Մերձբալթիկացիների վրեժխնդրությունը` «բրոնզե» գիշերվա համար


Անցյալ ապրիլին, երբ Տալլինում ավերում էին Բրոնզե զինվորի արձանը, Մոսկվայում Էստոնիայի դեսպանատան առջև ցույց էր կազմակերպել «Մերոնք» անունով կազմակերպությունը: Ի պատասխան` ցույցի մասնակիցներն Էստոնիայում «ճանաչվեցին» անցանկալի անձինք: Իսկ դեկտեմբերի վերջերից ակտիվ ցուցարարները ոչ միայն Էստոնիա, այլ Եվրոպական երկրներ էլ մուտք գործել չեն կարող: Դեռ ապրիլի 27-ին` «բրոնզե իրադարձությունների» բուռն շրջանում, էստոնացի պաշտոնյաները նախազգուշացրել են, թե իբր` մի° աղմկեք մեր դեսպանատան մոտ, այլապես «սև ցուցակ» կմտնեք ու այլև Էստոնիայի երես չեք տեսնի: Ցուցարարներին, իհարկե, այդ սպառնալիքը հետ չպահեց, բայց մերձբալթիկցիք իրենց խոսքին տեր մնացին: Հիմա, ինչպես ասում են` եկել է «քարերը հավաքելու ժամանակը»: «Մերոնք»-ի կոմիսարներից մեկն անցյալ շաբաթ որոշել է Ֆինլանդիա մեկնել, սակայն… Ֆիննական դեսպանատանը չեն էլ թաքցրել, որ մերժում են մուտքի հրավերք տալ, որովհետև այդ աղջիկը ևս Էստոնիայի անցանկալի մարդկանց ցուցակում է. և քանի որ շենգենյան գոտին միասնական է, ուրեմն նա Ֆինլանդիայում ևս անելիք չունի: Լրագրողական հարցումին Էստոնիայի ՆԳՆ մամուլի խորհրդական Քրիստինա Կարևան, իհարկե, հերքել է մերժման բուն պատճառը` նշելով. - Էստոնիայում, ինչպես շենգենյան ամբողջ տարածքում, գործում է օրենք` մուտքի արգելքի և թույլտվության մասին: Այդ օրենքում ամրագրված են 10 կետեր, որոնց հիման վրա կարող է արգելվել մուտքը այս կամ այն երկիր: Ըստ այդ փաստաթղթի` մուտքի թույլտվությունը կարող են մերժել հանցագործներին, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել, կամ, եթե տվյալ անձն աշխատել է հետախուզությունում, պատսպարվել է հատուկ ծառայություններում, հանդիսանում է սադրիչ: Ինչպես նաև, եթե նախկինում խախտել է խնդրո առարկա նույն օրենքը, ներկայացրել է մուտքի կեղծ փաստաթղթեր և, ի վերջո, եթե այդ անձը չկատարած ինչ-ինչ պարտականություններ ունի այն երկրի հանդեպ, ուր մուտք գործել է ցանկանում: Մամուլի խորհրդականը, սակայն, ասել է նաև. - Ամենավերջին տվյալներով` Էստոնիայի «սև ցուցակում» հաշվառված է 2005 մարդ: