Հանրային մահապատիժ


 

Պատերազմը վայրի կրքեր է բորբոքում, արյան ծարավիներին մղում հագուրդ տալ դաժան բնազդներին: Օրեր առաջ, երբ խոսակցություններ ծավալվեցին իսրայելյան պատերազմում հնարավոր հաշտության մասին, ոմանք շտապեցին հանգիստ շունչ քաշել: Ակներևաբար դա դուր չէր եկել պատերազմող կողմերի կռվասեր զանգվածներին: Եվ Գազայում վայրագ հաշվեհարդար է կազմակերպվել` ենթադրյալ կամ երևակայական 6 «իսրայելցի լրտեսների» նկատմամբ: «Համաս»-ի դիմակավորված գրոհայիններն իրենց պատանդներին գետնաքարշ տարել են փողոցներով և գնդակահարել: Չբավարարվելով այդքանով, նրանցից մեկի մարմինը կապել են մոտոցիկլին ու բերանքսիվայր քարշ տվել: Թամաշայի ելած ամբոխը, սաստելու փոխարեն ինքնաբավ գոչել է` «Լրտե´ս: Լրտե´ս»:

Երկու օր առաջ տեղի ունեցած հանրային այս «մահապատժի» ականատես բազմությունը նույն պահին անարգել է խոշտանգված մյուս 5 դիակները (գրել է NEWSru IsrΖel-ը): Հաշվեհարդարի պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ-ի «Իզադդին ալ-Կասամայի բրիգադ» ստորաբաժանումը:

«Ալ Արաբիա»-ի տվյալներով` սպանվածները կասկածվել են «Համաս»-ի գրոհայինների և հրթիռային սարքերի տեղակայման մասին իսրայելցիներին տեղեկացնելու մեջ: Սակայն այդ կասկածը հիմնավորող որևէ փաստարկ Գազայում չի ներկայացվել:

Մահապատիժն իրագործվել է Իսրայելի կողմից Գազայում իրականացվող հակաահաբեկչական «Երկնային աշտարակ» գործողության յոթներորդ օրը: Համանման հաշվեհարդարներ պաղեստինցիները նախկինում ևս կատարել են: 2008-2009 թթ. իրավապահներն իսլամիստներին նույնպես մեղադրում էին Իսրայելի հետ համագործակցելու մեջ: