Ժիրինովսկու կինը քառակի ավելի է վաստակում


ՌԴ նախագահի նախընտրական խառնաշփոթում «դրամաքսակները» բացում են նաև թեկնածուների կողակիցները: Այդ առումով առաջին ծիծեռնակները դարձան Նադեժդա Զյուգանովան և Գալինա Լեբեդևան (Վլ. Ժիրինովսկու կինը): Այս երկու ընտանիքներում հակադիր է իրավիճակը. եթե Նադեժդա Վասլիևնան անհամեմատ «աղքատ» է ամուսնուց, ապա Գալինա Ալեքսանդրովնան գերազանցում է նախագահացու իր կողակցին: Համենայն դեպս, փաստաթղթերում այդպես է արձանագրված: Վերջին 4 տարում Ն.Զյուգանովան ստացել է 145 հազար 376 ռուբլի 87 կոպեկ ( ՌԴ կենսաթոշակային հիմնադրամի տվյալներով ), իսկ ամուսինը` Գենադի Զյուգանովը` ավելի քան 23 անգամ ավելի ` 3 միլիոն 445 հազար ռուբլի 61 կոպեկ: 167,4 քառ.մ տարածքով իրենց բնակարանում համատեղ ապրող ամուսինները նաև ամառանոց ունեն` տան տղամարդու անվամբ:Տիկին Զյուգանովան, ի դեպ, բանկում կուտակվող իր ավանդին ավելացրել է ևս 248 հազար ռուբլի` հավանաբար ամուսնու փողերից: Այլ է պատկերը Ժիրինովսկի-Լեբեդևա ընտանիքում: Գալինա Ալեքսանդրովնան վաստակել է 14 մլն 999 հազար 339 ռուբլի` ամուսնուց 4 անգամ ավել: Եթե կուսակցական գործիչը Դումայի աշխատավարձով, կենսաթոշակով, ինչ-որ դրամական պարգևով Մոսկվայի պետհամալսարանից և «ԹպրՑՍՏՑ-ԾպՊՌÿ» ՍՊԸ-ից ստացած եկամուտներով հանդերձ կուտակել է 3մլն 640 հազար 860 ռուբլի, ապա նրա կինը վաճառել ու վարձակալության է տվել ունեցվածքը և կենսաթոշակից բացի եկամուտներ ստացել նաև կատարած տարբեր ներդրումներից: Իր բանկային հաշվում տիկին Լեբեդևան կուտակել է շուրջ 2 մլն 401 հազար 555 ռուբլի` ամուսնու 245 հազար 234 ռուբլու դիմաց: Ավելին , Ժիրինովսկին Մոսկվայում ընդամենը ոչ մեծ մի բնակարան ունի (53,8 քմ), իսկ կինը` ութ առանձնատներ` մայրաքաղաքում և հինգ ամառանոց` Մոսկվայի մարզում: Վերջինիս ավտոտնակն էլ անհամեմատ շքեղ է: Այնտեղ կայանող 6 ավտոմեքենաներից երկուսը բեռնատար է, մեկը` 2007թ. արտադրության «Նիսսան Թեանա»… Ի դեպ, դրանցից ոչ մեկը Վլ. Վոլֆովիչին չի պատկանում: Հ.Գ. Ահա, թե ինչպիսի մանրամասներ են ակամա բացահայտում նախընտրական փաստաթղթային «խոստովանութ յունները»: