Թ Ե Ս Տ Որքա՞ն մարդամոտ եք


Եթե իսկապես ցանկանում եք ճանաչել ինքներդ Ձեզ, ուրեմն անկեղծորեն պատասխանեք հարցերին: Ոմանք նախ պատասխաններին են ծանոթանում, և իմանալով, թե ինչ միավորներ պետք է հավաքել` դրական մարդու համար, նշում են համապատասխան միավորներով պատասխանները: Մինչդեռ Ձեր պատասխանները միայն Դուք եք տեսնում. ուրեմն անկեղծ եղեք, և եթե ըստ այս թեստի` Ձեր կերպարը Ձեզ դուր չի գա, ուրեմն վերափոխվեք իրական կյանքում: 1. Գնացքի վագոնախցիկում կամ ինքնաթիռի ուղևորասրահում Դուք նախընտրում եք. ա) Ինչպես միշտ` լռել ու չառնչվել հարևանների հետ (2 միավոր), բ) առնչվել` միայն անհրաժեշտության դեպքում, բայց` դժկամությամբ (4 միավոր), գ) առանց դժվարության ծանոթանալ, զրուցել բոլորի հետ (6 միավոր), դ) սեփական նախաձեռնությամբ խոսքի բռնվել` նույնիսկ Ձեր մտածումները նրանց հետ կիսելով (8 միավոր): 2. Ընկերների, բարեկամների հետ Ձեր հարաբերությունները. ա) սակավադեպ այցելություններ` տարեկան 3-4 անգամ (2 միավոր), բ) համեմատաբար ավելի հաճախակի այցելություններ` տարեկան 5-10 անգամ (4 միավոր), գ) կանոնավոր փոխայցելություններ` ամսական 1 անգամից ավելի (6 միավոր), դ) ամենշաբաթյա կամ ավելի հաճախակի հանդիպումներ (8 միավոր): 3. Տարվա ընթացքում քանի՞ շնորհավորական բացիկ (կամ հեռախոսազանգ) եք ստանում. ա) 1-5 (2 միավոր), բ) 6-10 (4 միավոր), գ) 11-15 (6 միավոր), դ) 16-20 և ավելի (8 միավոր): 4. Եթե արդեն ավարտել եք դպրոցը կամ բուհը, Ձեր դպրոցական և ուսանողական ընկերներից քանիսի՞ ճակատագիրն է մանրամասնորեն Ձեզ հայտնի. ա) 1-3 (2 միավոր), բ) 4-10 (4 միավոր), գ) 11-15 (6 միավոր), դ) 15-20 և ավելի (8 միավոր): 5. Օրական քանի՞ րոպե եք խոսում հեռախոսով. ա) 1-3 (2 միավոր) , բ) 4-5 (4 միավոր), գ) 6-10 (6 միավոր), դ) 15 և ավելի րոպե (8 միավոր): 6. Նոր գիրք կարդալիս սովորաբար Դուք` ա) ինքներդ եք խորհրդածում ընթերցածի մասին (2 միավոր), բ) գրքի մասին Ձեզ տրված հարցերին պատասխանում եք դժկամորեն (4 միավոր), գ) հաճույքով պատասխանում եք կարդացածի մասին տրվող հարցերին (6 միավոր), դ) առանց հարցերի սպասելու, ինքներդ եք պատմում Ձեր տպավորությունը գրքից (8 միավոր): 7. Կինոնկար, ներկայացում դիտելիս կամ համերգ ունկնդրելիս, սովորաբար` ա) չեք սիրում, որ կողքից ինչ¬որ մեկը կարծիք է հայտնում (2 միավոր), բ) համբերատարորեն լսում եք. այդ կարծիքը Ձեզ հետաքրքիր է (4 միավոր), գ) երբեմն կարծիքներ եք փոխանակում ծանոթների հետ կամ բացականչություններ անում (6 միավոր), դ) դժվարանում եք ողջ ընթացքում լուռ նստել և հաճախակի կարծիք եք արտահայտում (8 միավոր): 8. Փողոցում պատահաբար ծանոթի հանդիպելիս. ա) եթե նրա հետ շտապ գործ չունեք, ապա հպանցիկ ողջունում եք ու անցնում (2 միավոր), բ) պատասխանում եք նրա ողջույնին և կարճ հարցուփորձ անում (4 միավոր), գ) չեք կարևորում, թե ձեզանից ով առաջինը կբարևի և հաճույքով հետաքրքրվում եք նորություններով (6 միավոր), դ) առաջինը Դուք եք մոտենում ու բարևում, հարցնում եք նրա մասին, հետո պատմում ձեզանից (8 միավոր): 9. Աշխատանքից տուն գալով, նախընտրում եք` ա) լռել (2 միավոր), բ) հակիրճ պատասխանել ընտանիքի անդամների հարցերին (4 միավոր), գ) հարցնել, թե ինչ նորություններ կան, բայց` անհավես, ձևականորեն (6 միավոր), դ) հետաքրքվում եք ամեն ինչով և պատմում Ձեր գործերից: Նեղսրտում եք, երբ Ձեր հարցերին կիսատ¬պռատ են պատասխանում կամ չեն հետաքրքրվում Ձեր գործերով (8 միավոր): 10. Օտար քաղաքում կամ անծանոթ թաղամասում պետք է որևէ հիմնարկ կամ շենք գտնեք: Տեղ հասնելով, սովորաբար նախընտրում եք. ա) ինքնուրույն գտնել անհրաժեշտ հասցեն` չզլանալով շրջել ու որոնել (2 միավոր), բ) անցորդների դեմքերից փորձել գուշակել, թե ով է տեղացի և դիմել նրան, իսկ չբավարարող պատասխան ստանալով` շարունակել ինքնուրույն որոնել (4 միավոր), գ) անհարմար զգալով` մոտենալ տարբեր անցորդների և խնդրել` օգնել (6 միավոր), դ) առանց անհարմար զգալու` դիմել ամենատարբեր անցորդների (8 միավոր): 11. Քաղաքում, զբոսայգում Դուք նախընտրում եք շրջել. ա) միայնակ (2 միավոր), բ) մտերիմներից մեկի ուղեկցությամբ (4 միավոր), գ) մի քանի ընկերների ու մտերիմների հետ (6 միավոր), դ) կոլեկտիվի` շատ մարդկանց հետ (8 միավոր): 12. Ծանոթի, մտերիմի հագին նոր հագուստ տեսնելով, Դուք` ա) մտքում` լռությամբ եք գնահատում այն (2 միավոր), բ) կարծիք հայտնում եք` եթե հարցնեն (4 միավոր), գ) առանց հարցնելու, ասում եք Ձեր կարծիքը (6 միավոր), դ) ոչ միայն կարծիք եք հայտնում, այլև հարցնում գինը, հետաքրքրվում եք, թե որտեղից է գնված (8 միավոր): 13. Ի՞նչ գեղարվեստական գրականություն եք կարդում. ա) նախընտրում եք կարճ բանաստեղծություններ և նովելներ (2 միավոր), բ) բանաստեղծությունների շարք, պատմվածքների ժողովածու (4 միավոր), գ) ծավալը նշանակություն չունի, միայն թե հետաքրքիր լինի (6 միավոր), դ) կարդում եք ծանրակշիռ վեպեր ու պոեմներ, որոնք արժանացել են քննադատների գնահատականին, հրատապ թեմայով են և այլն (8 միավոր): 14. Պատահաբար անծանոթ միջավայրում հայտնվելով, Դուք. ա) ծայրահեղ ճնշված եք զգում և ուզում եք հեռանալ (2 միավոր), բ) ներքուստ ուզում եք մնալ, շփվում եք ներկաների հետ, բայց` դժկամորեն (4 միավոր), գ) ուրախանում եք նոր ծանոթություններով և ակտիվորեն շփվում եք բոլորի հետ (6 միավոր), դ) անչափ ուրախանում եք, նոր ծանոթների մասին ձգտում եք մանրամասներ իմանալ ու ներկայացնել Ձեր դրական հատկանիշները (8 միավոր): 15. Եթե ստեղծագործում եք կամ օրագիր գրում, ապա` ա) Ոչ մեկին պատմել չեք սիրում Ձեր գրվածքների մասին (2 միավոր), բ) երբեմն մասամբ պատմում եք միայն նրան, ում շատ եք վստահում (4 միավոր), գ) հաճույքով կարդում եք Ձեր գրածները` եթե Ձեզ խնդրում են (6 միավոր), դ) Ձեզ հետաքրքրում է ուրիշների կարծիքը, և սեփական նախաձեռնությամբ եք կարդում բոլորի համար: Բացասական կարծիքն ու զուսպ գովեստները վշտացնում են Ձեզ (8 միավոր): 16. Եթե Ձեզ հյուրասիրում են նոր ուտեստով, և այն դուր է գալիս, ապա` ա) հաճույքով ուտում եք` առանց կարծիք հայտնելու (2 միավոր), բ) նախընտրում եք կարծիք հայտնել` եթե հարցնեն (4 միավոր), գ) առանց հարցնելու` գովում եք ուտեստը (6 միավոր), դ) ոչ միայն գովում եք, այլև հետաքրքրվում բաղադրատոմսով (8 միավոր): 17. Ընդգծեք, թե նշյալ վերնագրերից ո՞րն է լավագույնը. ա) Գժտություն (2 միավոր), բ) Հարևանների կռիվը (4 միավոր), գ) Հարևանների հիմար վեճը (6 միավոր) , դ) Թե ինչպես Իվան Իվանովիչը գժտվեց Իվան Նիկիֆորովիչի հետ (8 միավոր): 18. Եթե նկատում եք, որ Ձեր մտերիմներից մեկը չափից ավելի է շատախոսում, ապա` ա) կակնարկեք, որ դա թերություն է ու Ձեզ ջղայնացնում է (2 միավոր), բ) առանձնապես ուշադրություն չեք դարձնում ուրիշների շատախոսությանը (4 միավոր), գ) սիրում եք լսել, միայն թե այն հետաքրքիր լինի (6 միավոր), դ) ինքներդ էլ շատախոս եք և դիմացինի այդ հատկանիշից հետևություն եք անում (8 միավոր): 19. Եթե ժամացույց չունեք, ու Ձեզ հարցնում են` «Ժամը քանի՞ս է», Դուք պատասխանում եք. ա) Չգիտեմ (2 միավոր), բ) չգիտեմ, ժամացույց չունեմ, կներեք (4 միավոր), գ) սիրով կասեի, բայց ցավոք` ժամացույց չունեմ (6 միավոր), դ) մեծագույն հաճույքով կասեի, բայց իմ ժամացույցը նորոգման եմ տարել. ինձ համար էլ դժվար է, բայց ի˜նչ արած (8 միավոր): 20. Երբ Ձեզ հետաքրքիր թեմայով հրապարակային ելույթ ունեցողն (զեկուցողը, դասախոսը) արտահայտում է Ձեզ համար վիճելի, անընդունելի մտքեր, այդ դեպքում Դուք. ա) մի պահ մտածում եք հակաճառել, բայց ոչինչ չեք անում (2 միավոր), բ) ցանկանում եք ինքներդ էլ արտահայտվել, բայց զգում եք, որ իրավիճակը նպաստավոր չէ (4 միավոր), գ) Ձեր անհամաձայնությունը կարող եք հայտնել` գրության միջոցով (6 միավոր), դ) ամեն գնով հրապարակայնորեն հակաճառում եք զեկուցողին (8 միավոր): 21. Ձեզ հուզող թեմայով թերթում (ամսագրում) բանավիճային հոդված կարդալով, Դուք. ա) մտածում եք, որ կարող եք մասնակցել բանավեճին, բայց աստիճանաբար մոռանում եք Ձեր այդ ցանկությունը (2 միավոր), բ) հստակեցնում եք Ձեր հնարավոր պատասխանը, նյութեր հավաքում, սևագրում, բայց առանձնապես չեք ափսոսում` եթե ինչ¬որ բան խանգարում է մինչև վերջ գրել և ուղարկել Ձեր կարծիքը (4 միավոր), գ) գրում եք հոդված (նամակ խմբագրությանը) և ուղարկում, բայց եթե մերժեն տպագրել` սրտին մոտ չեք ընդունում (6 միավոր), դ) Ձեր արձագանքը չհրապարակելու դեպքում` նորից եք գրում, նոր տարբերակով: Հրապարակայնորեն Ձեր կարծիքն արտահայտելու դժվարությունը Ձեզ վիրավորում է (8 միավոր): 22. Նշեք Ձեր զրուցակցի` Ձեզ համար ցանկալի հատկանիշները. ա) ծայրահեղ զուսպ (2 միավոր), բ) շփվող ունակություն, բայց` հատկապես Ձեզ հետ (4 միավոր), գ) նկատելի զրուցասիրություն (մարդամոտություն) (6 միավոր), դ) անսահմանափակ (բոլորի հետ) շփվողականություն (8 միավոր): 23. Գնահատեք ինքներդ Ձեզ` նշելով Ձեր շփողունակության (մարդամոտության) մակարդակն` ըստ Ձեզ: ա) ցածր (2 միավոր), բ) միջինին մոտ (4 միավոր), գ) բավական բարձր (6 միավոր), դ) բարձր` առավելագույնին մոտ (8 միավոր): ՀԱՇՎԵՔ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ Հաշվեք 1-22¬րդ հարցերի միավորները: Եթե հավաքել եք` 44-69 ՄԻԱՎՈՐ. Հարկավոր է սովորել ակտիվ շփվել մարդկանց հետ, այլապես Ձեր անհաշտ, անհաղորդ բնավորությունը կխանգարի (և արդե´ն խանգարում է) Ձեզ ու շրջապատին` անկաշկանդ հարաբերվելու: Ձեզ ստիպեք աստիճանաբար շփվել մարդկանց հետ և ցավագին մի ընդունեք` եթե միանգամից չհաջողվի: Հիշեք, որ Ձեր ներքին կաշկանդվածությունն ավելի շատ Դուք եք զգում և ձգտեք այնպես անել, որպեսզի ուրիշները դա չզգան: Ընդօրինակեք նրանց, ում պահվածքը Ձեզ դուր է գալիս և ում ակտիվությունը կուզենայիք ինքներդ ունենալ: 70-124 ՄԻԱՎՈՐ. Դուք նույնպես գիտակցորեն պետք է ակտիվացնեք Ձեր շփումները, բայց ոչ այնքան` մյուս ծայրահեղության մեջ չհայտնվելու համար: Պարզապես մի´ զլացեք` մարդկանց հետ ճիշտ հարաբերվել և մի մտածեք, թե շրջապատի կարծիքը Ձեր մասին ու Ձեր վերաբերմունքը շրջապատի հանդեպ` ոչ մի նշանակություն չունեն: 125-160 ՄԻԱՎՈՐ. Կարելի է շնորհավորել. Ձեր հավաքած միավորները դրականորեն են բնութագրում Ձեզ: Տիրապետում եք ակտիվ հարաբերվելու արվեստին: Ցանկացած միջավայրում լավագույնս ներկայանալու և ամենուր լավ բարեկամներ գտնելու բոլոր հնարավորություններն ունեք: Մարդկային Ձեր տեսակը համարվում է հաղորդակցվելու դասական տեսակ: 161-176 ՄԻԱՎՈՐ. Մարդկանց հետ հարաբերվելիս Դուք պետք է հետևեք Ձեր վարքագծին` փորձեք զսպել Ձեզ և ուշադիր հետևել շրջապատողների վերաբերմունքին: Բարեկիրթ մարդկանց շրջապատում, իհարկե, Ձեզ չեն նեղացնի, բայց նաև կարող են խուսափել Ձեզ հետ առնչություններից: Եթե բոլոր հարցերին Ձեր պատասխանները համընկնում են ա) կետի հետ (այսինքն 44 միավոր), ապա մարդկանց հետ հարաբերվելու Ձեր մակարդակն ամենացածրն է: Եթե Ձեզ հոգեհարազատ է բոլոր հարցերի բ) կետը (88 միավոր), ուրեմն շփման մակարդակը մոտ է միջինին: 22 հարցերին էլ միայն գ) կետով պատասխանելու դեպքում` մոտ եք բարձր մակարդակին, իսկ միայն դ) պատասխանները հուշում են, որ շփումներում Դուք ունեք եռանդի ավելցուկ, ինչից անհապաղ հարկավոր է հրաժարվել: Իսկ հիմա անդրադառնանք 23¬րդ հարցին տրված Ձեր պատասխանին, որով ինքներդ եք Ձեզ գնահատել: Եթե Ձեր ինքնագնահատանքը համընկնում է մասնագետների ներկայացրած կարծիքին (ըստ Ձեր իսկ 22 պատասխանների, ուրեմն Դուք նաև անկեղծ եք ինքներդ Ձեր հանդեպ ու լավ եք ճանաչում Ձեզ: Եվ եթե մարդկանց հետ հարաբերվելու ներկա մակարդակը Ձեզ դուր չի գալիս, ցանկության դեպքում կարող եք փոխել Ձեր վերաբերմունքը: Իսկ եթե Ձեր ընտրած ինքնաբնորոշումը չի համընկնում այս թեստը կազմող հոգեբանների կարծիքին, նշանակում է` Դուք հաճախ չեք էլ գիտակցում, թե ինչպես եք հարաբերվում մարդկանց հետ, և ի՞նչն է Ձեզ խանգարում այդ հարցում: