Մշակութային տարին հագեցած թող լինի


ԷԴՎԱՐԴ ԹՈՓՉՅԱՆ ՀՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար 2011 թվականը մեզ համար հարուստ և հագեցած տարի էր: Բազմաթիվ համերգներ ունեցանք, ունեցանք փառատոներ և հյուրախաղեր: Ուրախությամբ արձանագրեցինք, որ աստիճանաբար վերադառնում ենք դեպի դասական-սիմֆոնիկ երաժշտությունը, որ կարողանում ենք սեր ու հարգանք դրսևորել դասականի հանդեպ: Երաժիշտներս ուրախանում ենք, երբ համերգասրահներում պակասում են ազատ տեղերը, իսկ ունկնդիրներն էլ սկսում են համերգների գալ որոշակի պատրաստվածությամբ: Շատ եմ ուզում, որ արդեն գալիք տարում այլևս չմտածենք դահլիճների համալրման մասին. մարդիկ համերգների գան նախապատրաստված` զգալու սիմֆոնիկ երաժշտության խորությունն ու պարգևող հաճույքը: Վերջերս նշեցի, որ 2012-ին մեր նվագախմբից 10 բարձրակարգ երաժիշտ է հեռանալու: Ցավով խոսեցի այդ մասին… Շատ կցանկանայի, որ մեզ մոտ ստեղծվեին այնպիսի պայմաններ, որպեսզի ուրիշները ցանկություն ունենային գալ Հայաստան և այստեղ ստեղծագործել` չմտածելով ճանաչման մասին: Ուզում եմ, որ գալիք տարին հագեցած լինի մշակութային իրադարձութ յուններով, մայրաքաղաքում երևացող ազդագրերի հարստությամբ և բազմազանությամբ: Նաև երազում եմ, որ ժամանակակից հայ կոմպոզիտորներն իրենց նոր ստեղծագործություն ներով գրոհեն մեր նվագախմբերը… Ուրեմն` ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում բոլորին: