ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ


ԻԲՐԵՎ ՄԱՅՐ ՈԻ ԿԻՆ` ԴԻՄՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ Ես մայր եմ ու կին: Արտերկրում ապրող դուստր ունեմ, ում ու թոռներիս համար միշտ անհանգստանում եմ, միշտ անհամբերությամբ վերցնում հեռախոսն ու խոսում նրանց հետ: Հետո հանգստանում եմ, որ լսեցի նրանց ձայնը, ինձ իրենց մոտիկ զգացի: Րոպեներ անց` նորից կարոտում եմ… Դժվար է կարոտի դեմ կռվելն ու նրան հաղթելը: Այդ պատճառով էլ շատ եմ ուզում, որ նոր տարում քիչ լինեն ինձ նման մայրերը, նրանք ամեն օր սեղան նստեն իրենց զավակների հետ, այլևս անհամբերությամբ չնայեն հեռախոսին… Մեր գրականության մեջ կարոտի թեման մեծ տեղ է զբաղեցնում, ու մենք աշխարհի այն եզակի ժողովուրդներից ենք, որն իր գրականության մեջ կարոտի թեմա ունի, կարոտի գրականություն ունի: Ոմանք ասում են` թե դա մեր ճակատագիրն է: Բայց ես այդ ճակատագիր ասվածի հետ մեծ կռիվ ունեմ: Ուզում եմ, որ Հայաստանը հզորանա, շեն ու բարետես երկիր դառնա, իրականություն դառնան մեր բոլոր երազանքները, որպեսզի այլևս կարոտած հայացքներով չնայենք ճամփաներին: Դժվարությունները հեշտությամբ չեն հաղթահարվում, բայց այնպե˜ս եմ ուզում, որ մենք կարողանանք վերջին տարիների մեր ձեռքբերումները բազմապատկել, հասնել մեծ հաջողությունների: Իսկ մենք դա կարող ենք, որովհետև դարեր շարունակ ապացուցել ենք, որ ունենք մեր մեջ ամբարված մեծ ուժ: Մնում է, որ հավատանք այդ ուժին…