Ամենակեղտոտ հատվածն օդանավում


 

Կարծում եք` միայն զուգարա՞նն է հիվանդահարույց մանրէներով «հագեցած»: Նույնքան աղտոտված է նաև ուղևորների սրահը: Այս եզրահանգումն են արձանագրել ամերիկացի մանրէաբանները` CBS11 հեռուստակայանի խնդրանքով կատարած հետազոտությունների արդյունքում:

Մասնագետները շուրջ 300 մանրէ են հայտնաբերել` բազկաթոռին նստած ուղևորին շրջապատող 10 մակերեսներից փորձանմուշ վերցնելով: Այդ մանրէների մեջ քիչ չեն եղել և վտանգավոր հիվանդությունների հարուցիչները:

Դատական փորձաքննության լաբորատորիայի մանրէաբան Կարեն Դայսի հավաստմամբ` ախտածին միկրոբներով «հարուստ» են հատկապես դեպի ուղևորասրահ տանող դուռը, ծալովի սեղանները: Հայտնաբերված բացիլների շարքում են թոքաբորբի, ուռոլոգիական հիվանդությունների, ուղեղապատակի բորբոքումի (մենինգիտ), նեխավարակման (սեպսիս), աղիքային սուր վարակների հարուցիչներ:

Առավել կեղտոտ են բազկաթոռների ետնամասերին ամրացված գրպանները, որոնց մեջ ուղևորներն ամեն տեսակի աղբ են խցկում:

Գիտնականները խորհուրդ են տալիս ոչ թե խուճապի մատնվել, այլ ավելի զգոն լինել` թռիչքների ընթացքում. խստորեն պահպանել հիգիենայի կանոնները` ձեռքերը հաճախակի մաքրել հատուկ անձեռոցիկներով, ձեռք չտալ նստարանների գրպաններում մնացած իրերին (թերթեր, ամսագրեր) և անպայման լավ սրբել ծալովի սեղանը` դրա վրա ուտելիք դնելուց առաջ: