծ շուկան կարող է լինել, քանի որ այդ երկրում էլեկտրաէներգիայի մեծ պահանջարկ կա: Հիշենք, թե մի քանի տարի առաջ հայաստանյան լրատվամիջոցներում ինչ աշխուժություն էր սկսվել Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարելու հավանականության շուրջ: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն առիթը բաց չէր թողնում` մեզ աչքալուսանք տալու, թե այս կամ եկող ամիս կսկսվի Թուրքիային էլեկտրաէներգիայի մատակարա րումը: Հեռուստատեսությամբ հաճախակի ռեպորտաժներ էին ցուցադրվում արտահանող կայաններից… Արտահանումը կարող էր նպաստել, որ գազի գնման գներից անկախ, էլեկտրաէներգիայի սակագները չբարձրանային: Սակայն Թուրքիայի էներգետիկ ոլորտում 100 մլն դոլարի ներդրում կատարելու մասին Էրդողանի հայտարարութ յունը ի չիք է դարձնում մեր հարևանին էլեկտրաէներգիա վաճառելու հույսերը: Ավելին, խոսք կա, թե Անկարան մտադիր է 4 ատոմակայան կառուցել: Ըստ էության, էրդողանն իր հիշյալ հայտարարությամբ, թերևս, Ռուսաստանին առաջարկում էր մասնակցություն ունենալ դրանց կառուցմանը: Սակայն այդպիսի պայմանավորվածություն Թուրքիան ժամանակին ունեցել է նաև մշուշապատ Ալբիոնի, Ֆրանսիայի հետ: Ինչ երաշխիք, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը ևս ինչ-ինչ քաղաքական պատճառներով չի արժանանա նախորդ բախտին: Հատկապես, երբ հաշվի առնենք, որ Ռուսաստանը երբեք չի համաձայնի Հարավային Կովկասում առաջին ջութակի իր դերը կիսել Թուրքիայի հետ և կշարունակի խոչընդոտել տարածաշրջանում հաստատվելու նրա ջանքերին: Բացի այդ, ատոմակայանների կառուցման առումով այսօր առկա է շատ լուրջ խնդիր: Ճապոնիայի երկրաշարժն ու դրան հաջորդած առավել կործանարար ցունամին շարքից հանեցին աղետված այդ երկրի, թերևս, աշխարհում ամենաանվտանգի համարում ունեցող ատոմակայանները: Այսօր մարդկության առջև ծառացած հրատապ հարցն է` շարունակե՞լ օգտվել միջուկային էներգիայից, թե փնտրել այլընտրանքային աղբյուրներ: Համենայն դեպս, Գերմանիայի կանցլեր Մերկելն արդեն հայտարարել է մինչև 1980 թվականը շահագործման հանձնված ատոմակայաններից հրաժարվելու մասին: Այս պայմաններում նոր ատոմակայանների կառուցման մասին մտածելն անգամ անհեթեթություն կարող է համարվել:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ