«Քարեղեն» պատմություն վերծանող մարդը


Շուրջ 35 տարի է, ինչ Սամվել Կարապետյանը զբաղվում է հուշարձանագիտությամբ: Նա կարողանում է վերծանել «քարեղեն» պատմությունը, քանի որ ազգի կենսագրության յուրաքանչյուր պատառիկ բարձրարժեք է նրա համար, ամեն կոթողի ոչնչացում էլ ցավ է ի խորոց սրտի: Ս. Կարապետյանը ոչ միայն պատմական հուշարձանների, այլև հայրենի բնության նվիրյալ պաշտպան ու ջատագով է: - Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք հուշարձանագիտությամբ զբաղվել: - Հինգերորդ դասարանում էր, երբ առիթ եղավ մի խմբի հետ Արագած բարձրանալ: Հենց դրանից հետո էլ բնության և հայրենիքի սիրո հողի վրա «գժվեցի»: 7-8¬րդ դասարանից արդեն ինքուրույն սկսեցի արշավներ կազմակերպել: Բարձր դասարաններում հետաքրքրություն առաջացավ նաև պատմության հանդեպ: Մի դեպքից հետո առավել ամուր կապվեցի հայոց պատմությանը. օրվա դասը Սարդարապատի ճակատամարտի թեման էր: Սովորականի պես չէի սովորել, որովհետև գիտեի` «3» ստանալու համար բավական էր ասեի` «Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի օգնությամբ հաղթեց»: Ասացի, սակայն հիշում եմ` ինչպես ուսուցիչն աչքերը կլորացրեց. «Այդ անգամ ռուսները չկային: Նստիր` երկուս»: Շրջադարձային մի բան տեղի ունեցավ իմ հոգեբանության մեջ. ազատագրվեցի սովետական ստրկամտությունից, հասկացա, որ հայերը ինքնուրույն կարող են հաղթանակել: Մինչ այդ հիասթափված էի մեր պատմությունից, այն մի տեսակ խեղճ ու անճար էր ինձ թվում: Դպրոցն ավարտելուց հետո սկսեցի Ադրբեջանի տարածքում աշխատել` տվյալներ հավաքել տեղի հայկական հուշարձանների մասին, հոդվածներ տպագրել ամսագրերում, և տարիների ընթացքում կամաց¬կամաց զգացի, որ այդ ուղղությամբ ահռելի մեծ գործ ունեմ կատարելու: - Հուշարձանագիտությունն ի՞նչ է Ձեզ համար: - Հուշարձանները մեր նախնիների կողմից ավանդված հիշատակներ են: Երբ հաղորդակցվում ես դրանց հետ, նույնն է, ինչ ճշտում ես ով լինելդ, անցած ու անցնելիք ճանապարհդ: Ըստ ինձ, եթե չես իմացել` որտեղից ես եկել, հաստատ կխճճվես` ուր գնաս: Որպես արժանապատիվ քաղաքացի ապրելու համար` ճանաչողությանն առաջին տեղն եմ տալիս. դրա վրա է հիմնված ամեն ինչ: Ընկերներս, ովքեր ինձ հետ գալիս էին արշավների, այսօր էլ Հայաստանում են ապրում: Ավել հաց վաստակելու կամ գրպանում ավել փող ունենալու համար արտագաղթող ընկերներ չունեցա` նրանց հայրենաճանաչության շնորհիվ: Մի անգամ էլ փողոցում անծանոթ մեկն ինձ կանգնեցրեց. «Ձեր պատճառով 6 տարի Արցախում կռվել եմ»: Մտածում եմ` ինչո՞ւ է մեղադրում, ի՞նչ պատասխան պիտի տամ: Հետո շարունակեց. «Որի համար հպարտ եմ»,¬ ու մանրամասնեց. «1983¬ին Արցախին վերաբերող տեսաերիզ էիք բերել համալսարանի ուսանողության համար` բնություն, գյուղեր, հուշարձաններ»: Նա նաև ասաց, որ մինչ այդ Արցախի մասին ոչինչ չգիտեր, և երբ պատերազմը սկսվեց, այդ օրվա ճանաչողությամբ որոշեց գնալ¬պաշտպանել հայրենիքը: - Խնդրում եմ հոռետեսություն չհամարեք, բայց կարծեք` հայրենաճանաչության, հայրենասիրության նվազման միտում է նկատվում: - Վատ միտում կա. օրինակ Երևանում ընդամենը մի խանութ կա, որտեղ ուսապարկեր, քնապարկեր ու զբոսաշրջային այլ պարագաներ են վաճառում, այն էլ հաճախ փակ է լինում` ապակուն մի հեռախոսահամար գրված: Պիտի զանգես այդ համարով, պայմանավորվես տիրոջ հետ, որ գա բացի, մի բան գնես: Մայրաքաղաքի միակ խանութն է, ուր վաճառում են իրեր, որոնք անհրաժեշտ են հայրենիքը ճանաչել ցանկացողին: Այն երկրում, որտեղ նման ապրանքների պահանջարկ չկա` հասարակությունը հայրենասեր չէ: Մինչդեռ 7-8 որսորդական խանութ կա. մի քանի նապաստակ, եղնիկ է մնացել, դրանց վերջն էլ տանք: Սրտացավություն չկա, կարծես վարձով ապրող անհոգի կենվոր լինենք, չենք մտածում, որ մեր երեխաները, թոռները պիտի ապրեն այստեղ: Եթե մտածենք այդ մասին, մի ծառի ճյուղ անգամ չենք կոտրի: - Ինչպե՞ս պիտի վերականգնել հայրենասիրությունը: - Մի համոզման եմ եկել, որ ճանաչողությունը հայրենիքի հետ կապվածության գրավականն է. եթե չենք ճանաչում, կոչերով չենք կարող լինել հայրենասեր: Օրինակ էքսկուրսիաներ են կազմակերպում. ճանապարհին մի կես ժամով իջնում են ինչ¬որ վանքի մոտ ու հեռանում են: Սա բացարձակ անտարբերությունից, իհարկե, լավ է, բայց իմ կարծիքով` հայրենիքի կածանները պիտի տրորել, պիտի բնական աղբյուրներից ջուր խմել, գիշերն անցկացնել բնության գրկում, առավոտյան թռչունների ձայները լսել` պիտի մեր բնության շունչը զգալ…

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ