Ամանորյա ավանդույթներ ու սովորույթներ


ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ Նոր տարին դիմավորում են տանը: Տոնը սկսելուց առաջ տան ամենափոքրը տոնածառի մոտ ծիսական երգեր է կատարում: Հյուրերը նրան նվերներ են տալիս: Ամենահետաքրքիրն սկսվում է այն պահին, երբ ժամացույցի զանգերն ավետում են Նոր տարվա գալուստը: 12¬րդ զանգի հետ բոլոր տներում 3 րոպեով մարում են լույսերը. դրանք ամանորյա համբույրի րոպեներն են, որոնք փոխարինում են բոլոր բաժակաճառերին: «Համբույրադադարը» լավագույն միջոցն է` տուրք չտալու գեղեցկախոսությանը, հաճախ ձանձրացնող կենացներին: Դրանից հետո տանտիրուհին կտրտում ու բաժանում է անակնկալներ պարունակող կարկանդակը: Եթե որևէ մեկին մետաղադրամ է բաժին հասնում` նրան հարստություն է սպասվում, եթե վարդի թերթիկ` սեր: Իսկ սեղանի շուրջ ովևէ մեկի փռշտալը հաջողության նշան է: Նոր տարվա նախօրեին բուլղարացիները հոնի ծառի ճյուղիկներ են ձեռք բերում: Հունվարի 1¬ին երեխաները մոտենալով հարազատներին ու մտերիմներին` թեթևակի հարվածում են այդ ձողիկներով ու շնորհավորում: ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ Ծննդյան տոների նախօրյակին նվիրում են «արքայական կարկանդակ»: Շաքարամրգից ու նուշից բացի, դրա մեջ փոքրիկ պատկեր կամ կրծքանշան է լինում: Նա, ում բաժին է հասնում այդ անակնկալը` պարտավոր չէ այն կուլ տալ: Դա պարզապես հաջողության նշան է: ԴԱՆԻԱՅՈՒՄ փոքրիկներին նվիրում են փայտե կամ թավշյա եղևնի, որի ճյուղերի արանքից երևում է անտառի որդին: Դանիացիք հավատում են, որ անտառի չարաճճի որդին մարմնավորում է ծառի ոգին: Ուղիղ կեսգիշերին տանտիրուհին մեծ ճաշամանով մատուցում է տոնական քաղցր բրնձե շիլան: Ճաշամանի հատակին նուշ կամ ընկույզ է դրվում: Այդ պահին անհամբերությամբ են սպասում հատկապես չամուսնացած աղջիկները. եթե ընկույզը (կամ նուշը) բաժին հասնի, ուրեմն նորեկ տարում նա կամուսնանա: ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ նվերներ են պատվիրում Ծննդյան Հոր համար: Նրան նամակներ են գրում` թվարկելով բոլոր ցանկությունները և նետում են վառարանը: Վառարանի ծխի միջոցով այդ ցանկությունները հասնում են ճիշտ հասցեատիրոջը: Անգլիացիներն իրար հանձնում են նույն արժողությամբ նվերներ: Ընտանեկան միջավայրում նվերների բաշխման արարողությունը կատարվում է հին ավանդույթով` վիճակահա նությամբ: ՇՈՏԼԱՆԴԱՑԻՆԵՐՆ Ամանորի գիշերը մտերիմներին այցելում են մի պատառիկ կարկանդակով, մի բաժակ գինիով և ածուխի կտորով: Նրանց համոզմամբ դա ամենահուսալի տարբերակն է` ողջ տարվա ընթացքում նրանց սննդով, ըմպելիքով ու ջերմությամբ ապահովելու: Երբ ժամացույցի սլաքները սկսում են ազդարարել ժամը 12¬ը, տանտերը լուռ բացում է դուռը և բաց պահում մինչև 12¬րդ հարվածը: Այդ կերպ նա ճանապարհում է հին տարին ու ներս թողնում նորը: ԻՏԱԼԻԱՅՈՒՄ անցնող տարվա վերջին բոլոր պատուհաններից դուրս են նետում ծաղկամաններ, հին աթոռներ, սապոգներ... Որքան շատ իրեր նետես` Նոր տարին այնքան շատ հարստություն կբերի: Եթե տանը հին իրեր չկան, ապա պետք է օգտագործած նորերը նետել, այլապես երջանկությունն այդ տան կողքից կանցնի: Իտալացիները նաև նոր հագուստով են դիմավորում Ամանորը: Դեկտեմբերի 31¬ին տղամարդիկ ու կանայք իրար կարմիր ներքնազգեստ են նվիրում. այդ գույնը նորի խորհրդանիշն է: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են ակնկալում Ձմեռ պապի կնոջից` Լա Բեֆանայից: ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ Ծննդյան տոներն ընտանեկան են. բոլորը պարտադիր պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջ: Դա նվերների բաշխման արարողության օրն է` Բեշե-ռունգը: Ամանորի գալստյան «պաշտամունքը» մեղրաբլիթն է: Այդ` «ալյուրով, շաքարով ու չամիչով պատրաստված իսկական հրաշքը» XVI դարում երբեմն նստարանի մեծության էր լինում: Այդ կերպ հնարավոր էր բոլոր ծանոթներին ու մտերիմներին նվեր տալ` նվազագույն ծախսերով: Գերմանիայում Նոր տարում անպայման մատուցվում է վառ կարմիր ներկված խորտիկ` խնձորով, ընկույզով, չամիչով և բլիթներով: Խնձորը բարու և չարի իմացության պտուղն է: Իր ամուր կեղևով և համեղ միջուկով ընկույզը խորհրդանշում է կյանքի գաղտնիքներն ու դժվարությունները: Գերմանիայում ասում են` «Աստված տվել է ընկույզը, իսկ մարդը պետք է կոտրի այն»: ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ միմյանց նվիրում են խոզի ապակյա կամ ճենապակյա արձանիկներ` երբեմն խնայատուփի տեսքով: Ընդունված է Նոր տարվա գիշերը Վիեննայում լսել «Հաջողութ յան զանգերի» հանդիսավոր ղողանջը. այդ զանգերը տեղադրված են Սբ. Ստեֆանի տաճարում: Եվ մայր Եկեղեցու հրապարակում դեկտեմբերի 31¬ին հազարավոր մարդիկ են հավաքվում: Հին ժամանակներում այս երկրում լավ նախանշան էր համարվում ծխնելույզ մաքրողի հանդիպելը և նրան դիպչելով` մրոտվելը: Ավստրիացիք համոզված էին, որ դա մեծ երջանկություն ու հաջողություն է բերում: Այդ պատճառով էլ Սուրբ Ծննդյան նվերները հաճախ հնամաշ հագուստով ու մրոտ ծխնելույզ մաքրողի տեսք են ունենում: Ավստրիայում, Հունգարիայում և Հարավսլավիայում տոնական սեղաններին երբեք թռչնամիս չի լինում (սագի, բադի, հավի, հնդկահավի): Այս երկրներում զգուշանում են, որ այդ երեկո թռչուն ուտելով` իրենց երջանկությունը կթռչի: ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ նվիրում են` ով ինչ ցանկանա, չնայած այստեղ նվերի մատուցման ավելի խիստ կանոններ են գործում, քան այլուր: Դիցուք, կնոջն օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը, ուրիշ տղամարդու կողմից այդպիսի նվերը համարվում է շատ անպատշաճ: Բարեկեցության և ընտանիքի խորհրդանիշն այստեղ պատի վառարաններում այրվող փայտի մեծ կտորն է: Իսկ ֆրանսիական Ձմեռ պապը մանկական կոշիկների մեջ է լցնում իր նվերները: