ՎԵՐՋԱՊԵՍ


 

Վերջապես Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեղերի վաճառքով զբաղվող 15 ընկերությունների և 12 բուժհաստատությունների նկատմամբ վարչական վարույթներ հարուցեց:

- Բուժհաստատությունների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթներ չեն հայտարարվել, իսկ որոշ դեպքերում դրանք կրել են ձևական բնույթ: 26 բուժհաստա տությունների կողմից կազմակերպված 37 մրցույթները ձևական բնույթ են կրել, և մրցույթին մասնակցած դեղ վաճառող 7 ընկերություններից մշտապես մրցույթը շահել է նույն ընկերությունը, իսկ մյուսները դուրս են մնացել ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ,- ասել է հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը:

Իհարկե, դիտարկումները ճիշտ են, դրանք արտացոլում են այն վիճակը, որն այսօր տիրում է դեղերի վաճառքի շուկայում: Այս քայլն ուրախացնում և հուսադրում է, սակայն ցավալի է, որ դեռ մյուս գերատեսչությունները և հատկապես Առողջապահության նախարարությունը չեն ծանոթանում այն դեղերին, որոնք վաճառվում են դեղատներում, չեն ուսումնասիրում նրանց ծագումնաբանությունն ու բաղադրությունը: Նույնիսկ տեղյակ (՞) չեն գներից, որոնք երբեմն անցնում են ողջամտության սահմաններից:

Քիչ չեն դեպքերը, երբ սովորական կավճափոշին վաճառվում է որպես թանկարժեք բուժանյութ, կամ էլ վաղուց ժամկետներն անցած դեղերը ներկայացվում են որպես նոր արտադրված… Ավելին, համապատասխան կառույցները չեն հետաքրքրվում, թե ովքե՞ր իրավունք ունեն զբաղվելու դեղերի վաճառքով, ինչպե՞ս են սպասարկում սնկի նման աճած դեղատներում:

Ի վերջո` ե՞րբ են գիտակցելու, որ մարդու առողջությունն ամենակարևորն է, հետևաբար երկրում պետք է առաջնային ուշադրություն դրսևորվի այս ոլորտներին: Նաև ցանկալի կլիներ տեղեկանալ, թե ինչպե՞ս են հիվանդանոցներին և բազմաբուժարաններին տրվող դեղերը հայտնվում դեղատներում` մարդկանց ստիպելով երկակի և եռակի ծախսեր անել...