ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ


Հերթական տարեմուտին մենք նորից կարճատև հրաժեշտ ենք տալիս քեզ, սիրելի Ընթեցող: Կարճատև, բայց մեր հաջորդ հանդիպումն արդեն կթվագրվի 2012: Մենք փորձեցինք հնարավորինն անել, որպեսզի թերթում տպագրվող հրապարակումները հետաքրքիր լինեն քեզ համար, ջանացինք, որ լավատեսությունը կամ գոնե տոկուն կամքը չլքի քեզ, ձգտեցինք քո հայացքը հառել առ արժեքներն անանց` Հայրենիք, Հայոց բանակ, Ազգային մշակույթ… Փորձեցինք, ջանացինք, ձգտեցինք: Իսկ թե որքանով դա մեզ հաջողվեց` ինքդ պետք է ասես` գալիք տարում ևս «Ավանգարդի» անդավաճան ընթերցողը մնալով: Չնայած` ողջ տարվա ընթացքում դու մեզ շատ օգնեցիր, մեր լավ Ընթերցող: Օգնեցիր` ոգևորող քո կարծիքներով, մեր հրապարակումների հերոսը դառնալով, «Ավանգարդի» զրուցասրահներում անկեղծ կարծիքներդ հայտնելով… Այսօր պահն է` շնորհակալություն հայտնելու: Ավաղ` չարակամներ էլ եղան. չնչին քանակով չնչին մարդ կոչեցյալներ, որոնց կյանքի նպատակը դավ նյութելն է: Եթե անկեղծ` ապա այդպիսիների դրական կարծիքը և բարի վերաբերմունքը մեզ պետք է վիրավորեր: Ավելին, նաև չարակամների գոյությունն է մարդկանց օգնում` ճանաչելու խոտոր ուղին: Ի՞նչ ենք մաղթում քեզ, Ընթերցող: Անամպ երկինք, առողջություն, հոգու անդորր, բարեկեցություն, երջանկություն: Իսկ այդ ամենի համար, գիտենք` քեզ աշխատանք է պետք, և մեր Հայրենիքին` բարգավաճում: Ուրեմն մաղթենք, որ ուժն ու արդարությունը միատեղվեն ամենուր: Գրեթե ամեն օր համոզվում ենք նորից ու կրկին, թե որքան անզոր է անուժ արդարությունը, և որքա˜ն զազրելի է բիրտ ուժն` առանց արդարության: Բայց նաև գիտենք, որ տառապանքն ու մաքառումը միշտ տանում են դեպի վսեմ նպատակակետ: Այդ նպատակակետը Հայաստան աշխարհի հզորացումն է, այն էլ` ոչ թե բախտի չարախնդությամբ այսօր գրպան ուռեցրածների, այլ արժանապատվությունը չկորցրած արդարների շնորհիվ: Եվ, փա˜ռք Արարչին. նրանք կան: Բարեբախտաբար` նաև այն «վերևներում», դեպի ուր առիթով թե անառիթ մեր դժգոհությունն ենք ուղղում: Արդ, վերստին զինվիր սթափությամբ, Հայ Մարդ. վերստին շրջահայացությունն ու տոկունությունը ընտրիր քեզ ուղեկից, վանի´ր չարը` հոգուցդ ու շրջապատից: Ամենակարևորը` սիրիր այն հողը, որը քո պապերի, հայրերի ու որդիների արյամբ է ոռոգվել: Քո սիրով ու քո գոյությամբ միայն այն կշենանա: Ուրեմն մաղթենք, որ ուժն ու արդարությունը միատեղվեն ամենուր: Գրեթե ամեն օր համոզվում ենք նորից ու կրկին, թե որքան անզոր է անուժ արդարությունը, և որքա˜ն զազրելի է բիրտ ուժն` առանց արդարության: