Կենսաբանական զենք. Հայտարարված է պաշարողական դրություն


(սկիզբը` նախորդ համարում) Ինչպես արդեն նախորդ հատվածում ասել ենք` կենսաբանական զենքի, իսկ այսօր արդեն նաև բիոտեռորիզմի դեմ պայքարի հիմնական ծանրությունն ընկնում է համաճարակաբանական հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային կենտրոնների վրա: Նման կենտրոններն այնքան էլ շատ չեն: Ու թեև զարգացած բոլոր պետություններն ունեն համանման հաստատություններ, բայց, ինչպես և մնացած բոլոր զինատեսակների դեպքում, այստեղ նույնպես համաշխարհային գլխավոր տերությունները երկուսն էին` ԽՍՀՄ¬ն (այժմ նրա իրավահաջորդ ՌԴ¬ն) ու ԱՄՆ¬ը: Ռուսաստանում նման խոշորագույն կենտրոնները ընդհանուր առմամբ երեքն են` Ն. Ֆ. Գամալեյի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ինստիտուտը (հիմնվել է ավելի քան 100 տարի առաջ Փարիզում` Պաստերի անվան ինստիտուտի հետ միաժամանակ), Դ. Ն. Իվանովսկու անվան վիրուսոլոգիայի ինստիտուտը և Կիրառական միկրոբիոլոգիայի պետական գիտական կենտրոնը: Այսօր Իվանովսկու անվան ինստիտուտի սառցարանային սարքավորումներում պահվում են 18 տարատեսակի ավելի քան 6000 վիրուսների շտամներ, որոնց թվում կան այնպիսի հիվանդությունների կրողներ, ինչպիսիք են ՄԻԱՎ- ՁԻԱՀ¬ը. հերպեսը, հեպատիտը, գրիպը, էնցեֆալիտը, տարատեսակ տենդեր, ամեն տեսակի մանկական հիվանդություններ: Վիրուսալոգիայի ԳՀԻ¬ը` երկրի ազգային արժեք է: Իր մեծությամբ այն զիջում է միայն համանման ամերիկյան հաստատությանը: Իսկ թե ինչպես են այդ համաժողովրդական արժեքներին վերաբերվում «երիտասարդ բարեփոխիչները»` մի փոքր ստորև: Մեր օրերում հնարավոր է ստանալ յուրահատուկ միկրոօրգանիզմներ, որոնք կայուն են բոլոր հայտնի պատվաստանյութերի ու դեղամիջոցների նկատմամբ և ունեն բարձր համաճարակաբանական ներուժ: Նման միկրոօրգանիզմները կարող են կիրառվել ահաբեկչական գործողությունների ժամանակ, ինչը կհանգեցնի բազմահազար անպաշտպան մարդկանց մահվան: Ընդ որում, ահաբեկիչները կարող են ընտրել հենց այնպիսի քիչ հայտնի մի ինֆեկցիոն ազդակ, որը չունի բուժման մշակված սխեմա: 2003 թ. հոկտեմբերին տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ ամերիկացի բիոինժեներ Մարկ Բալերին հաջողվել է ստանալ մկնային ծաղկի վիրուսի մի նոր տարատեսակ, որը 100 %¬անոց երաշխավորությամբ ոչնչացնում է կրծողներին: Բարեբախտաբար, այն մարդկանց չի փոխանցվում: Սակայն Բալերը ստացել էր նաև եղջերավոր անասունների ծաղկի վիրուսը, որն արդեն վտանգավոր է մարդկանց համար: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել նման աշխատանքները: Մեկ ամիս անց, նույն տարվա նոյեմբերին, Բժշկական բիոտեխնոլոգիաների միջազգային կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դուրմանովը «CQ» ամսագրում ասում էր. - Ես ուզում եմ կենտրոնանալ այդ գիտության չարագույժ կողմի վրա և առանձնացնել կենսաբանության սրընթաց զարգացման երկու ամենասարսափելի հետևանքները: Առաջինը` բիոտեռորիզմն է: Երկրորդը` քաղաքակրթության սրընթաց, անվերահսկելի զարգացումը: Առաջին դեպքում մենք խոսում ենք չարամիտ դիտավորության մասին: Երկրորդում` անխուսափելի սխալների: Սկսենք բիոտեռորիզմից… Ես պնդում եմ, որ մի քանի տարի անց քիչ թե շատ սարքավորված ցանկացած լաբորատորիայում, որը միացած է Ինտերնետին, կարող են ստանալ կենսաբանական վիրուսներ ճիշտ այնպես, ինչպես այսօր ստանում են համակարգչային վիրուսներ… Դրա համար հարկ է ունենալ հարյուր, իսկ ավելի լավ է` երկու հարյուր հազար դոլար: Ձեռք բերելով անհրաժեշտ սարքավորում, մենք ձեզ հետ միասին դառնում ենք բիոհաքերներ: Դա նշանակում է, որ մենք կարող ենք ինֆորմացիոն բիտերի օգնությամբ ստեղծել վիրուսների կոնստրուկցիաներ: Եթե նրանք կյանքից միանգամայն գոհ բիոհաքերներ են, ապա կբավարարվեն միայն իրենց երևակայությանը տուրք տալով` տարբեր տեսակի անվտանգ ու իրենց կարծիքով զվարճալի վիրուսներ հորինելով: Իսկ հիմա պատկերացնենք, որ մենք կյանքից դժգոհ բիոհաքերներ ենք և, ասենք, փողի խիստ կարիք ունենք, կամ էլ անսահման ատում ենք ինչ¬որ մեկին, ում հաճախ են ցույց տալիս հեռուստացույցով, կամ էլ անգամ այդ ատելությունը տարածվում է ամբողջ մի երկրի վրա, որն այդ մարդուն ընտրել է իրեն նախագահ: Մենք մոդելավորում ենք սև ծաղկի վիրուս: Այնուհետև այդ փոքրիկ տառերի կոմբինացիան լիցքավորում ենք սինթեզատորի մեջ: Սինթեզատորը սրտներիս ուզածի չափ ԴՆԹ¬ներ է դրոշմում: Մենք դրանք տեղադրում ենք փորձասրվակի մեջ, որն արդեն լի է բջիջներով, այսինքն` կենսաբանական նյութերով: Բջիջները սկսում են հաշվարկել ԴՆԹ¬ները, լցվում են սպիտակուցներով ու վերածվում վիրուսի մասնիկների: Այնուհետև բջիջները քայքայվում են, և մեր փորձասրվակում արդեն ամենաիսկական ժանտախտի վիրուսն է: Ճիշտ այդպես մենք ձեզ հետ միասին կարող ենք հավաքել և Էբոլայի վիրուսը…: Իսկ հիմա փաստ` առանց մեկնաբանությունների. 2000 թ. օգոստոսի 29¬ին PAO «ժնհ»¬ի ղեկավար Անատոլի Չուբայսի հրամանով, ոչ մեծ պարտքի դիմաց, փորձ արվեց անջատել Իվանովսկու անվան ինստիտուտի հոսանքը: Ինստիտուտի տնօրեն Դմիտրի Լվովի վկայությամբ, դրանից արդեն 2 ժամ անց վիրուսների եզակի ողջ հավաքածուն կոչնչանար: 2002 թ. հունվարին նույն անձնավորության հրամանով արդեն իրապես անջատվեց Կիրառական միկրոբիոլոգիայի ՊԳԿ¬ի հոսանքը, բարեբախտաբար` մասնակիորեն: Կրկին նույն պատմությունը` հոսանքազրկումից մի քանի ժամ անց սառեցնող պահեստները կսկսեին հալչել և լավագույն դեպքում` անձնակազմն իր կյանքը վտանգի ենթարկելով կանցներ պաշարողական դրության` աշխատելով թույլ չտալ, որ հիվանդությունները դուրս գան ինստիտուտից: Վատագույն դեպքում դրանք, այնուամենայնիվ, դուրս կհորդեին ու հարյուր հազարավոր մարդկանց կյանքը կհայտնվեր իրական վտանգի առջև: Գիտնականներին մեծ դժվարությամբ հաջողվեց պաշտպանել իրենց հավաքածուն: Դրանք երկուսն էլ պետական հաստատություններ են, այսինքն` ֆինանսավորվում են միմիայն պետական բյուջեից և չունեն կոմունալ վճարումներ կատարելու համար եկամուտի այլ աղբյուրներ: Եվ պետք է կամ կատարյալ ապուշ լինել, կամ կատարյալ սրիկա` այդ հասարակ բանը չհասկանալու կամ այդպես ձևացնելու համար: Զրկվեր երկիրն իր այդ եզակի հավաքածուներից` լրիվ անպաշտպան կդառնար ցանկացած համաճարակի առջև` բնական, թե ձեռակերտ: Իսկ բիոինժեներները չեն էլ մտածում դադար տալու մասին: Առաջավոր կենսաբանական գիտություն ունեցող մի շարք երկրների գաղտնի լաբորատորիաներում ողջ թափով աշխատանքներ են տարվում, այսպես ասած, հաջորդ սերնդի կենսաբանական զենքի ստեղծման ուղղությամբ: Խոսքը ռասայական կենսազենք ստանալու, այսինքն` այնպիսի վիրուսների ստեղծման մասին է, որոնք կազդեն միայն այս կամ այն ռասայի ներկայացուցիչների վրա: Եվ վերջնական, կամ կրկին միջանկյալ նպատակը` արդեն միևնույն ռասայի տարբեր ազգերի վրա ընտրողաբար ազդող հարուցիչների ստեղծումն է:

Պատրաստեց Ռուբեն ԱԴԱՄՅԱՆԸ