ՀԱ Ո՞Ր


Արդեն համոզվել ենք` հայկական գնաճը տոների ու հատկապես Ամանորի կողքով անտարբեր չի կարողանում անցնել: Ու այս առումով «Հայի բախտ» կոչվող երևույթը տարեսկզբից առաջ շուրջկալում է մեր հանրությանը. մենք որքան ճոխ ենք սիրում նշել Նոր տարին, գնաճն այնքան հուժկու թափով է վրա հասնում` ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում հիմնավորվելով ու հնարավոր ամեն ինչ ընդգրկելով: Մինչդեռ թանկացումները, դիցուք, ձյան տեղումներ չեն, որոնց գալստյան ժամն ու ծավալը դժվար լինի որոշել: Վատ սովորույթի ուժով մեր ներկրող-արտադրողները, ամբողջ տարվա ընթացքում մարդկանց գրպանները դատարկելուց չհագեցած` ամեն դեկտեմբերի ձգտում են է´լ ավելին կորզել: Աշխարհը` մեզնից, մենք էլ աշխարհից այնքան հեռու ենք, որ ամենուր կիրառվող զեղչերը նույնիսկ մեր «լավ տղերքի» մտքին ու խղճին հասու չեն: Որոշ միամիտներ` չհայտարարված քարոզարշավի «բարեսիրության» նախաքայլերից շփոթված, կարծում էին, թե առաջիկա ընտրություններն այս անգամ կարող էին մեղմել դեկտեմբերյան ավանդական գնաճը: Ո՞ւմ հայտնի չէ, որ օլիգարխը որպես կանոն նաև պատգամավոր է և կարող էր հանկարծ մտածել` մեղմ գներով ապրանքներ վաճառելով ընտրազանգվածին հաճոյանալու մասին: Բայց նրանք իրենց խելքը հո սև խավիարի հետ չե՞ն կերել, որ սովորական շահույթներով բավարարվեն: Գեր¬գերագույն շահույթներ հիմա որ չգռփեն, տարին բոլոր եթե չկեղեքեն` նախընտրական «բարեգործի» դիմակը ո՞նց առնեն: Բա հաճույք չստանա՞ն` տեսնելով, թե ոնց են մարդիկ 10-20 դրամի համար թախանձագին սակարկում: Բա քթները վեր ցցած չանցնե՞ն օրվա ապրուստը մի կերպ հայթայթած` ապագա ու նախկին «սիրելի ընտրողների» կողքից: Էլ չենք ասում` փողոցների աղբամանները շուն ու կատուների հետ կիսողների մասին...