ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ` ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՆՑՆԵԼՈՎ


Գազի անորակ լինելու և ցածր կալորիականություն ունենալու մասին վերջին շրջանում հաճախակիացած պնդումները «Հայռուսգազարդին» վերջնականապես են հունից հանել: Ընկերության տարածած հաղորդագրությունը հավաստիացնում է, թե «Հայռուսգազարդը» բարի համբավ ունի և բնական (իսկ սպառողների կողմից անբնական լինելու չափ անորակ գնահատվող) գազի որակը կասկածի տակ առնող և այս ու այնտեղ այդ մասին հայտարարող շարքային մի սպառողի դեմ իրենք արդեն դատական հայց են ներկայացրել: Ցավոք, չի մանրամասնվում, թե գազամատակարարի «պատիվը» գումարային փոխհատուցմամբ կվերականգնվի՞, թե՞ ոչ: Պարզ է սակայն, որ երկու դեպքում էլ մատակարարվող վառելիքի որակը հազիվ թե փոքր¬ինչ գոհացնող դառնա: Վկան` գազի դիմաց մեր վճարումների անբնական թռիչքը: Իսկ ընդհանրապես, «Հայռուսգազարդը» հավանաբար պետք է առաջիկայում նախատեսի` իր մի քանի հարյուր հազար բաժանորդներին դատարանում դիմավորել, քանի որ գազի կասկածելի որակի մասին ամենաշատը բարձրաձայնած քաղաքացին, թերևս յուրաքանչյուր բաժանորդի կարծիքն է արտահայտում: Չպետք է նաև բացառել, որ հարցը «դիվանբաշուն» հասնելուց հետո վերջնականապես կհիմնավորվի, որ մատակարար ընկերությունը վերջին շրջանում սպառողներին իսկապես ցածր կալորիականությամբ ու օդախառն զանգված է մատակարարում: