Հոգեբանական առումով մենք առավելություն ունենք


- Եթե մենք ուզում ենք ունենալ պատրաստված և հոգեպես կայուն զինծառայող, սոցիալական անարդարության խնդիրը պետք է հասցվի նվազագույնի: Նախագահն իր ելույթներից մեկում նշել էր. «Օրենքին ենթարկվում են այն դեպքում, երբ գիտակցում են, որ այն բոլորինն է»: Երբ բաժանում է լինում, արտոնյալ խավ է առաջանում: Բոլորն էլ ձգտում են դրա մի մասը դառնալ: Այսինքն` զինծառայության անխուսափելիության գաղափարը պետք է դպրոցական տարիքից արմատավորվի զինծառայողի մեջ: Շատ մեծ անելիք կա ընտանիքում: Ծնողները պետք է հասկանան, որ եթե իրենց տղային հուսադրում են, թե չի ծառայելու, ամեն կերպ խոչընդոտում են, որպեսզի նա հեշտ հարմարվի զորամասում: Իսկ եթե երիտասարդը կրում է զինծառայության անխուսափելիության գաղափարը, պատրաստված զինվոր է դառնում: Բանակում զինվորը պետք է լիարժեք օգտվի իր իրավունքներից,¬ համոզված է ռազմական փորձագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆԸ: - Ամուր բանակի գրավականներից մեկը առողջ հոգեբանությամբ զինվորներ ունենալն է: Ի՞նչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: - Նախ` նրանց մեջ պետք է արթնացնել հայրենիքը, իր ընտանիքը պաշտպանելու կարևորության գիտակցումը, ապա նաև այն, որ ծառայությունը շատ կարևոր է հենց իր անձի համար: Իհարկե, ոչ ոք չի ցանկանա դժվարություններ հաղթահարել, բոլորն էլ փորձում են խուսափել դրանից, բայց կյանքն այդքան հեշտ ու պարզ չէ: Դժվարություններն անխուսափելի են, և այս պարագայում զինվորին պետք է հասկացնել, որ դրանց հաղթահարումը կարևոր է իր անձի կայացման համար: Այսօր ունենք պայմանագրային և զորակոչային հիմունքներով ձևավորվող բանակ: Վերջին եղանակով հավաքագրվող անձնակազմի հետ ավելի շատ աշխատանքներ տանելու անհրաժեշտություն կա, քանի որ պայմանագրային զինծառայողն արդեն հասուն, ձևավորված մարդ է, գիտի ո՞ւր է գնում, ի՞նչ պարտավորություններ ունի: Որպես կանոն` նրանք պատերազմ անցած, բանակը ճանաչող մարդիկ են և առաջնային հարմարվողականության (ադապտացիայի) խնդիր չեն ունենում: Հետևաբար, հիմնական շեշտն այս առումով պետք է դնել զորակոչային հավաքակազմի վրա: Պայմանագրային զինծառայողը հոգեպես ավելի պատրաստված է, քան ժամկետային զինծառայողը, որն առաջին անգամ է մտնում զորամաս` հայտնվելով սահմանափակ պայմաններում: Որպեսզի նա կարողանա արդյունավետ հարմարվել, պատրաստված զինվոր դառնալ, 2 ուղղությամբ աշխատանք է տարվում նրա հետ: Պետք է ամեն կերպ օգնել, որ նա ադապտացիայի շրջանը հեշտ անցնի: - Ո՞րն է ռազմական հոգեբանի առաքելությունը: - Մենք ապրում ենք հրադադարի պայմաններում: Հակառակորդը տեղեկատվական, հոգեբանական պատերազմ է մղում: Մեծ մասշտաբով ռազմական գործողություն ներ չկան, բայց հրադադարը պատերազմի մի փուլ է միայն: Դիվանագիտական, քարոզչական ճակատում պատերազմը շարունակվում է: Ռազմական հոգեբանը պետք է կարողանա չեզոքացնել հակառակորդի հոգեբանական դիվերսիաները, հակազդել դրանց: Զորամասում ևս հոգեբանը մեծ անելիք ունի: Օրինակ` հենց հարմարվելու խնդիրը: Որքան զինծառայողը հարմարված է, այնքան ավելի փոքր է հավանականությունը, որ նա տարաբնույթ արտակարգ պատահարների պատճառ կդառնա: Բախումներ լինում են, բայց ընդհանուր առմամբ հարմարված մարդն իրեն ներդաշնակ է զգում տվյալ միջավայրում: Կա պրոֆեսիոնալ ընտրության խնդիր: Ջոկի ձևավորմանը մասնակից լինելով, հոգեբանը կարող է ջոկը ձևավորել հոգեբանական համատեղելիության սկզբունքով, ներառել լիդերի որակներ ունեցող միայն 1 զինվորի և այլն: Ջոկը ԶՈՒ¬ի ողնաշարն է: Դրա հիման վրա են կառուցվում մյուս ստորաբաժանումները: Այստեղ շփումներն ավելի անմիջական են: Եթե հաջողվի ճիշտ ընտրությամբ կազմել ջոկերը, կունենանք ավելի կուռ մարտական կառույց: Հոգեբանի մյուս կարևոր խնդիրը նոր համալրված անձնակազմում պոտենցիալ դժվար հարմարվող զինվորներին առանձնացնելն է, որից հետո նրանց հետ պետք է անհատական աշխատանք տարվի: Սա արտակարգ պատահարների կանխարգելմանն ուղղված աշխատանք է: Ովքե՞ր են դժվար հարմարվող կատեգորիան: Հիմնականում ընտանիքի միակ կամ վերջին զավակները: Մեծ է հոգեբանի դերը բանակում: Բարեբախտաբար մի շարք զորամասերում արդեն ունենք հոգեբանի հաստիք: - Հիմնականում ի՞նչ հոգեբանական խնդիրներ ունի հայ զինվորը: - Առաջին խնդիրը հոգեպես պատրաստ լինելն է, ծառայության կարևորությունը հասկանալը` թե´ իր անձի, թե´ հայրենիքի համար: Երկրորդը կարող է մի փոքր վերամբարձ հնչել, բայց պետք է հստակ տրամաբանական շղթա կառուցել: Եթե պատանին դեռ դպրոցական տարիքից հասկանա, թե անպաշտպանվածության հետևանքն ինչպիսին կարող է լինել, նա արդեն պաշտպանվածության կարևորությունն էլ կգիտակցի: Կհասկանա, որ 1915¬ի ցեղասպանությունն անպաշտպանվածության արդյունքն է, սումգայիթյան ջարդերը տեղի ունեցան, քանի որ մարդիկ պաշտպանված չէին: Եվ հակառակը` մենք հաղթեցինք, այսօր արժանապատիվ կերպով ապրում ենք մեր երկրում, որովհետև պաշտպանված ենք: Երիտասարդը պետք է հոգեպես պատրաստ լինի մինչև զորակոչվելը, իսկ բանակում` գիտակցի ծառայության դերը: Դժվարությունները հեշտ է հաղթահարել, եթե գիտես, թե ինչի համար ես հաղթահարում: - Որքա՞ն ժամանակ է պահանջվում, որպեսզի զինվորը հարմարվի բանակային կյանքին: - Կարծում եմ` 1-1,5 ամիսը բավարար է: Եթե ամեն ինչ հարթ է անցնում, այդ ժամանակահատվածում զինվորն արդեն պատկերացնում է` ինչ է բանակը, ինչպես պետք է վարվել տարաբնույթ իրադրություններում, թե ինչն է խրախուսվում, ինչը` ոչ: Ցանկացած նոր միջավայրում հայտնվելով` մարդու հոգեկանում սկիզբ է առնում վերակողմ նորոշվելու գործընթացը: Եթե դա հարթ է ընթանում, կարելի է ասել, զինվորը շուտ կհարմարվի: Նշված ժամանակահատվածում անձնակազմի հիմնական մասը կարողանում է հարմարվել, բայց անգամ ամենակատարյալ զորամասում մի հատված կա, որն ունի ի սկզբանե դժվար հարմարվելու նախադրյալներ: Նրանք դժվար հարմարվելու իրենց պատճառներն ունեն. խիստ անհատական, բայց օրինաչափություն կարելի է գտնել: Դժվար հարմարվողները հիմնականում ընտանիքի վերջին կամ միակ զավակներն են և այն տղաները, ովքեր մոր հետ շատ ուժեղ կապվածություն ունեն: Սա խնդիր է: Նրանց մոտ նևրոտիկ զարգացումներ են տեղի ունենում: Նևրոզը հիվանդություն չէ, բայց սահմանային վիճակ է: Կյանքի զարգացման ուրույն ընթացքի պատճառով անձի ձևավորման ընթացքում ինչ¬ինչ հանգամանքներ կարող են հանգեցնել նրան, որ մարդն ունենա նևրոտիկ պոտենցիալ: Դա կարող է դրսևորվել այն ժամանակ, երբ անձը ինքնուրույն կյանքի խնդիր է ունենում: Զինծառայությունն այդ ինքնուրույն կյանքն է: Եթե տղան մոր հետ ուժեղ կապվածություն է ունեցել, զորամասում սկսվում է նրա ինքնուրույն կյանքը. սա նևրոտիկ պոտենցիալն ակտիվացնող գործոն է: - Միջանձնային հարաբերությունները ճիշտ կառուցելու համար սպային անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ` զինվորի հոգեբանությունը ճիշտ հասկանալու, ծագած խնդիրներին լուծում տալու համար: Ըստ Ձեզ` մեր սպաներին հաջողվո՞ւմ է ներդաշնակ փոխհարաբերություններ կառուցել զինվորի հետ: - Սպան 24 ժամ լարված աշխատում է: Պետք չէ նրան հոգեբան դարձնել, նա այլ մասնագիտություն կրող է: Սպան պետք է տիրապետի հոգեբանական տարրական հնարների, որոնց միջոցով կարող է օգնել իր անձնակազմից որևէ մեկին: Նա պետք է տիրապետի առաջին հոգեբանական օգնության կանոններին մարտական իրադրութ յան ժամանակ: Սպայի խնդիրները չպետք է լինեն միայն Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում, այլ ողջ հասարակության: Սպան գնահատվելու խնդիր ունի: - Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի ոգեղեն ուժը և բարոյահոգեբանական մթնոլորտը: - Մի այսպիսի կարծրատիպ կա. շատերին թվում է, որ եթե դրական ես արտահայտվում բանակի մասին, ուրեմն տուրք ես տալիս պետական քարոզչությանը, միտումնավոր միայն դրականն ես ասում: Սա օբյեկտիվ մոտեցում չէ: Մենք այսօր ունենք հրամանատարներ, որոնք իրենց կերպարով արդեն իսկ ոգի են: Անուններ չեմ ուզում նշել: Ունենք հրամանատարներ, որոնցով կարող ենք հպարտանալ: Ինձ համար լավ հրամանատարի չափանիշները հետևյալն են` նախաձեռնող, բանիմաց և համարձակ: Նա պետք է մարդկային և խիստ լինի միաժամանակ: Կան այնպիսի հրամանատարներ, ովքեր իրենց շուրջը ստեղծում են առողջ հոգեբանական դաշտ, ինչն էլ ոգու և առհասարակ մարտունակության շատ կարևոր գործոն է: Նրանք հողի տեր են, հայրենասեր են` բառի բուն իմաստով: Հոգեբանական առումով մենք միանշանակորեն առավելություն ունենք: Իսկ հրադադարի խախտման դեպքերը, դիվերսիաները մեր ոգին չեն կոտրում: Սա քարոզչություն չէ: Իսկ ով մտածում է, թե քարոզչություն է, թող գա ինձ հետ առաջին գիծ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ