ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ՏԽՈՒՐ ՊԱՏԿԵՐՆԵՐ


Համացանցային «Վիկիպեդիա» հանրագիտարանի Վանաձորին նվիրված հոդվածում ներկայացված են նաև այս քաղաքում ծնված կամ այստեղ գործունեություն ծավալած նշանավոր մարդիկ: Ստեփան Զորյանի, Սուրեն Աղաբաբյանի, Լևոն Հախվերդյանի, մարզաշխարհին քաջածանոթ Ալբերտ Ազարյանի, Ստեփան Սարգսյանի, Սամսոն Խաչատրյանի, Վիկ Դարչինյանի անունների կողքին` իբև արվեստի ու մշակույթի ներկայացուցիչներ, հիշատակվում են նաև աշուղ Զաքարյանի, հանրությանն ու անգամ այդ քաղաքին անծանոթ անուններ: Ինչ է, այս քաղաքում հարգի չե՞ն մշակույթի, արվեստի գործիչները, նրանք ստորադասվում են «ա՞յլ արժեքների»: Միայն «Վիկիպեդիայից» ստացած տպավորությունները չէ պատճառը նման եզրահանգման: Օրերս քայլում էի այդ քաղաքի փողոցներով և, իմ սովորության համաձայն, փնտրում հուշատախտակներ, որոնք ոչ միայն ճարտարապետական փոքր ձևեր են, այլև քաղաքի պատմությունն են, այդ պատմության քարեղեն վկայությունները: Հուշատախտակներ շատ կան այս քաղաքում` ճաշակով նախագծված, ճարտարապետական հետաքրքիր հղացումներով կերտված: Սակայն մեծ եղավ զարմանքս ու հիասթափությունս, երբ սկսեցի կարդալ դրանցից շատերի մակագրություները: «Այստեղ ապրել է մայրենիի ամենամեծ գիտակ, մեծ ուսուցչապետ…». Տիգրան Մեծ փողոցում հառնեց այս մակագրությունը: Մտածեցի, թե Մեսրոպ Մաշտոցի հիշատակն հավերժացնող հուշաքար է, քանզի ո՞վ է մեզանում մայրենիի ամենամեծ գիտակը և մեծ ուսուցչապետը, սակայն պարզվեց, որ այս տանն ապրել է քաղաքի դպրոցներից մեկի նախկին տնօրենը, ով նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է եղել: Համեստ կարողությունների տեր անձնավորություն, որին հավերժացրել են` չհասկանալով, որ մակագրությունը ոչ միայն անհամեստ է, այլև` անիմաստ: Շատերն են այն մոլորության մեջ, թե ուսուցչապետ` դպրոցի տնօրեն է նշանակում, մինչդեռ ուսուցչապետը ուսուցիչների ուսուցիչն է… Վազգեն Սարգսյան փողոցում էլ զարմանալու առիթ ունեցա, երբ կարդացի. «Այստեղ ապրել է ականավոր պետական և տնտեսական գործիչ…» մակագրությունը: Այս «ականավոր պետական և տնտեսական գործիչը» ընդամենը 40 աշխատող ունեցող մի շատ փոքր ձեռնարկության տնօրեն է եղել, հիմնարկներից մեկի կուսակցության քարտուղար… Ես փնտրեցի ու չգտա նշանավոր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Գրիգոր Հախինյանի, ողջ Լոռիում առաջինը ժողովրդական արտիստի կոչման արժանացած Արուս Խուդանյանի, առաջին վանաձորցի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Լենա Փաշինյանի, ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի, ականավոր թատերական գործիչներ Սոկրատ Աքմաքչյանի, Ալեքսանդր Շագաֆյանի, Լևոն Սարգսյանի, Արաքսյա և Հովհաննես Մսրյանների, նշանավոր պարուսույց Ալեքսանդր Բաղդասարյանի, այս քաղաքում մոտ 6 տարի ապրած և մանկավարժական ինստիտուտը ղեկավարած աշխարհահռչակ գիտնական Սերգեյ Մերգելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ: Երկար փնտրեցի Հովհաննես Աբելյանի արձանը և տեղեկացա, որ քաղաքի ավագանու որոշմամբ, մեծ դերասանի արձանի տարածքը վաճառվել է մի սրճարանատիրոջ…Ճիշտ որ` տխուր պատկերներ, որոնք նաև տխուր մտորումներ են ծնում… Ստացվում է, որ այս քաղաքում հուշատախտակները տեղադրվում են ոչ թե անհրաժեշտաբար, ոչ թե այս քաղաքին փառք ու ճանաչում բերած մարդկանց արժևորելու նպատակով, այլ` տարերայնորեն, անհատների նախաձեռնությամբ: Իսկ անհատներն էլ, իրենց հարազատների հանդեպ ունեցած սերը դրոշմում են քարերին` խախտելով և ավերելով բոլոր չափանիշները…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ