«ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻՆ» «ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ»


 

Օլիգարխ ու պատգամավոր Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովը», ինչպես երևում է, դուրս է մնացել իշխանությունների «արքայազորից»: Ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ մի քանի գումարումների պատգամավորը, ով երբեք հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնություններով և խորհրդարան է եկել միայն անձնական հարցերը լուծելու համար, չի ստացել նորից առաջադրվելու «դաբրոն»:

ԱԺ-ն օլիգարխներից ու գործարարներից «մաքրելու» նախաձեռնությունը, որի հեղինակը Սերժ Սարգսյանն է, տարածվել է նաև այս պատգամավորի վրա` նրան մղելով դեպի «խոր ապրումների» ու մտորումների խորխորատը: Ասում են, որ չափազանց ազդված այս ոչ պաշտոնական որոշումից` Լևոն Սարգսյանը հեռացել է Սևան ու ապրում է այնտեղ իր «ապարանքում»` գրեթե չշփվելով քաղաքական ու գործարար դաշտի ներկայացուցիչների հետ: Եթե Աշոտ Երկաթը Սևանի ամրոցում փակվել էր սիրային խառնաշփոթից գլուխը կորցրած, ապա, պարզվում է, կարելի է «մենաստան» գնալ նաև քաղաքական ամբիցիաները թոթափելու: