ՏԱՐՕՐԻՆԱԿ ԳՈՎԱԶԴ


 

Հայաստանի կառավարությունը մեծագույն ջանքեր է գործադրում Երևանից դուրս բերելու բոլոր խաղատներն ու մոլախաղերի սիրահարներին հեռացնելու կենտրոններից: Բայց պարզվում է, որ այս ջանքերն իզուր են, որովհետև մի շարք կազմակերպություններ ու կառույցներ, անհասկանալի շահեր հետապնդելով, գովազդում են խաղատները` դրանց համար օգտագործելով հատկապես մայրաքաղաքի կենտրոնը:

«Մոսկվա» կինոթատրոնի շենքի ճակատային մասում, ամենաբարձր ու երևացող տեղում, «թառել» է «Սենատոր» խաղատան գովազդը, որը գայթակղում ու ոգևորում է, խոստանում 60 հազար դոլար շահում...

Թվում էր, որ երկրի գլխավոր կինոթատրոնը պիտի շահագրգռված լիներ հայրենական կինեմատոգրաֆի գովազդով, ազգային կինոարժեքների մատուցմամբ, սակայն այստեղ մշակութային գովազդն իր տեղը զիջել է խաղատնայինին` այսպես մեկ անգամ ևս բոլորիս հասկացնել տալով, որ մեզ համար մշակույթն ու արվեստը երկրորդային են, կցորդային:

Ի դեպ` «Սենատոր» խաղատան գովազդներին, ընդորում, հաճախ ոչ հայերենով, կարելի է հանդիպել մայրաքաղաքի բազմաթիվ պողոտաներում և գլխավոր փողոցներում: Հասկանալի է, որ գովազդն ապահովող ընկերություններն ու կազմակերպություններն էլ իրենց շահերն են ապահովում, բայց չէ՞ որ սա ընդունված օրենքների խախտում է: