Որևէ մեկը ներում կխնդրի՞ ժողովրդից...


Անցյալ շաբաթ Ազգային Ժողովը վերջապես լսեց ու քննարկեց 2008 թ. մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրման ժամանակավոր Հանձնաժողովի զեկույցը: Բավական դժվար է միանշանակ կարծիք հայտնել, թե որքանո՞վ օբյեկտիվ էր Սամվել Նիկոյանի գլխավորած ժամանակավոր Հանձնաժողովի ներկայացրած զեկույցը և հաջողվե՞լ էր, արդյոք, սպառիչ պատասխան տալ հասարակությանը հուզող բոլոր հարցերին: «Էն գլխից» պարզ էր, որ զեկույցի արձագանքները իրարամերժ պիտի լինեին: Միամտություն կլիներ ենթադրել, թե այդ մարմինը բոլորի համար ընդունելի եզրակացութ յան կարող է հանգել: Այստեղ անվերապահորեն պիտի լինեին ու եղան միևնույն փաստի, միևնույն իրադարձության տարբեր ընկալումներ, տարբեր մեկնաբանություններ: Մեկը գտնում է, թե մարտյան ողբերգության հիմնական մեղավորն իշխանություններն էին. նրանք չապահովեցին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրություններ, ուստի զանգվածները մարտի 1-2-ին, այո°, նաև իրենց զայրույթն էին արտահայտում ընտրությունների արդյունքների կեղծման դեմ: Մեկ ուրիշը բացարձակապես համոզված է, որ ընտրությունների արդյունքներն այստեղ ոչ մի նշանակություն չունեին: Քանզի ակնհայտորեն հեղափոխական ճանապարհով իշխանությունը բռնազավթելու նպատակ հետապնդող ընդդիմությունը դեռ ընտրությունների օրվանից շատ առաջ գիտակցաբար շիկացնում էր քաղաքական իրադրությունը երկրում` զանգվածներին ներշնչելով, թե միևնույն է` ընտրությունների արդյունքները կեղծվելու են: Ու կոչ էին անում` նախապատրաստվել իշխանության դեմ անզիջում պայքարի, հասնել այն բանին, որ կառավարողները կամովին հեռանան, իշխանության ղեկը զիջեն իրենց թեկնածուին: Ոմանք էլ պնդում են, թե ընդդիմության հանրահավաքային պայքարի դեմ իշխանության ձեռնարկած հակաքայլերը համաչափ բնույթ չէին կրում, ոմանք էլ ասում են, թե աշխարհում ոչ մի տեղ այդպիսի քայլերը համաչափ կամ իրավաչափ չեն լինում… Այս բոլոր տեսակետները գոյության իրավունք ունեն: Թե դրանցից ո՞րն է առավել օբյեկտիվը, ազնիվը, արդարացին` յուրաքանչյուրի վճռելիքն է: Այս դեպքում Ազգային ժողովի ժամանակավոր Հանձնաժողովի վերջնական զեկույցը շատ բան փոխել չի կարող: Եթե այդ Հանձնաժողովի նախագահը նույնիսկ հրեշտակապետ լիներ, իսկ անդամները` այլ` հրեշտակներ, միևնույն է` չէին կարողանալու փակել թերահավատների ու զազրախոսների բերանը: Մեր ամենամեծ դժբախտություններից մեկը հենց այդ կարծրացած-արմատացած թերահավատությունն է, հասարակության մեջ անվերջ ներարկվող անվստահությունը, թույնը, մաղձը, ատելությունը: Ո՞վ կհավատա, թե Լևոն Տեր-Պետրոսյանը երբևէ այնքան ազնվություն կունենա, որ վեր կենա ու խոստովանի, թե այո, ինքը ժողովրդի որոշակի զանգվածին գիտակցաբար, միգուցե նույնիսկ` դրսի թելադրանքով, խելահեղության էր առաջնորդում: Հմտորեն շահարկում էր իշխանություններից տասնյակ-հազարավոր մարդկանց ունեցած օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհությունները: Զանգվածներին տևականորեն հանում էր հոգեկան հավասարակշռությունից, ատելությամբ էր լցնում նրանց հոգիները, հրահրում էր հեղափոխության: Որովհետև գիտեր, որ միայն այդ կերպ կարող է բռնազավթել իշխանությունը երկրում: Երբևէ կասի՞, թե ինքը «թքած ունի» ժողովրդի ծանր վիճակի, ժողովրդավարության, ազատության և այլ «բարձր» հասկացությունների վրա: Իրեն միայն և միմիայն իշխանությունն էր հուզում, ինքն այդպիսի մոլեռանդ իշխանատենչ է եղել առնվազն վերջին 20 տարում: Ներողություն կխնդրի՞ ժողովրդից, որ իր հրահրած հեղափոխության ուղղակի հետևանքը եղավ մարտի 1-2-ին Երևանում թափված արյունը: Մեղա կգա՞, որ ինքը, որպես զանգվածներին առաջնորդող գործիչ, չի կարողացել կամ չի ցանկացել հաշվարկել իր կողմից անվերջ շիկացվող հասարակական մթնոլորտի հնարավոր լիցքաթափման բոլոր հետևանքները: Ուստի ոչ միայն «իմաստուն» գործիչ չէ, ինչպես նրան խնկարկում են հին ու նոր կողմնակիցները, այլև անարժա°ն առաջնորդ է: Հանձնաժողովի արձանագրությունը մասնակիորեն պատասխանեց շուրջ 1,5 տարի հռետորական դարձած մի հարցի. ո՞վ է թափված արյան ուղղակի պատասխանատուն: Սակայն Ռոբերտ Քոչարյանը երբևէ այնքան ազնիվ կլինի՞, որ խոստովանի, թե` այո, ընտրությունների ժամանակ մեր հասարակությանն անվայել խախտումներ են կատարվել, մեր կյանքում բազմաթիվ այլանդակություններ կային ու կան, և դրանց դեմ տասնյակ-հազարավորների ընդվզումն արդար էր: Կխոստովանի՞, որ անձամբ ինքը թերագնահատեց հեղափոխական տարերքի վտանգը, ուշացրեց մայրաքաղաքում արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը, իրադարձությունները դուրս եկան վերահսկողությունից, մարդիկ զոհվեցին, ընտանիքներ դժբախտացան: Ներում կխնդրի՞ ժողովորդից, որ այն ժամանակ ինքն իր պաշտոնի բարձրության վրա չգտնվեց… Ոչ մեկից, ոչ մյուսից այդպիսի ազնվություն դժվա¯ր է սպասել: Մնում է, որ հասարակությունն ինքը ուշքի գա, հաղթահարի ատելությունը, մաղձը, թույնը, կուրաբար չգնա մոլեգնորեն իշխանության ձգտող բախտախնդիրների կամ այդ իշխանությունը ամեն գնով պահել փորձողների ետևից և նոր մարտի 1-եր չբերի ինքն իր գլխին…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ