ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՎԱԽԵՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ


 

Ադրբեջանական աղբյուրները վկայում են, որ Իլհամ Ալիևը պաշտոնապես խնդրել է ՆԱՏՕ-ին` հսկողության տակ վերցնել հիմնական արտահանման խողովակաշարերը և էներգետիկ ենթակառուցվածքները: Որոշ վերլուծաբանների կարծիքով` դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հայաստանը սպառնացել է Ադրբեջանին:

Բաքվի ռազմատենչ հայտարարությանն ի պատասխան, Հայաստանը սպառնացել է հարվածել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքներին: Սակայն հայկական կողմի սպառնալիքներից զատ, առկա է նաև քրդերի գործոնը, քանի որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել մաս կազմել հակաիրանական կոալիցիային: Եվ ահա քրդերն ու իրանցիները սպառնացել են պայթեցնել էներգատար խողովակները: Վերջին օրերին կտրուկ վատթարացել են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Գիտենք, որ Ռուսաստանն ակնհայտորեն մերժում է Իրանի դեմ նախապատրաստվող ռազմական գործողությունները, մինչդեռ Ալիևն իր համաձայնությունն է տվել միանալ կոալիցիային:

Այժմ Մոսկվայում ստեղծվել է ադրբեջանական սփյուռքի մի նոր կազմակերպություն` մեծահարուստ Վահիդ Ալեքպերովի գլխավորությամբ, որը պաշտպանում է ռուսական դիրքորոշումները և դեմ արտահայտվում հակաիրանական գործողություններին: Սա նույնպես անհանգստացրել է Ալիևին, քանզի չի բացառվում, որ Ալեքպերովը կարող է դառնալ «ռուսական նախագիծ» և կրկնել Ադրբեջանում այն իրավիճակը, ինչը հաստատվեց Վրաստանում Իվանիշվիլու ղեկավարությամբ: Ադրբեջանում սեփական դիրքերն ամրապնդելու և իշխանափոխություն իրականացնելու նպատակով Կրեմլը մտադիր է օգտագործել լեզգիական գործոնն ու իշխող վարչախմբի դեմ հանել էթնիկ լեզգիներին, ովքեր այստեղ գտնվում են չափազանց ծանր պայմաններում:

Ադրբեջանում լավ են հասկանում, որ լեզգիական հուզումները կարող են իշխանափոխության իրական նախադրյալները ստեղծել, ոտքի հանել նաև բոլոր նրանց, ովքեր գտնվում են սոցիալապես ճնշված պայմաններում: Ադրբեջանում արդեն սկսել են մշակել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման ծրագրեր: Ինչպես գիտենք` երկրները սառեցնում են Գաբալայի ՌԿ-ի վարձակալության մասին բանակցությունները: