ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ


Հայ երիտասարդը հետայսու ավելի է մոտենում իր ակունքներին` ցուցաբերելով մեզ վայել առնականություն: Ժամանակի սուրբ թելադրանքով վերագտնումի ճանապարհ պիտի անցնենք` արժանապատվորեն կերտելով հայի դիմագիծը: Առաջին զրուցակիցս կրտսեր սերժանտ Արամ ԱԹՈՅԱՆՆ է: - Ծնվել եմ քաղաք Հրազդանում, ունեմ բարձրագույն կրթություն: Մայրս ուսուցչուհի է: Ընդունված է ասել` երեխան ընտանիքի դեմքն է: Հպարտությամբ կարող եմ ասել, որ հայրենասեր ընտանիք ունեմ: Անում եմ այնպես ¥կամ փորձում եմ լինել այնպիսին¤, որ իրենց պատիվը բարձր պահեմ: Բուհն ավարտելուց հետո 2008-ի գարնանը զորակոչվել եմ: Հայրենիքն ինձ համար սուրբ է: Հողն ու ջուրն ունեն այն ուժը, որ ապահով ես լինում քո երկրում: Շատերն են անմահ խոսքեր ձոնել հայրենիքին, ընդամենը կարող եմ ասել` սիրտս ի°մ երկրում խաղաղ է բաբախում: Բոլորս պատրաստ պիտի լինենք երկրի պաշտպանության համար: Երբ պետք լինի, չեմ տատանվի, երբե°ք: Ասածս լոկ խոսքեր չեն: Հուսով եմ` շատերն են ինձ պես մտածում: Շատ եմ սիրում երաժշտություն: Այստեղ` զորամասում, նեղ մասշտաբով միջոցառումների ժամանակ ուրախացնում եմ, նվագում եմ դաշնամուր, կիթառ: Ասեմ, որ մեր զորամասում հաճախակի կազմակերպվում են մշակութային միջոցառումներ: Դա բացառիկ հնարավորություն է երիտասարդների համար, ծանոթանում ենք այնպիսի մարդկանց հետ, որ ոչ բոլորին բախտ կվիճակվի քաղաքացիական կյանքում հանդիպել, մոտիկից ծանոթանալ: Հանդիպում ենք արվեստագետների, ովքեր երևույթ են մեզ համար: Հրամանատարական կազմը լուրջ ուշադրություն է դարձնում խնդրին: Այցելություններ են կազմակերպվում մշակութային օջախներ: Սկզբում ուսումնական զորամասում եմ եղել, բնականաբար չեմ կարող չասել, որ այս զորամասը շատ է տարբերվում նախորդից. պարոն Բաղդասարյանը կարողանում է զինվորի առօրյան հետաքրքիր դարձնել: Վերջերս մեր զորամասի այցելուները մանկատան երեխաններն էին: Նրանք հետաքրքրությամբ էին ծանոթանում մեր առօրյային: Անընդհատ հարցեր էին տալիս` որտեղից ենք, ինչ կրթություն ունենք, հարմարվել ենք զինվորական կյանքին… Շատերի հետ մտերմացանք. մեզ հետաքրքրում էր նրանց խնդիրները, ինչ նախասիրություն ունեն, ինչ է զինծառայությունը նրանց համար: Ամեն մեկը մի նպատակ ուներ: Մեզ տեսնելով` ոգևորվել էին, և բոլորն անխտիր ցանկացան ծառայել Հայոց բանակում, նույնիսկ աղջիկներն էին ցանկանում ծառայել: Նրանք մեզ համար բեմականացում էին պատրաստել, սիրով ներկայացրին` ակնկալելով բարձր գնահատական: Մեր զորամասը ջերմորեն, սրտաբաց ընդունեց ու ճանապարհեց նրանց: Խոստացան նորից այցելել մեզ… Շարքային Վոլոդյա ՄԱՐԱՆԴՅԱՆԸ ծնվել է Տավուշի Այգեձոր գյուղում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը: Բուհը չավարտած` զորակոչվել է: - Այսօր դեռևս բավարար չենք կարող համարել մեր հասակակիցների կարծիքը զինծառայությանը: Ինքս ողջունում եմ դպրոցականների այցը զորամասեր: Դեռ պատանեկության շրջանում նրանց տրված է լայն հնարավորություն` տեսնելու, ճանաչելու բանակի առօրյան: ՈՒրախ կլինեի, որ նման հնարավորություն մենք ունենայինք մինչև զորակոչվելը: Դա առավել սերտացնում է կապը բանակի հետ, մեղմացնում հոգեբանական վիճակը, որ ունենում են գրեթե բոլոր նորակոչիկները: Զորակոչվելուց հետո նոր միայն նորակոչիկի պատկերացումները փոխվում են: Զորամասն ունի հիմնական ուղղվածություն: Այստեղ մասնագիտանում ենք: Մեզ մոտ միջոցառումներն անցկացվում են համաձայն գրաֆիկի: Սովորաբար մեր այցելու -աշակերտների մեջ շատ են աղջիկները: Նրանց համար ավելի հետաքրքիր է զորամասի ամեն մի մանրուք: Հետաքրքրությամբ նայում են ճաշարանները, զորանոցները, փորձում են մասնակցել ֆիզպատրաստության դասերին: Զորամասի առօրյան այնքան է հագեցած բազմաբովանդակ միջոցառում-հանդիպումներով, որ ծույլ զինվորն էլ ստիպված առույգանում է: Երկրի կայունության, խաղաղության գրավականն է Հայոց բանակը: Ամեն մի հայ, էլ չեմ ասում` ամեն զինվոր պարտավոր է իմանալ իր երկրի պատմությունը` ինչ գնով ենք ձեռք բերել անկախությունը… Զինակից ընկերներիս խաղաղ ծառայություն եմ մաղթում: Հայ ազգը թող հավատա, որ իրենց խաղաղության ու անվտանգության ապահովումը Հայոց զավակների վրա է դրված, իսկ նրանք իրենց գործը լավ գիտեն` շնորհիվ մեր հրամանատարական կազմի: Մենք ենք մեր երկրի տերը:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ