ԻՐ ԵՐԳԻ ՀԵՏ` ՄՇՏԱՄՆԱ


 

Պայմանավորվել էինք, որ մեր թերթին տված հարցազրույցը պիտի ներկայացնեի տարեմուտի տոնական համարում: Կարդացել էր հարցազրույցի տեքստը, մի քանի շտկումներ արել… Հիմա գրոտած էջերը սեղանիս են, նայում եմ ու չեմ ուզում հասկանալ, չեմ ուզում հավատալ… Բոթը ցնցող էր, սիրտ ու հոգի սղոցող… Բոթը պարտադրեց զգալ կորստի մեծ ցավն ու մրմուռը… Ֆլորա Մարտիրոսյանի մահը մեր վերջին տարիների մեծ մահերից մեկն է, որը դառնում է սուր ու ցավեցնող հարված բոլորիս սրտերին: Դեռ օրեր առաջ երկարատև հեռախոսազրույցի ժամանակ իր ծրագրերից էր խոսում, առաջարկում էր անդրադարձ կատարել իր ստեղծագործությանը, գրել իր մասին` նաև հուշելով այն նոր հանգրվանները, որոնցում ինքզինքը նորովի պիտի հաստատեր… Հիմա այդ խոսակցությունն արդեն թանկ ու նվիրական հուշ է, երգչուհու վերջին զգացողությունների ու ցանկությունների ընդհատված էջ… Ո՞վ կպատկերացներ, որ այսքան վաղ ու վաղաժամ պիտի հեռանար ազգային երգի նվիրյալներից մեկը` տաղանդավոր երգչուհին, ով տասնամյակներ շարունակ ապրեցրեց մեր երգը, շունչ ու ոգի տվեց մոռացության մեջ պարփակված մի շարք ստեղծագործությունների, նոր կյանք տվեց Դանիել Ղազարյանի երգերին` ազգային ռոմանսն ու բալլադը հասցնելով կատարման մի նոր աստիճանիΚ

Ժամանակներ առաջ մենք շնորհավորեցինք Ֆլորա Մարտիրոսյանին` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման արժանանալու համար: Թեև մինչ այդ չէր ստացել վաստակավոր արտիստի կոչում, ինչն էլ որոշակի նեղսրտվածություն առաջացրեց: Սակայն հասկացանք, որ նման արվեստագետների համար պատվավոր կոչումներն ընդամենը պաշտոնական արձանագրություններ են: Ժողովրդի բարձր գնահատականին Ֆլորա Մարտիրոսյանն արժանացել էր տակավին առաջին բեմելից հետո` իր սիրելի Լենինական-Գյումրիում, ուր սովորելով Քրիստափոր Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, ընդգրկվել էր նաև նշանավոր Աղասի Շաբոյանի գլխավորած երգի-պարի անսամբլ: Հատուկ Ֆլորայի համար այստեղ մշակումներ էին արվում, հատուկ նրա համար անսամբլի պարային կատարումների կողքին տեղ էր տրվում երգին, որովհետև հոգուց բխող երգն աղոթքի ու մրմունջի էր նման և միանգամից գրավում էր ունկնդրին, նրան «պարտադրում» ապրել, հուզվել, երկխոսություն վարել սրտի հետ: Մի քանի տարի Աղասի Շաբոյանի հետ աշխատելուց հետո` տաղանդավոր երգչուհին հրավիրվեց նորաստեղծ ժողովրդական նվագարանների պետական նվագախումբ, որի առաջատար մենակատարուհին դարձավ: «Լանջեր մարջան», «Դլե յաման» երգերը կարծես ստեղծված էին միայն ու միայն Ֆլորա Մարտիրոսյանի համար, քանզի դրանք սոսկական կատարումներ չէին: Ֆլորա Մարտիրոսյանը ոչ թե երգում, այլ աղոթում էր, ապրում երգը, ունկնդրին պարզում իր մենախոսությունը` ամփոփված մեղեդու մեջ: Այն մեղեդու, որը դուդուկի հնչողությունն ունի, որը հյուսվում է սրտի «նոտաներից»… 1978-ին երգչուհին առաջին անգամ հանդես եկավ ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում` ընդգրկված լինելով «Արարատյան հովտի մեղեդիները» համերգային ծրագրում: Համերգն ինքն էր սկսում` ունկնդիրներին տանելով ազգային երգի ոլորտները: Այդ նույն օրերին Մոսկվայում հանդես էր գալիս հռչակավոր «Բոնի ԷՄ» նվագերգական համույթը: Շատերը գալիս էին Ֆլորային ունկնդրելու, ապա գնալու աշխարհահռչակ համույթի համերգին: Ռուսական երգի մեծագույն վարպետները` Լյուդմիլա Զիկինան, Իոսիֆ Կոբզոնը, Օլգա Վորոնեցը հիացած էին Ֆլորայով, նրան համարում էին անսպասելի հրաշք, ով եկավ ու փոխեց պատկերացումները երգեցողության մասին… Նույն` 1978 թվականին, Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր դարձավ. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետև Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրում: Ամենուրեք զարմացրել ու հիացրել է, ամենուրեք հայ երգի շերտերն է պեղել` այսպես աշխարհին ցույց տալով մեր երգի հմայքն ու առեղծվածը:

Տասնամյակներ շարունակ մեզ ուղեկցեց Ֆլորա Մարտիրոսյանի երգը, տասնամյակներ շարունակ նա կատարեց այնպիսի ստեղծագործություններ, որոնք համահունչ էին նրա ձայնածավալին, երգի մասին ունեցած նրա պատկերացումներին: Ու հիմա այդ երգի մեղեդիները գլոր-գլոր գնում են ցավի ու վշտի ոլորաններով` պարտադրելով լռել, ոչինչ չասել, միայն զսպել մեր հոգիներում ուռճացող փղձուկը: Բայց երգը չի մեռնում, երգը չի մոռացվում… Ֆլորա Մարտիրոսյանի երգը միշտ մեզ հետ կլինի…