ՀԻՄԱ ԷԼ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ԴԱՐՁԱՎ ԹԻՐԱԽ… ՍԱ ԷԼ ԵՆՔ ՄԵՆՔ


Մեր երկրում ձևավորվել է «էլիտար աստղերի» մի թայֆա, որը թափառում է հեռուստաէկրաններին, հանդես գալիս ամենատարբեր ծրագրերում ու նախագծերում, իրենը համարելով մշակութային ողջ դաշտը` ուսուցանողի կեցվածքով, ցինիզմի հասնող ինքնագոհ հեգնանքով խոսում ազգային արժեքների ու կուտակումների մասին, ժխտում ամեն ինչ` բարեբանելով միայն նույն այդ թայֆայի իբր ստեղծածն ու հաստատածը: Սիրտ խառնելու աստիճան` միօրինակ ու տափակ, օտարահունչ բառերի խառնուրդով նրանց խոսքը, ուրիշներին կապկելու մարմաջն արդեն ստիպում է հեռանալ հայկական հեռուստաալիքներից և դիտել այլ ալիքների հաղորդումներ` չտեսնելու համար սրանց գեղցիական «ինտելեկտուալիզմը»… Սրանց շատերին «ծնել է» հանրային հեռուստատեսությունը, ծնել են այդ հեռուստատեսության պրոդյուսերները` նրանցով իրենց մեծարելու, իրենցով հմայվածների բանակ ձևավորելու համար: Այս «էլիտար խաժամուժի» անբաժանելի մասն է նաև ինչ-որ Վահրամ Պետրոսյան` կոմպոզիտոր հորջորջվող, որի ստեղծագործությունների «հայրենիքն» ու «առանձնահատկությունը» ճանաչելու համար բավական է նայել մի քանի հնամաշ կայքեր, լսել շատ վաղուց առաջավոր Եվրոպայում ու Նահանգներում մոռացության տրված մեղեդիներ… Իրեն կոմպոզիտոր համարողը մեր այս դիտումներին ավելացնում է ևս մեկը. իր երաժշտության «գենեզիսը» սերում է թուրքականից և ազերիականից: Եվ սա օրինաչափ է, որովհետև, ինչպես վերջերս կայացած մի ասուլիսի ժամանակ հայտարարել է նա, ինքն իրեն ազերի է զգում, այդ ժողովրդի մշակույթի կրողը, այդ մշակույթի քարոզիչը… Ու հենց այդ ժողովրդի ու նրա մշակույթի դիրքերից էլ քննադատում է Առնո Բաբաջանյանի երաժշտությունը, մերժելի համարում Արթուր Մեսչյանին, իսկ Սայաթ-Նովային էլ հռչակում է ադրբեջանցի: Հավանաբար, ազգականներ ու արյունակիցներ է փնտրում, և այն էլ` հայոց մեծերի մեջ, որպեսզի գոնե այդպես արդարացնի նաև իր գոյությունը… Ամեն ոք իրավունք ունի կարծիք հայտնել, ամեն մարդ կարող է ներկայացնել սեփական դիտումները: Դրանց բռնանալու իրավունք որևէ մեկին վերապահված չէ, սակայն ոչ ոք էլ իրավասու չէ ցեխ շպրտել ազգային մեծությունների վրա, զրպարտել ու անվանարկել նրանց: Եթե կոնսերվատորիական կրթություն ստացած մարդը, ով իրեն կոմպոզիտոր է համարում, գոնե մեկ անգամ ջանք թափեր և կարդար Սայաթ-Նովային նվիրված բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ, անգամ հպանցիկորեն թերթեր Պարույր Սևակի «Սայաթ-Նովա» հիմնարար աշխատությունը` կհասկանար, թե ազգությամբ ով է եղել մեծ սիրերգակը: Վ. Պ.-ն գրում է, թե Սայաթ-Նովան ստեղծագործել է նաև ադրբեջաներեն, ու սա ապացուցում է նրա տգիտությունը: Համաշխարհային լեզվախմբերի և լեզվաընտանիքների մեջ չկա ադրբեջաներեն. ազերիները կատարյալ թուրքմենական ցեղախումբ են, որ խոսում են թուրքերենի բարբառներից մեկով ու այդ բարբառով էլ ստեղծել են իրենց գրականությունը: Իսկ գրականության պատմությունը սկիզբ է առնում 19-րդ դարի առաջին քառորդի վերջից, այդ գրականության հիմնադիրը Միրզա Ֆաթալի Ախունդովն է: Եվ հենց այդ ժամանակներից էլ կովկասյան թաթարները սկսեցին հայտնի դառնալ Այսրկովկասում: Այսինքն, Սայաթ-Նովայի մահից մոտ կես դար հետո… Կուզենայի, որ ադրբեջանական զգացողությամբ և հոգեշերտերով երիտասարդն իմանար այս մասին: Նա քննադատական վերաբերմունք ունի Առնո Բաբաջանյանի «էստրադային» ստեղծագործությունների նկատմամբ. դրանք հայկական` ազգային չի համարում: Դե ես մեղավոր չեմ, որ նա երաժշտության մեջ էլ անգրագետ է, որ հիշատակելով ջազի, ամերիկյանի ու էլի չգիտեմ ինչի մասին` չի պատկերացնում իր կողմից հիշատակվածների ոճական ու հնչունական տարբերությունները, չի կարողանում խորամուխ լինել Բաբաջանյանի երգերի մեղեդային կառուցվածքների և հենքերի մեջ: Խորհրդային փոփ-երաժշտության հիմնադիրներից մեկի` Առնո Բաբաջանյանի երգերը ոչ ոք զտարյուն հայկական չի համարում. հայկականը պետք է տեսնել նրա «Հերոսական բալլադ»-ում, «Վաղարշապատի պար»-ում, «Նոկտյուրն»-ում, որոնք, երևի, իրեն կոմպոզիտոր կոչողը երբևէ չի լսել: Հենվելով քաղաքային երաժշտության, ազգային երգային ավանդույթի վրա` ականավոր երգահանը ստեղծեց փոփի, ջազի և ազգային երգի հրաշալի սիմբիոզը, որն էլ նրա նորարարությունն էր խորհրդային երգի պատմության մեջ: Վատ է, երբ կոմպոզիտորը տարրական երաժշտական գրագիտություն չունի: Վատ է նաև, որ հենց նրա «ստեղծած» երգերից մեկն է ներկայացվել Եվրատեսիլի հայաստանյան մրցույթին: Եվ մտավախություն կա, որ հենց այդ երգն էլ կարող է հաղթել, քանզի շատ վաղուց մեզ մոտ Եվրատեսիլը դարձել է որոշակի խմբի ու թայֆայի մենաշնորհը, նրանց առևտուրը: Իսկ այդ երգը, չեմ կասկածում, իրեն ադրբեջանական մշակույթի կրողը հենց ազերիական մելիզմներով ու երգային ավանդույթներով էլ գրած կլինի… Ինձ Վահրամ Պետրոսյանի անձը չի մտահոգում, ազնիվ խոսք. նա էլ մի Քիմ Քարդաշյան է, որը մարմինը վաճառելու փոխարեն` հոգին է վաճառում, հոգով է անառականում: Ինձ մտահոգում է երևույթը, մտահոգում է այն, որ այս հայ-թուրքերն այսօր ազգիս «էլիտան» են համարվում, «շոու-բազարի» դեմքերն ու «առաջինները»: Սրանք նույն գործն են անում, ինչ թուրքական և ազերիական քարոզիչները, սրանք ոչ թե զենքով, այլ իրենց անբարոյականությամբ կրակում են մեր սրտին, մեր պատմությանն ու ներկային…