ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԱՆՔ


Արամ ՍԱՐԳՍՅԱՆ. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ. Կուսակցական աշխատանքին լավագույնս ծանոթ այն անհատներից է Արամ Գասպարի Սարգսյանը, ով այդ բոլորի թիվ 1 կարևորությունը հստակ գաղափարախոսությունն է համարում: Ինչպե՞ս է նա գնահատում մերօրյա քաղդաշտը: - Քաղաքական դաշտի նկարագիրն առանձնապես չի փոխվել. այնպիսին է` ինչպիսին 20 տարի առաջ էր` անկայուն և գաղափարական տեսանկյունից` դեռ չձևավորված: Կարող եմ նշել հատուկենտ կուսակցություններ, որոնք գաղափարական հստակ ծրագրեր և դիրքորոշումներ են ներկայացրել: Իսկ դա հանգեցրեց նրան, որ մենք չկարողացանք քաղաքական առողջ մրցակցություն ծավալել: Եվ հիմա ունենք կուսակցություններ, որոնք այսպես կոչված «բարեգործությամբ» են զբաղվում` փորձելով այդ կերպ բարձրացնել քաղուժի վարկանիշը: Բացի այդ, իրենց կուսակցությունների անդամների այնպիսի թվաքանակ են նշում, որ Հայաստանի պայմաններում պարզապես անհնար է: «Բարեգործություն» բաշխելիս` ստացողների ցուցակներ են կազմում` նրանց ներկայացնելով որպես իրենց կուսակցության անդամներ: Ժողովուրդն էլ «հեռատես» է դարձել. շատերը մի քանի կուստոմսեր են ստանում` «մեկ էլ տեսար` պետք եղավ» սկզբունքով: Ոչ թե ժողովուրդն է մեղավոր, այլ քաղաքական համակարգն է ոչ ճիշտ ձևավորված և հաճախ ընկալվում է որպես բարեգործական մարմին: - Եթե փոքր¬ինչ կոպիտ ձևակերպենք` կաշառատու մի օղակ, որից այսրոպեական օգուտ են ակնկալում` այն էլ միայն նախընտրական ժամանակներում: - Այո: Եվ խեղաթյուրվել են քաղաքական մրցակցություն, գաղափարական պայքար հասկացությունները: Գուցե հոռետեսական թվա, բայց գալիք ընտրություններից ես առանձնակի ակնկալիքներ չունեմ, որովհետև չի փոխվում իշխանության գաղափարախոսությունը. չէ՞ որ իշխանությունը նաև գաղափարախոսության կրող է, որի փոփոխությունն անպայման կանդրադառնա ամբողջ դաշտի վրա: - Փորձենք մասնավորեցնել: - Պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որտեղ կարևորը գաղափարախոսության մրցունակությունը պիտի լինի, որպեսզի մարդիկ համեմատելով կողմնորոշվեն, թե ում տան նախապատվությունը: Բացի այդ, ստվերային կապիտալն այսօր «աշխատում» է քաղաքական դաշտում. ու դա ամենամեծ վտանգն է: Ժողովրդի սոցիալական խնդիրներով պետական մարմինները պետք է զբաղվեն, իսկ երբ կուսակցությունն է զբաղվում, դա զավեշտ է և հանցագործության է համազոր: Այն պարզ պատճառով, որ այդ նպատակով ծախսվող գումարները ստվերային դաշտում են կուտակվել: Պաշտոնապես դիմելով իշխանություններին, մենք առաջարկել ենք վերացնել այդ 3 արատները` ստվերը, մենաշնորհը և օլիգարխիան: Հակառակ դեպքում կոռուպցիան ծաղկելու է: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, ապա գրեթե վստահաբար կարելի է ասել, որ դրանք կարող են համապատասխանել օրենքի պահանջներին, բայց արդարացի, ազնիվ համարվել չեն կարող: Մենք անհավասար պայմաններում ենք: Խայտառակ փաստ է. կուսակցությունները պարտավոր են 20 հազար դոլարին համարժեք` 8 միլիոն դրամ գրավ դնել` ընտրություններին մասնակցելու համար: - Առանց այդ գրավի էլ` ընտրարշավը բավական ծախսատար է: - Ահռելի գումարներ են պետք` քարոզարշավի համար: Իսկ նշյալ գրավն արդեն իսկ անհավասար մրցակցություն է ենթադրում: Որտեղի՞ց պետք է վերցնել այդ գումարը: Ասում են` կուսանդամավճարներից: Դա ծիծաղելի է, որովհետև շարքային կուսակցականները մեծահարուստներ չեն և խորհրդանշական անդամավճարն էլ դժվարանում են մուծել: Ստացվում է, որ ի սկզբանե արհեստականորեն խոչընդոտվում է արդար մրցակցությունը: Մեզանում ուղղակի ոտնահարված է սոցարդարության սկզբունքը. հասարակության բևեռացումը ոչ թե կրճատվել, այլ աճել է: Վերջին փաստերն այդ են վկայում. ավելի քան 2000 մարդ ևս դարձավ աղքատ: Ի՞նչ վիճակում է առողջապահության ոլորտը. մարդիկ պարզապես չեն կարող բուժվել, որովհետև պահանջվող գումարներ չունեն: - Թերևս` աշխատատեղերի ստեղծմամբ շատ հոգսեր կթեթևանան: - Դա նաև արտագաղթին է նպաստում: Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր առաջարկությունները: Այս իշխանությունը մի քիչ տարբերվում է նախորդից. գոնե լսում են, փորձում են ինչ¬որ բան փոխել: Բայց որովհետև քաղաքական կամք չի դրսևորվում, շատ ձեռնարկումներ մնում են թերի: Համակարգային փոփոխություններ են պետք. նեոլիբերալ համակարգն այլևս չի կարող լավ ընթացք ապահովել: Ռուսաստանի ընտրությունները ևս մեկ անգամ բացահայտեցին, որ ժողովրդի տրամադրությունները դեպի ձախ են ուղղված: Այսինքն, ձախ ուժերի հնարավորություններն ավելի են բարձրացել: Եվ եթե մենք` սոցիալիստամետ, սոցիալ¬դեմոկրատական ուժերը, կարողանանք ժողովրդին ներկայացնել մեր գաղափարախո սությունն ու ծրագրերը, համոզված եմ` ավելի մեծ թվով ձայներ կստանանք: - Ի՞նչ կմաղթեիք Ձեր ղեկավարած քաղուժի պոտենցիալ մրցակիցներին: - Նրանց ես միայն կարող եմ հորդորել, որ հրաժարվեն զարտուղի մեթոդներից: Ընտրարշավի ժամանակ մենք խոսելու ենք փաստերով. հիմնավորելու ենք, որ ոմանք օգտագործում են իրենց կապիտալը, ինչն անմաքուր ճանապարհով են ձևավորել: Այն գումարները, որ ընտրություններից առաջ «բաշխվում» է բարեգործության տեսքով` ժողովրդից ու պետբյուջեից գողացված փողեր են: Դա անբարոյականություն է: Ժողովրդին օգնե՞լ են ուզում` թող ընտրություններից հետո հոգան մարդկանց կարիքները և ցույց տան, թե որտեղի՞ց են այդ գումարները: Քավ լիցի, ես դեմ չեմ մեծահարուստներին: Մենք դեմ չենք հարստությանը. պարզապես ուզում ենք, որ այսքան խիստ բևեռվածությունը վերանա, ձևավորվի միջին խավ, և վերանա մեծահարուստներ¬աղքատներ անջրպետը: Ես մաղթում և հորդորում եմ` ընտրապայքարը թող գաղափարական լինի: Ինքս պատրաստ եմ հրապարակայնորեն բանավիճել ցանկացած քաղուժի հետ: Ռուսաստանի այդ օրինակը տեսա՞ք որքան ուսանելի էր. ընտրողն ուղիղ եթերում տեսավ, ճանաչեց մրցակիցներին և կողմնորոշվեց: Պատկառելի քանակով ձայներ ստացան սոցիալ¬դեմոկրատները: Այսինքն, ընտրողը հասկացավ, որ այսօր դա է ճիշտ ճանապարհը: Նույնը լինելու է նաև Հայաստանում, եթե այդպիսի բացախոսություն ծավալվի: Մի խոսքով, բոլորին մաղթում եմ հաջողություն, բայց` արդար ճանապարհով: - Տարեմուտի Ձեր մաղթանքը` ժողովրդին: - Ամեն օր հանապազօրյա հացի համար պայքար մղող, բազմաչարչար մեր ժողովրդին մաղթում եմ, որ հնարավորություն ունենա իր քրտինքով, աշխատանքով վաստակել իր ապրուստը և արժանապատիվ կյանքով ապրի: Մաղթում եմ սթափություն` ընտրություններում, որ ընտրեն չվարկաբեկված ուժերին. նրանց, ովքեր հստակ ծրագրեր կներկայացնեն և մինչև հիմա գոնե չեն խաբել իրենց: Ուզում եմ, որ ընտրողը հավատա իր քվեին… Բարեկեցություն, աշխատանք եմ մաղթում իմ հայրենակիցներին և խաղաղություն` մեր երկրին: Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. ԱԻՄ առաջնորդ - Ի՞նչ կմաղթեք ՀՀ նախագահին, ընդդիմությանը` խորհրդարանական և խորհրդարանում չներկայացված ընդդիմությանը, իշխող կոալիցիային: - Ես առաջին հերթին քաղաքական գործիչներին` մարդկանց ճակատագրերում պատասխանատվություն ստանձնած անձանց` անկախ պետական համակարգում նրանց զբաղեցրած դիրքերից, կմաղթեի, որ իրենց կարևորագույն խնդիրն համարեին երկրի, իրենց էական դերակատարության նկատմամբ մարդկանց հավատը վերականգնելը: Կմաղթեի` հասկանան, որ անկախություն նպատակը` իր բաղադրամասերով, միայն Հայրիկյանինն ու իր ընկերներինը չէ, այլ բոլոր հայերինը: Արդեն մի քանի տարի շրջանառության մեջ գտնվող Կատարյալ ժողովրդավարության համակարգ որդեգրելու առաջարկը միայն ինձ չէ, որ օգուտ է բերելու: Դա էականորեն նպաստելու է, որ Հայաստանի քաղաքացիները և´ առարկայորեն, և´ իրավաբանորեն, և´ հոգեբանորեն իրենց երկրի տեր զգան: Ընդհանուր նահանջի, ազգային ճգնաժամի ու միմյանցից հիասթափության պայմաններում այդ համակարգի որդեգրումը համադարմանի դեր կարող է կատարել մեր կյանքի բոլոր ոլորտներում: Դրան զուգահեռ, տա Աստված, որ իրենց քաղաքական` ազգային պետութենական գործիչ համարողները, մանավանդ պահպանողական դիրքերից ելույթ ունեցողները հասկանան, որ հայ գրքի տպագրության հինգհարյուրամյակի տարում գոնե պետք է սկսել մեր ազգային դասական, միասնական ուղղագրության վերականգնումը, որ պետք է Քրեական օրենսգրքի պահանջները կատարելով` վնասազերծել և կապանքներից ազատել հայ ժողովրդի դեմ գործած ու կախվածության մեջ գտնվող լրտեսներին: - Ողջ հայ ժողովրդին և Հայաստանի քաղաքացիներին: - Իմ սիրելի հայրենակիցներին մաղթում եմ հույս և հավատ, համբերություն` մանավանդ սպասվող հերթական ընտրախաղերին ընդառաջ: Կոչ եմ անում առօրեական դարձած աթոռակռիվը չհամարել ամենաէականը ձեր անձնական ու մանավանդ մեր ընդհանրական ազգային կյանքում և նոր անշնորհքությունների պատճառով չհիասթափվել մեր միակ հայրենիքից: Աթոռապաշտները` աթոռի համար ամեն ինչի պատրաստ խեղճությունները, ոչ մի կապ չունեն մեր ազգային արժեքային համակարգի հետ: Հարյուր արժանապատիվ ու ազնիվ մարդիկ ավելի մեծ արժեք ունեն ազգային ճակատագրի համար, քան բոլոր պատգամավորներն ու նախարարները միասին վերցրած: Հայաստանի ամեն քաղաքացու մաղթում եմ հիշել. Հայաստանն սկսվում ու ավարտվում է իրենով` անկախ այն բանից, թե որքան անարժաններ ասպարեզում իրենց կմատուցեն… - Ամանորին բոլորը մի քիչ մանկանում են: Դուք մանուկ հասակում երևի հավատացել եք Ձմեռ պապիի գոյությանը: Նրանից ի՞նչ կխնդրեիք Ձեզ համար: - Երեխա ժամանակ իսկապես հավատացել ու սպասել եմ Ձմեռ պապի գալուն ու նրա նվերներին: Փառք ու պատիվ` ծնողներիս ու օրհնություն` բոլորի ծնողներին: Հիմա Ձմեռ պապիից որևէ բան չեմ ակնկալում: Հիմա գիտեմ, թե ումից պետք է խնդրել, և թող իմ գաղտնիքը մնա, թե ինչ մասնավոր խնդրանքներով եմ դիմում Ամենակարողին: Որպեսզի հաջողակ լինենք, Աստված պիտի մեզ հետ լինի, իսկ դրա համար մենք պիտի իր կողմը գնանք մեր քայլերով ու մեր պահվածքով: Թո´ղ մեր Տերն ինձ ու մեզ բոլորիս իրեն մոտենալու ուժ ու իմաստություն պարգևի և արժանի դարձնի:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ