Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՍ ԲԱՔՎՈՒՄ, ՐԱՖՖԻ´


 

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Բաքու և մասնակցել Ասիական կուսակցությունների 7-րդ համաժողովին: Ինչպես ինքն է վկայել` հրավերը ստացել էր դեռևս այն օրերին, երբ Հունգարիան արտահանձնել էր Սաֆարովին: Այդ առնչությամբ ՀՀ նախագահի ապագա թեկնածուն ասել է.

- Պատասխանեցինք, որ մտադիր չենք մասնակցել, քանի որ Ադրբեջանն արժանի չէ որևէ միջազգային ուշադրության: Դրանից  հետո կազմակերպիչները տեղեկացրին, որ կապահովեն իմ ելույթ ունենալու հավասար հնարավորությունը, և ես որոշեցի ընդունել հրավերը:

Ստացվում է, որ մեր քաղաքական գործչին միայն անվտանգության երաշխիքներն են հետաքրքրել, իսկ այլ ենթատեքստեր նրա համար նշանակություն չեն ունեցել: Նախ զարմանալի է, որ Եվրոպական կուսակցության անդամը մասնակցում է Ասիական կուսակցությունների համաժողովին: Կարծես արժեհամակարգերի տարբերության խնդիր Րաֆֆի Հովհաննիսյանը չի դնում: Բայց առավել վտանգավորն այն է, որ մասնակցելով այդ համաժողովին, նա կարծես հասկացնում է աշխարհին, թե հայ քաղաքական գործիչները կարող են մերժելի համարել Հունգարիայի վարքագիծը, բայց մեկնել Բաքու և մասնակցել համաժողովի:

Ուշագրավ էր այս առթիվ անվանի լրագրող և թատերագիր Սամվել Խալաթյանի կարծիքը.

- Աբսուրդ է, Րաֆֆու ելույթ ունենալու հավասար հնարավորության ապահովումը Ադրբեջանին արժանի՞ է դարձնում միջազգային ուշադրության... Այդ տրամաբանությամբ ու քաղաքական գործչի դիվանագիտությա՞մբ է նա առաջադրվելու ՀՀ նախագահի թեկնածու...