Հա՞ որ...


Մարտ ամսից կենսաթոշակները բանկային համակարգի միջոցով ստանալու նախաձեռնությունն, ըստ ամենայնի, տապալվելու է: Մինչ նախորդող ամիսներին բանկերն ու մյուս համապատասխան կառույցները թոշակառուներին քարոզչախեղդ էին անում` համոզելով, թե տարբերակներից լավագույնն է գտնվել, նախօրեին հայտնի դարձավ, որ պլաստիկ քարտեր ստանալու համար ընդամենը 1000 դիմում է ներկայացվել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` հանրապետությունում հաշվառված է շուրջ կես միլիոն թոշակառու, բայց արդեն իսկ ձախողված քարտերին այլընտրանք այդպես էլ չի որոնվում: Որքան էլ հավաստիացվի, թե հայրենի բանկերը միանգամայն անվճար են նշված ծառայությունը թոշակառուներին մատուցելու, այդուհանդերձ, որևէ մեկին դժվար է համոզել, որ առանց կլորիկ միջնորդավճարների` նշված ֆինանսական կառույցները նման ծառայություն կմատուցեն: Իր հերթին վճարումների հասցեատերերի անտարբերությունը բանկերը նախատեսում են նոր ու անիմաստ ծառայությունների ներդրմամբ կոտրել: Դիցուք, առաջարկվում է թոշակառուներին հեռախոսային հաղորդագրության միջոցով տեղեկացնել ստացվելիք գումարի առկայության և չափի մասին: Սա չի՞ նշանակում, արդյոք, որ կենսաթոշակ ները կոնկրետ օրերի չեն վճարվելու, այլ` բանկին հարմար օրերին: Ավելին, բանկերում չեն պատկերացնում, որ թոշակառուների մեծ մասը բջջային հեռախոս պարզապես չունի ( ու պարտավոր էլ չէ): Իսկ բանկոմատ կոչված սարքերի` քարտ կուլ տալու «սովորույթը» արդեն իսկ պատիժ է դրանցից օգտվողների համար: