ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ. ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր


ԺՊԻՏՈՎ ԱՊՐԵՆՔ ՆՈՐ ՏԱՐՈՒՄ Ես ծիծաղի մասին երգ եմ գրել, որը հնչում է հեռուստատեսությամբ: Շատերին թվում է, թե դա պարզապես երգ է, որն անհրաժեշտ էր հաղորդմանը: Չէ, դա իմ պատգամն է: Իհարկե, այնքան ծեր չեմ, որ սկսեմ պատգամներ թողնել, բայց, դե, արդեն մեծ մարդ եմ, մազերս վաղուց են սպիտակել: Հետևաբար, մի բան էլ պատգամելու իրավունք ես ունեմ: Ուրեմն այսպես. թող նոր տարում բոլորը ժպտան, թող երբեք չմտածեն տխրելու մասին, իսկ տխրությունն էլ թող իմանա, որ մենք իրենից շատ ենք զզվել ու այլևս չենք ուզում իր հետ հանդիպել… Շատ եմ ուզում, որ օդանավակայաններում ժպիտ լինի, այսինքն` միշտ դիմավորենք նրանց, ովքեր որոշել են տուն դառնալ, գալ Հայաստան ու ապրել մեր հրաշք երկնքի տակ: Աշխարհի ոչ մի երկիր այսքան տաք երկինք չունի: Մերն ուրիշ է… Ուզում եմ, որ «Ավանգարդ» թերթն էլ ժպտալու շատ առիթներ ունենա, փնտրի քննադատելու առիթներ ու չգտնի: Դա մի քիչ դժվար բան է, բայց ես մաղթում եմ: Ասում են, որ մաղթանքները երբեմն իրականություն են դառնում: Հենց այդ հավատով էլ ուզում եմ նոր տարվա գիշերը նայել աշխարհին ու մարդկանց, ժպտալ բոլորին և հավատացնել, որ ծիծաղն իսկապես կյանքի էլիքսիրն է: